Ինչ նոր սադրանք է նախապատրաստում Բաքուն Արցախում

Nov 05, 2017 Comments Off on Ինչ նոր սադրանք է նախապատրաստում Բաքուն Արցախում

Նոյեմբերի կեսերին տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով՝ հանդիպման վայրը դեռ հայտնի չէ, սակայն որոշվել է, որ առանձին հանդիպումներ տեղի կունենան արտգործնախարարներից յուրաքանչյուրի հետ: «Բնականաբար, անհրաժեշտ է ակտիվացնել դրանք առաջին հերթին արտգործնախարարների մակարդակով: Ուստի համանախագահները կապվել են մեր և հայկական կողմի հետ, և մենք նշել են հանդիպման նախնական ժամկետները: Հանդիպման հստակ օրը և վայրը կորոշվեն առաջիկայում»,- ասել է Մամեդյարովը:

Երեկ, սակայն, պաշտոնական Երևանը չհաստատեց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին տեղեկությունը, որը հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ ո՛չ հանդիպման մասին, ո՛չ արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ երկու արտգործնախարարների միջև հանդիպման վերաբերյալ որևէ վերջնական պայմանավորվածություն չկա: «Եթե հանդիպման, դրա ձևերի, ժամկետների և վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք», ասել է Տիգրան Բալայանը:

Այն, որ արտգործնախարարները պետք է հանդիպեին՝ դա պարզ էր Ժնևի հանդիպումից անմիջապես հետո: Ժնևի հանդիպումից հետո համանախագահներն իրենց տարածած հայտարարությունում հայտնեցին, որ առաջիկայում պետք է կազմակերպվի արտգործնախարարների հանդիպում: Այնպես որ, այս առումով. Մամեդյարովի հայտնած «լուրն», ընդհանուր առմամբ՝ նորություն չէ:

Առավել հետաքրքրական է, թե ինչու է Բաքուն «շտապում»՝ խոսելով հանդիպման մասին: Թերևս, Բաքուն ձգտում է ցույց տալ, թե այնքան ոգևորված է Ժնևի հանդիպումից և դրա արդյունքներից, որ անհամբերությամբ սպասում են արտգործնախարարների հանդիպմանը:

Հետևաբար, շտապող Ադրբեջանը թվացյալ բավարարվածության ֆոն է փորձում ստեղծել՝ բանակցային ներկայիս գործընթացի շուրջ: Սակայն իրականում, այս պահվածքն, ավելի շուտ նման է սահմաններում նոր սադրանքներ հրահրելու մարտավարական էժան հնարքի, որը բանեցնում են բոլորովին այլ նպատակներով:

Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանն, անմիջապես հերքեց տեղեկությունը, և, ըստ էության, պաշտոնական Բաքվի «հույժ կարևոր» տեղեկությունը՝ մոտալուտ հանդիպման մասին հօդս ցնդեց:

Մնում է սպասել, թե Բաքուն ինչ նոր սադրանք է նախապատրաստում Արցախում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: