Վարչապետն իր քայլով կանաչ լույս է վառել

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Սուսաննա Տոնոյանն աշխատանքից ազատվել էր՝ գտնվելով ֆիզարձակուրդի մեջ։Այդ մասին նա գրել էր ֆեյսբուքում.«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ. ուզում եմ տեղեկացնել որ ես այլևս կառավարությունում չեմ աշխատում։ Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ համագործակցության, իմ կողքին լինելու և ինձ հասկանալու համար։ Շնորհակալ եմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս աշխատանքն ինձ առաջարկելու և վստահելու համար։ Ներկայումս զբաղված եմ աշխարհի ամենահաճելի և ամենակարևոր աշխատանքով` մեծացնում եմ իմ ապագա զինվորներին։ Զույգ ձագերս իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն են»։

Համաձայան պաշտոնական վարկածի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Սուսաննա Ազատի Տոնոյանի հետ  կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  2012 թվականի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը

2017 թվականի նոյեմբերի 9-ից լուծվել է: Իրավական տեսանկյունից օրենքի խախտում կարծես թե չկա, քանի որ Կարեն Կարապետյանն առաջնորդվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Խնդիրն այն է, որ Սուսաննա Տոնոյանը եղել է ժամանակավոր պաշտոնակատար և չի մասնակցել քաղծառայողի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Ազատումը իրավական տեսանկյունից խոցելի այնքանով, որ ավելի քան 4 տարի նույն պաշտոնում աշխատելով հանդերձ Տոնոյանը մնացել է պաշտոնակատար, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է: Ի՞նչ ասել է չորս տարվա պաշտոնակատար: Տոնոյանն աշխատել է ՀՀ 3 վարչապետերի հետ, նա կառավարություն է հրավիրվել Տիգրան Սարգսյանի օրոք: Այստեղ, իհարկե, հանուն արդարության պետք է արձանագրել որ նրա հետ մեղմ ասած տգեղ են վարվել բոլոր երեք վարչապետերը՝ այդ ողջ ընթացքում այդպես էլ չհայտարարելով թափուր տեղի մրցույթ: Իրավական տեսանկյունից քաղծառայության համակարգում թափուր տեղ առաջանալու դեպքում քաղծառայության խորհուրդը 6 ամսվա ընթացքում հայտարարում է մրցութ, ինչն այս դեպքում չի արվել: Թե ինչու չի արվել, թերևս հասկանալի է: Բայց օրենքը որևէ հետևանք կամ հստակ պարտավորություն, այն դեպքերի համար, երբ 6 ամիսը լրանալուց հետո  թափուր տեղի համալրման մրցույթ չի հայտարրաում, չի նախատեսում: Տվյալ պարագայում օրենքը սահմանում է, որ ժամանակավոր պայմանագիրը գործում է այնքան ժամանակ, մինչև որ կհայտարարվի  մրցույթ և կորոշվի հաղթողը: Սուսանա Տոնոյանը, իհարկե, կարող էր հայտարարված մրցույթին մասնակցել, բայց նա նման քայլի չի գնացել՝ հավանաբար դրա համար ունենալով իր պատճառները, գուցե նաև շատ լավ իմանալով պաշտոնների նշանակման ներքին խոհանոցը: Բայց խնդիրն այստեղ այլ է՝ Տոնոյանը գտնվել է ֆիզարձակուրդում և տվայլ պարագայում նրա՝ այս կերպ ազատումը պետության և կառավարության կոնկրետ վերաբերմունքն է կնոջ և երկվորյակ երեխաների մոր նկատմամբ: Վարչապետն իր քայլով կանաչ լույս է վառել բոլոր գործատուների առջև՝ ազատելու իրենց մոտ աշխատող ֆիզարձակուրդում գտնվող կանանց, աշխատանքի չընդունելու հղի կանանց և մանկահասակ երեխաների մայրերին: Վարչապետն, իհարկե, իրավունք ուներ ընտրելու  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նոր պետի՝ հաշվի առնելով, որ նոր թիմ է ձևավորվում, իսկ դա առանցքային  պաշտոն է: Բայց պետությունն ու վարչապետը, ուզենք թե չուզենք, կյանքի և գործելաոճի չափանիշ են սահմանում և այդպիսով նաև ձևավորում աշխատանքային մշակույթ և միջավալր: Այդ տեսանկյունից վարչապետը կարող էր, թերևս նաև պարտավոր էր համարժեք կամ ընդունելի այլ աշխատանք առաջարկել Սուսաննա Տոնոյանին՝ այն պարզ պատճառով, որ նա 4 տարի շարունակ աշխատել, հետևաբար նաև ծառայել էր կառավարությանն ու վարչապետերին: Իսկ աշխատանքը պետք է գնահատվի:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Վարչապետն իր քայլով կանաչ լույս է վառել”

Մեկնաբանել