«Աղքատության ցուցանիշն արձանագրում է կատաստրոֆիկ իրավիճակ»

Oct 27, 2017 Comments Off on «Աղքատության ցուցանիշն արձանագրում է կատաստրոֆիկ իրավիճակ»

Հազարամյակներ շարունակ հայ ազգն ապրել և արարել` ստեղծել է իր ուրույն քաղաքակրթությունը սեփական հայրենիքում, որի համար կարևոր պայման է հանդիսացել նրա ազգային քաղաքական անկախությունը: Ազգային քաղաքական անկախության երկու կարևոր բաղադրիչները` ազգի մանդատը պետականության նկատմամբ և այդ պետականությունում ազգային  քաղաքականություն իրականացնելը դարեր շարունակ հայ ազգի համար մնացել են անհասանելի:

Քաղաքական անկախության կորստից հետո հայ ազգը դարերի ընթացքում կորցրել է իր ստեղծած քաղաքակրթության զգալի մասը, միլիոնավոր մարդկանց և  հայրենիքի հիմնական տարածքները: Ազգային քաղաքական անկախության երկարատև կորուստը բացասաբար է ազդել նաև հայ ազգի քաղաքական գիտակցության վրա՝ նրան զրկելով քաղաքական ազգին բնորոշ պայքարի տենչից` հանուն քաղաքացիական և քաղաքական իրավունքների:

Արդի ժամանակաշրջան հայ ազգը մուտք է գործել հայկական պետականության 42 հազար քառակուսի կմ տարածքով, ոչ լիարժեք քաղաքական անկախությամբ և ոչ բավարար քաղաքացիական ու քաղաքական իրավունքներով:

Ժամանակակից հայ ազգը, որը ձեռք է բերել անդրսահմանային ազգի կարգավիճակ (ազգի շուրջ 10 տոկոսն է ապրում հայկական պետականության ներքո), ազգային ինքնությունը պահպանելու, երջանիկ և ապահով ապրելու համար կարիք ունի ներկայացնել քաղաքական հայտ` հայկական պետականության քաղաքական մարմինների ձևավորման և քաղաքական որոշումների կայացման համար` քաղաքական իրավունքների վերականգնում: Հայ ազգի արմատական շահերից է բխում մասնակցությունն իր ազգային պետության քաղաքական կյանքին: Առանց ողջ ազգի քաղաքական մասնակցության, հնարավոր չէ լիարժեք վերականգնել ազգային պետականությունը, այն զարգացնել և հզորացնել, օգտվել նրա ընձեռած հնարավորություններից:

Ժամանակակից հայկական պետականությունում հայ ազգը՝ զրկված լինելով  քաղաքական մատդատից, բախվել է լրջագույն աղետի: Քաղաքական մանդատը հայտնվելով  բոլշեվիզմից և ապազգայնությունից սերված դրամամոլների ձեռքում՝ հայկական պետականությունը տանում է գահավիժման:

Հայ ազգի քաղաքական մանդատ կրողները կուտակել են ահռելի քանակի պետական պարտք (2017-ի արդյունքներով այն կազմում է 6 մլրդ 277 մլն դոլար` ՀՆԱ-ի  շուրջ  60 տոկոսը): Հայկական պետականության պարտքը հատել է վարկային ռիսկի մեծության չափը: Սա ահազանգ է, որ 2020 թվականին հայկական պետականությանը սպասում է դեֆոլտ: Հայկական պետականության քաղաքական մանդատ կրողները 2020 թվականին պետք է վճարեն շուրջ 1 միլիարդ դոլար վարկային տոկոսներ: Դա նշանակում է, որ 2020 թվականին վարկառուի` հայկական պետականության քաղաքական մանդատը կրողների կողմից  վարկի հիմնական գումարի և տոկոսադրույքների պարբերական վճարումների չկատարում։

Բռնակալական համակարգի  և տնտեսական մենաշնորհների առկայության պատճառով հայակական պետականությունից արտագաղթել է շուրջ 1,5 միլիոն մարդ: Հայաստանում դեմոգրաֆիական կատաստրոֆիկ իրավիճակ է: Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Համաձայն ՄԱԿ-ի սահմանման՝ ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որտեղ ընդհանուր բնակչության 65 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7%-ը: Հայաստանում այդ ցուցանիշը մոտեցել է 11%-ի:

Հայաստանում աղքատության ցուցանիշը նույնպես արձանագրում է կատաստրոֆիկ իրավիճակ: Աշխատավարձից և դրամական փոխանցումներից եկամուտների նվազման հետևանքով աղքատության ցուցանիշը չափազանց բարձր է. օրական 5 դոլար սպառում ունեցող մարդկանց թիվը կազմում է 70 տոկոսից բարձր:

Ներկայիս հայկական պետականությունում  միջակությունները` բռնության, հանրային անտարբերության, համատարած աղքատության պայմաններում շարունակում են իրենց ձեռքում պահել քաղաքական մենաշնորհը և իրականացնել ապազգային, բռնակալական և գավառական քաղաքականություն: Նման իրավիճակի պահպանումը լուրջ սպառնալիք է հայկական պետականության և հայ ազգի անվտանգության համար, որը հնարավոր է հանգեցնի անդառնալի կորուստների:

Իրավիճակը փոխելու համար հարկ է անդրսահմանային և հայկական պետականության ներքո ապրող հայ ազգի երկու հատվածներին տրամադրել հավասար քաղաքական իրավունքներ և մեկտեղել նրանց քաղաքական օրակարգը` տրամադրել  քաղաքական մանդատ հայկական պետականությունում: Նրանք պետք է սկսեն գործել իբրև մեկ կենդանի քաղաքական մարմին:

Անհրաժեշտություն է առաջացել հայ ազգի առավել ուժեղ և բյուրեղյա մաքրությամբ օժտված հատվածից ձևավորել նոր քաղաքական ընտրանի, որի կարևոր և առաջնահերթ գարծառույթը պետք է լինի հայկական ներկայիս պետականությունում առկա քաղաքական մենաշնորհի վերացումը (ազգային քաղաքականության ազատականացում)`  հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնում, հայկական պետականության գործառույթներից երևանյան գավառապետության վերնախավի հեռացում (բացարձակ վերացում) և բոլորի համար հավասար պայմաններում նոր հանրային իշխանությունների ձևավորում` նոր իրական Հայկական Հանրապետության հիմնադրում:

 

«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: