Էներգետիկայի նախարարն ակնարկել է Քոչարյանի նախկին արարքը

Oct 23, 2017 Comments Off on Էներգետիկայի նախարարն ակնարկել է Քոչարյանի նախկին արարքը

 

 

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պարզաբանել է, թե ինչու այս պահին Հայաստանը հարևան Իրանից գազն ուղղակի չի գնում: Նախ խնդիրն այն է, որ  Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերային  ծրագիրը, որը, Աշոտ Մանուկյանի հավաստմամբ  չափազանց շահավետ ծրագիր և դրանից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ: Բնականաբար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչն է խանգարում, որպեսզի  Հայաստանը  Իրանի հետ շարունակի բարտերի ծրագիրը, միաժամանակ նաև գազ գնի այդ երկրից՝ ներքին սպառման համար: Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը. պարզվում է  Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի «էլեկտրաէներգիա գազի դիմաց»  ծրագրի գոնե մի մասից:

Բանն այն է, որ 2 տարի հետո շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գիծը, որը հնարավորություն կտա մեծացնել «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը և  ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել դեպի Իրան, հետևապես նաև ավելի մեծ ծավալով գազ ներկրել Իրանից  Հայաստան:

«Այն ծավալը, որը մենք այս գործարքի շրջանակներում կներկրենք Հայաստան, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը: Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներում: Հիմա հարց` մենք ի՞նչ գնով գնենք Իրանի գազը, որպեսզի մեզ համար ձեռնտու լինի: Այսինքն, այն գազը, որ մենք ցանկանում ենք Իրանից գնել` բացի այս գործարքից, դրա դիմաց մենք այս գործարքի շրջանակներում ստացվող գազի ծավալները պիտի նվազեցնենք, մնացած գազը գնենք ուղղակի, իսկ այդ ուղղակի գնվող գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազն է: Սա նույնիսկ տեսականորեն բացառված է», պարզաբանել է Աշոտ Մանուկյանը: Ինչպես ասում են՝ կեղտը դուրս եկավ ջրի երես: Իշխանությունը ուշացումով, բայց ստիպված եղավ խոստովանել. Ժամանակին Հայաստանի նախկին իշխանությունը, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Կրեմլի ճնշմամբ  Իրան-Հայաստան գազի խողովակաշարի ծավալը կրկնակի փոքարցրեց, որպեսզի իրանական գազատարը չդառնա իրական  գազային այլընտրանք: Աշոտ Մանուկյանը փաստացի ակնարկել է հենց այս մասին:

Իհարկե, տեսականորեն հնարավոր է նաև երկրորդ գազատար կառուցել, բայց իրանական  կողմը հազիվ թե նման ցանկություն հայտնի՝ հաշվի առնելով, որ հայկական շուկան փոքր է: Իսկ Հայաստանն է այս պահին  նման ծրագրի իրագործման համար միջոցներ չունի,  բացի այդ նոր խողովակաշարը կբարձրացնի իրանական գազի ինքնարժեքը:

Այսքանով հանդերձ՝ նախարարը հայտնել է, որ ինքը Իրանի գազի և նավթի նախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանից ուղղակի գազ գնել, եթե իրենք համաձայն են ավելի ցածր գին առաջարկել, քան «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագրով Հայաստանը ստանում է:

Աշոտ Մանուկյանը նաև վստահեցրել է, որ Հայաստանը Իրանից ուղղակի գազ կգնի նաև, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Նրա խոսքով` այստեղ պետք է նաև տարբեր գործոններ հաշվի առնել: «Օրինակ, Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում, և մենք պետք է Արարատում գազի այնպիսի ճնշում ապահովենք, որ կարողանանք գազը փոխանցել Վանաձոր և Գյումրի: Իրանական կողմում այսօր կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը: Այսինքն, մենք եթե այդ գազը վերցնենք էլ, չենք կարող այն Վանաձոր և Գյումրի հասցնել: Նաև ջերմատվության խնդիր կա: Միջին ջերմատվությունը, եթե համեմատում ենք, դրանք տարբեր են. ակնհայտորեն ռուսական գազի ջերմատվությունը շատ ավել բարձր է իրանական գազից: Հաշվի առնելով նաև այս գործոնները` մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը  ցածր լինի ռուսական գազի գնից», նշել է նախարարը՝ ըստ էության կատարելով երկրորդ կարևոր բացահայտումը: Փաստորեն, ստացվում է, որ իրանական  գազը չի կարող ՀՀ տարածքում բաշխվել այն խողովակներով, որոնցով այսօր բաշխվում է ռուսական Գազպրոմի գազը: Այդ խողովակները ոչ թե ՀՀ ենթակառուցվածքն են, այլ Գազպրոմի սեփականությունը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: