Ալիևին 3 օր էր պետք Ժնևը ջրելու համար

Oct 21, 2017 Comments Off on Ալիևին 3 օր էր պետք Ժնևը ջրելու համար

 

 

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Արցախի Պաշտպանական բանակի այս հողորդագրությունից ընդամենը երեք օր առաջ՝  հոկտեմբերի 16-ին  Ժնևում կայացել էր Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը՝ ԵԱՀԿ Միսկի խմբի միջնորդների և համանախագահների ներկայությամբ: Այս հանդիպումից հետո պաշտոնական հաղորդագրություն եղավ Մինսկի խմբի կողմից: Իսկ Սերժ Սարգսյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բառացիորեն հետևյալը.

«Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի»:

Փաստորեն Ալիևին ընդամնեը 3 օր էր պետք Ժնևի պայմանավորվածությունը  ջրելու համար: Թերևս մեծ միամտություն էր պետք  ունենալ՝ հավատալու համար, որ իսկապես լարվածությունը  թուլացնելու  պայմանավորվածությունը Ալիևի կողմից պահվելու է:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որի մասին գրավոր հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների և երկու բանակցող կողմերի անունից ։

Սա, իհարկե, ոչ առաջին, վստահաբար ոչ էլ վերջին դեպքն է, երբ է Ալիևը բանակցային սեղանի մոտ լայնաբերան ժպիտով մի բան է ասում, Բաքու վերադառնլաուց հետո բոլորվին այլ բան անում: Նման պայմաններում հարց է առաջանում, թե ինչի շուրջ ենք մենք ընդհանրապես բանակցում Ալիևի հետ: Եթե մենք բանակցում ենք, իսկ նրանք կրակում՝ կնշանակի մենք կրակելը, հետևապես նաև հերթական զոհը բանակում,  համարում ենք բանակցային բաղադրիչ: Ընդ որում ընդունելի բաղադրիչ, որովհետև կրակոցները շարունակական են և անընդհատ:  Այս վիճակը, գուցե, ձեռնտու է Ադրբեջաինին, որովհետև նրանք միշտ կարկում են՝ և բանակցելուց առաջ, և հետո: Բայց այս վիճակը ձեռնտու չէ մեզ, որովհետև հերթական զինվորի մահը մեզ համար անչափ ծանր կորուստ է: Իսկ կորուստները անհետևանք և անպատասխան թողնել չի կարելի: Զինվորի մահը շատ կոնկրետ փաստ է,  ոչ միայն առաջնագծում համարժեք պատասխանի, այլ նաև հետագա հանդիպման ժամանակ, անկախ նրանից խոսքը նախագահների թե արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին է,  միջնորդների սեղանին դնելու համար: Հերթական զոհից հետո ուղղակի չի կարելի գնալ, նստել Ալիևի դիմաց և նայել նրա հիմար ժպիտին: Հերթական զոհից հետո պետք է համապատասխան նոտա հղել՝ Հայաստանի և համանախագահների հանդեպ ցուցաբերված արհամարանքի և պաշտոնական ցինիզմի համար: Ժամանական է, որ հայկական կողմը դնի  շատ կոնկրետ  նախապայման՝ քանի դեռ չի կատարվում առաջնագծում մոնիթորինգի համակարգ ներդնելու պայմանավորվածությունը՝ ոչ մի բանակցություն:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: