Զինված ուժերի նոր կարգավիճակը  դժոխքի ու դրախտի արանքում

Oct 26, 2017 Comments Off on Զինված ուժերի նոր կարգավիճակը  դժոխքի ու դրախտի արանքում

Հայաստանում ամիսներ հետո կառավարման պառլամենտական համակարգը կգործի եւ այդ նպատակով  օրենսդրական  դաշտն է համապատասխանեցվում:
«Պաշտպանության մասին» օրինագիծը դրանց շարքում է: Սույն նախագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորություններն, ըստ որոնց, պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Այս օրենքի ընդունման արդյունքում, ըստ ամենայնի, ՀՀ-ում չի լինելու Զինված ուժերի գլխավոր շտաբ, այլ լինելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի աշխատակազմ:  Ըստ նախագծի՝ զորակոչի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու է Պաշտպանության նախարարությունը. ներկայիս համակարգով դա իրականացնում է Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  ըստ էության, Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է լինի զինված ուժերի ուղեղային կենտրոնը, ավագանին: Հետևաբար, հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ այն կառույցը, որն այսօր ունենք, չի կարող լինել ավագանի: Ըստ Փաշինյանի՝ շատ պարզ պատճառով, որովհետև, ըստ էության, այսօրվա Զինված ուժերի գլխավոր շտաբը գտնվում է շտաբի պետի աշխատակազմի կարգավիճակում:
«Մենք կարծում ենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է լինի ոչ թե շտաբի պետ ու աշխատակազմ, այլ պետք է լինի շտաբի պետ, Գլխավոր շտաբ և նրա ներքո միայն աշխատակազմ: Եվ ահա, այս Գլխավոր շտաբի նշանակման պրոցեսում է, որ մենք պետք է դնենք մեխանիզմներ զինված ուժերի քաղաքական չեզոքությունն ապահովելու համար: Նկատի ունեմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը կամ շտաբի մի մասը, այդ գեներալները, ովքեր պետք է կատարեն զինված ուժերի ավագանու դեր, պետք է նշանակվեն խորհրդարանի կողմից, որովհետև դա է միակ գործուն մեխանիզմը, որ այդ գեներալները լինեն նաև փոքրամասնության քաղաքական վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի կարծիքով՝  խորհրդարանն այդ մարդկանց նկատմամբ վերադասություն պետք է ունենա, նրանց հարցեր տալու իրավասություն: Գլխավոր շտաբում էլ պետք է նշանակումներ կատարվեն ռոտացիոն սկզբունքով, որպեսզի այս խորհրդարանը չկարողանա ամբողջովին փոխել նախորդ գումարման խորհրդարանի նշանակած անձանց:

«Հիմա, եթե դուք ասեք, որ քաղաքականապես ընդունելի է այս առաջարկը, իմաստ կունենա գրենք այդ առաջարկը: Բայց եթե ասեք՝ այդ ճանապարհը տանելու է դեպի դժոխք, ինչի՞ համար գրենք, դուք ձեզ հո դժոխք չեք տանելու»,- նշեց նա:
Փաշինյանը շեշտեց, որ գլխավոր շտաբի պետերի հասցեին անընդհատ հնչել են մեղադրանքներ, նրանց անունները շոշափվել են կոռուպցիոն սկանդալների մեջ և այստեղ ինստիտուցիոնալ հավասարակշռության շատ լուջ խնդիր կա:

Սակայն Վիգեն Սարգսյանը նրա հետ չհամաձայնեց. «Սահմանադրության մեջ գրված է զինված ուժերի քաղաքական չեզոքության եւ զսպվածության մասին, բայց ունեցել ենք կոնկրետ դեպքեր, երբ զինված ուժերն ամբողջությամբ ներգրավված են եղել քաղաքական պրոցեսների մեջ: Ասում եք՝ ամբողջ դաշտը պետք է բերենք մաքսիմալ օրենքի կարգավորման ոլորտ, բայց ըստ էության, հաշվի առնելով երկրի՝ կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, ըստ էության, նախագահական մոդելի՝ գլխավոր շտաբն ու շտաբի կառուցվածքը թողնում ենք նույն տեղում, այս առումով պրոգրես չունենք: Ձեր առաջարկած մոդելը հետաքրքիր մոդել է, բայց դրա քննարկման փուլը սահմանադրական բարեփոխումների փուլն էր, և Գլխավոր շտաբի նշանակման լիազորությունները ոչ մի կերպ ԱԺ լիազորությունների մեջ մտցված չեն: Նույնիսկ եթե մենք շատ ուզենք դա անել այս օրենքով, չենք կարող անել, և խնդիրն այստեղ ոչ թե դժոխքի կամ դրախտի, այլ սահմանադրական իրավունքի դաշտից է»,- ասաց նախարարը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: