Տարոն Մարգարյանի «հաղթանակը» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Nov 04, 2017 Comments Off on Տարոն Մարգարյանի «հաղթանակը» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Հաջորդ տարվա բյուջեի քննարկումներն այսօր Տարածքային կառավարման եւ բնապահմանության հարցերի մշտական հանձնաժողովում անցավ ուշագրավ մթնոլորտում։ Ընդդիմությունը այնքան պասիվ էր, գրեթե բացակայում էին ընդդիմադիր պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու ԲՀԿ-ականների, որ գրեթե հարցեր չհնչեցին քննարկման ներկա բոլոր մարզպետներին։ Սակայն ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը այդուհանդերձ հնչեցրեց վերջին օրերին շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունը անցնելու է մարզերի խոշորացման ծրագրին, վերացնելու է մարզպետների ինստիտուտը, որոնց գոյությունն ու գործունեությունը ֆեոդալական համայնակարգերն են հիշեցնում։ Իրականում նշանակովի պաշտոնյաները գործող իրականությունում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերի հետ փոխհարաբերությունների ժամանակ զրկված են որոշումներ կայացնելու իրավունքից, ինչով էլ բացատրվում է նրանց ինստիտուտը վերացնելու մտադրությունը։«Մարզպետարաններ պետք է ունենանք»,- ի պատասխան Մելքումյանի հնչեցրած հարցի հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նախարարը նկատեց` ՀՀ-ում ցանկացած խնդրի համար մարզպետին են հանձնարարություն տալիս ու իրենցից պահանջում, բայց իրավունքները քիչ են: Ուսումնասիրել են աշխարհի փորձը եւ կառավարություն է մտել հայեցակարգ, թե ինչպիսի՞ն պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում:

Ըստ այդմ մարզպետարաններին հայեցակարգով տալու են տնտեսական զարգացման պարտավորություններն ամբողջությամբ, ունենալու են հիմնադրամ, որի մեջ լինելու է զարգացման վարչությունը՝ ՓՄՁ-ի մարզային կառույցները, որոնք կենթարկվեն ուղղակի մարզպետներին: Այլ լիազորություններ, որոնք այսօր ունեն մարզպետարանները`կրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, պահպանվում են: Իսկ նպաստների հարցը կտեղափոխեն խոշորացված համայնքներ: Ներհամայնքային ճանապարհները եւս կտրվեն խոշորացված համայնքներին: Ի դեպ, կրթական համակարգում, շենքերի պահպանման հարցը նույնպես կլինի համայնքի ղեկավարների լիազորությունը: Մարզպետին կից ստեղծվելու են մարզի խորհուրդներ, որի մեջ մտնում են խոշորացված համայնքների ղեկավարները: Հայեցակարգը դեռ քննարկման փուլում է: Քննարկման համար զբաղեցրած ժամանակի կեսից ավելին «լցրեց» Դավիթ Լոքյանը, ավարտելով ելույթը նա խորը շունչ քաշեց եւ հույս հայտնեց, որ մարզպետներին կամ ինչպես ինքն ասաց՝« էս մարդկանց» շատ չեն քննի։ Այդպես էլ եղավ։ Մարզպետները հաշվված րոպեների ընթացքում ելույթներ ունեցան ու առանց հարց ու պատասխանի զբաղեցրեցին իրենց տեղը բարձր տրամադրությամբ, քանի որ չկար գեթ մեկ պատգամավոր, որը իրենց հարց կտար, «կփչացներ» մարզպետների տոնը։

Դավիթ Լոքյանից հետո Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մոտեցավ խոսափողին ու ներկայացրեց եկող տարվա բյուջեով նախատեսված ծրագրերը: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ավանդաբար մասնակցում էր տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստին, որպեսզի հարցներ`իսկ ինչո՞ւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի հարգում պատգամավորներին եւ չի ներկայանում բյուջետային քննարկումներին, ապա այս անգամ նույնիսկ այդ հարցը չհնչեց, քանի որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ որեւէ պատգամավոր Ելք-ից ներկա չէր։ Սա խոսուն օրինակ է իշխանություն-ընդդիմություն պայքարում, որպես կանոն ընդդիմադիրները չեն սիրում հետեւողական պայքար եւ տարբեր հանգամանքներում եւ պատճառներով հանձնվում են ճանապարհի կեսից։ Հիմա ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ է հոգնել Տարոն Մարգարյանի՝ ԱԺ-ում փնտրելու մշտնջենական պայքարից։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: