Դադեշցիներն ազատել են ճանապարհը հանդիպման սպասումով

Nov 07, 2017 Comments Off on Դադեշցիներն ազատել են ճանապարհը հանդիպման սպասումով

Կարծախ-Ախալքալաք ճանապարհը փակած դադեշցիները հեռացել են, նրանք վաղն Ախալքալաքում կհանդիպեն Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:

Դադեշ գյուղի բնակիչը jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ճանապարհին հավաքված մարդիկ տուն են գնացել, քանի որ խոստացել են, որ վաղը նրանք կհանդիպեն նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև խոստացել են, որ կովերին անպայման կգտնեն:

«Ոստիկանության պետը մեզ մոտ եկավ, ասաց, որ կովերը անպայման կգտնվեն: Ախալցխայի ղեկավարի հետ միասին նրանք գնացել են գողացված անասունների հետքերով: Մենք դեռ ոչինչ չենք անում, վաղը մենք հանդիպելու ենք ՆԳՆ ներկայացուցիչների հետ», – ասաց Դադեշի բնակիչը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները ժամը 12:00-ից որոշեցին փակել Թուրքիա-Ախալքալաք երթուղին, պահանջելով գիշերը գողացված անասուններին գտնել, և որ համապատասխան կառույցները թույլ չտան նման դեպքերի կրկնությունը:

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի մոտ 40 բնակիչներ փակել են Կարծախ-Ախալքալաք մայրուղին, այդպիսով պահանջելով համապատասխան կառույցներից գտնելու և վերադարձնելու այս գիշերվա ընթացքում գողացված իրենց կովերն ու այլ գույքը:

Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշի երկու գյուղացիների գոմերից գողացվել է 21 կով, 1 ձի, 1 շուն և մի այլ բնակչի ավտոտնակից սարքավորումներ: Առավոտյան բնակիչները գնացել են գողացված անասունների հետքերով ու հասել Թուրքիայի սահման: Չեզոք տարածքում և փշալարի մոտ սահմանապահներից 50 մետր հեռավորության վրա նրանք գտել 1 կով և 5 հորթ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: