«Հայաստանում բոլոր տեսակի սպանությունների մեջ ընտանիքում կատարվող սպանությունները կազմում են մոտ 20 տոկոս». հոգեբան

Oct 20, 2017 Comments Off on «Հայաստանում բոլոր տեսակի սպանությունների մեջ ընտանիքում կատարվող սպանությունները կազմում են մոտ 20 տոկոս». հոգեբան

ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօր լրագրողներին ասել է, որ  հոգեբանության մեջ մի քանի թեմաներ կան, որոնք համարվում են զգույշ թեմաներ:

«Մեկը վերաբերում է մարդու ֆինանսներին, իսկ Հայաստանում բոլորը բոլորի մասին այդ առումով շատ տեղեկություններ ունեն։ Մյուսը՝ մարդու սեռական առանձնահատկություններին, ինտիմ կյանքին, երրորդը վերաբերում է բռնությանը»,- նշել է նա՝ տեղեկացնելով, որ ընտանեկան բռնության հետ կապված շատ խնդիրներ մատնվում են անուշադրության:

«Մենք փորձում ենք պահել այնպիսի ավանդույթներ, որոնք 21-րդ դարի որևէ փորձության չեն դիմանում։ Այս առումով, իմ կարծիքով՝ օրենքը մի քայլ է առաջ։ Արտաքուստ թվում է, թե հայկական ընտանիքը բաց է, բայց իրականում այն փակ համակարգ է։ Եվ այս համակարգի մեջ շատ զգուշորեն պետք է թափանցենք, այնտեղ շատ խնդիրներ կան: Իսկ հայկական ընտանիքը, հավատացնում եմ, հույզերի սարսափելի կծիկ է, որտեղ անցյալի, ներկայի բոլոր խնդիրները շաղախված են։ Ժամանակն է, որ այդ կենտրոնաձիգ ուժերին, որոնք պահվում են «ավանդույթ» բառի տակ, որոշակի հակազդումներ անենք։ Այն ձևը, որով մենք պահում ենք ընտանիքը, հնացել է, և պատահական չէ, որ այսօրվա երիտասարդությունը փորձում է ընտանիք կազմելու խնդիրը հետաձգել»,- կարծիք է հայտնել հոգեբանը՝ նշելով, որ Հայաստանում բոլոր տեսակի սպանությունների մեջ ընտանիքում կատարվող սպանությունները կազմում են մոտ 20 տոկոս։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: