Աշխատողնրի կրճատում՝գումար տնտեսելու համա՞ր

Oct 30, 2017 Comments Off on Աշխատողնրի կրճատում՝գումար տնտեսելու համա՞ր

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ 2018թ. պետական բյուջեն փորձել են նախագծել մեկ ընդհանուր կանոնով՝ հարկաբյուջետային քաղաքականությամբ կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ:

«2017 թվականի վերջին ՀՀ տնտեսական աճը կտատանվի 4-4.3 տոկոսի միջակայքում:2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4.3 տոկոս ունենալ:2017 թվականին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես, մանրածախ և մեծածախ գնումներն ու հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները», – նշեց նախարարը։

«Տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս», – նշեց Արամյանը։

Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա նախարարն ընդգծեց, որ գալիք տարի նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել։

Արամյանն ընդգծեց, որ 2018-ի բյուջեով Հայաստանի պարտքը հնարավոր կլինի 1 տոկոսով նվազեցնել։

Նախարարը տեղեկացրեց, որ 2017թ. հունվար-սեպտեմբերի ամիսներին եղել է հարկերի հավաքագրման 8,8 տոկոս աճ, իսկ մինչեւ տարեվերջ ակնկալում են ունենալ մինչեւ 10 տոկոսանոց աճ. «Այս տարի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 0,6 տոկոս, 2018թ. ակնկալում ենք այս ցուցանիշը բարելավել լրացուցիչ 0,4 տոկոսային կետով: Սա բալանսավորված ցուցանիշ է»:
Այս տարի պետական բյուջեից աշխատավարձ ստանում է 144 հազար մարդ եւ աշխատավարձային ֆոնդը կազմում է 246 մլրդ դրամ՝ առանց ուժային նախարարությունների. «2018թ. 5,5 հազար մարդով պակասելու է եւ, հետեւաբար, աշխատավարձային ֆոնդը կնվազի 3 մլրդ դրամով: Կառավարությունը փորձում է այսպիսով վերաիմաստավորել ծախսերը: Հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ոչ թե մարդ ենք փորձում կրճատել՝ կրճատելը շատ վատ գործիք է, վատ մոտեցում է, այլ պետք է ասել՝ դուրս գալ ֆունկցիոնալությունից: Այս տարի 770 մարդ կառավարման ապարատում կրճատվել է, սակայն ծախսերն ավելացել են, որոնց մի մասը գնում է աշխատավարձեր բնականոն աճին, մյուս մասը՝ դեսպանատների՝ փոխարժեքների տատանման արդյունքում աշխատավարձերի աճին, մյուս մասն էլ՝ ՊԵԿ-ի ռեֆորմներն են. որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնես, պետք է ադեկվատ վճարումներ անես տեսուչներին»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: