Հերթական միլիոնները՝ Կարեն Կարապետյանի մտահղացմանը

Oct 23, 2017 Comments Off on Հերթական միլիոնները՝ Կարեն Կարապետյանի մտահղացմանը

Կառավարության որոշմամբ բյուջեի պահուստային ֆոնդից 39 մլն դրամ գումար հատկացվեց «Թվային Հայաստան» խոսուն անվանումով հիմնադրամին: Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, ինչպես նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝  «Թվային Հայաստան» հիմնադրամ: Այս կառույցին   պատվիրակվել է միասնական տեսլականի հիման վրա Հայաստանի Հանրապետության թվային օրակարգի մշակման և իրականացման  համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության (Interoperability) մակարդակի բարձրացումը:

Նշվում է,ո ր «Թվային Հայաստան» հիմնադրամի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: (Հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է):

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է 2017թ. Թվային Հայաստան Հիմնադրամի ծախսերի ֆինանսավորման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 39մլն դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա հիմնադրամին տրամադրելու նպատակով»,- նշված որոշման նախագծում:

«Թվային Հայաստան» հիմնադրամը, ինչպես և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը վարչապետ Կարեն Կարապետյանի մտահղացումներից է: Հիմնադրամի ստեղծման որոշումն ընդունվել էր ամռանը՝ օգոստոսի 3-ի կառավարության նիստում: Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Էդուարդ Ներսիսյանը:

Այն ժամանակ հայտարարվեց, որ «Թվային Հայաստան» հիմնադրամի նպատակն է կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձեւավորել միասնական թվայնացված միջավայր: «Չափազանց կարեւոր գործընթաց է, որը պետք է կատարել: Մինչեւ այս հիմնադրամը կայանա՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպերով շարունակում  է աշխատանքը: Հետագայում հստակ կձեւակերպենք հիմնադրամի եւ կենտրոնի համագործակցության բանաձեւերը»,- օգոստոսի 3-ի կառավարությոն նիստում հայտարարել էր  Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնը ստանձելու առաջին իսկ օրվանից Կարեն Կարապետյանը խոսում է կառավարման օպտիմալացման և ապարատի կրճատմնան մասին, որի անհրաժեշտռությունը միանշանակ կա:  Բայց արի ու տես, որ կրճատումներին զուգահեռ՝ Կարեն Կարապետյանի ստեղծում է բյուջեից սնվող առանձին կառույցներ, որոնք, դատելով ներկայացված հիմնավորումներից, կոչված են բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: Տվյալ դեպքում «Թվային Հայաստան» հիմնադրամը միասնական տեղակատվական բազան է կառավարելու՝ նպատակ ունենալով բարձրացնել էլեկտրոնային կառավարման արդյունավետությունը: Դրանից առաջ ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կոչված էր մշակելու տարբեր ոլորտների ռազամավարությունը և զարգացման տեսլականը: Անհասկանալի է դառնում, թե այդ դեպքում ինչով են զբաղվելու պետական կառավարման իսկական մարմինները, օրինակ նախարարությունները:  Ի՞նչ է այս մարմինների ստեղծումից հետո նախարարությունները անգործության են մատնվելու: Կառավարությույնը շատ վաղուց էլեկտրոնային  համակարգ է ներդրել: Կառավարության այսպես կոչված «թվային օրակարգի խնդիրները» կարելի էր լուծել ուղղակի եղածը զարգացնելով, և ոչ թե անընդատ նոր մարմինները ստեղծելով:

Արման Վարդանյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: