Ինչու՞ է անդունդ ձևավորվում հայ-վրացական հարաբերություններում

Oct 19, 2017 Comments Off on Ինչու՞ է անդունդ ձևավորվում հայ-վրացական հարաբերություններում

Նախօրերին ուշագրավ բանակցություններ են տեղի ունեցել Թբիլիսիում: Ճիշտ նույն օրը, երբ Ժնևում հանդիպում էին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ Հասանովը մեկնել էր Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։

Մինչ եռակողմ հանդիպումը, սակայն, Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի հետ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը քննարկվել է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում Վրաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը։ Կողմերը կարևորել են զինված ուժերի ղեկավար կազմերի, ինչպես նաև ռազմական փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպումն ու իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք օգտակար են ռազմական համագործակցության զարգացման համար։

Այնուհետև Հոկտեմբեր 17-ին Թբիլիսիում կայացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկել են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, տարածաշրջանի տնտեսական նախագծերը և այլն։

Փաստորեն, քննարկվել են երեք երկրների միջև ռազմական ոլորտում ներկայիս և ապագա համագործակցության հարցեր, տեղեկատվություն տարածվեց, որ հանդիպման արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում, ասված է հաղորդագրությունում:

Մինչ այդ, Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է վրաց պաշտոնակից Լևան Իզորիայի հետ։ Ըստ Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային իրադրությունը։ Վրաց և ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ «նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն իրենց երկրների համար սպառնալիք հանդիսացող միջազգային ահաբեկչության, ագրեսիվ սեպարատիզմի և այլ դրսևորումների դեմ ջանքերի միավորման գործում»։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան համոզմունք են հայտնել, որ ռազմական ոլորտում համագործակցության հիմք են ստեղծում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ռազմական այդ համագործակցության շրջանակում, որի հիմքը դրվել է 2014թ.՝ Նախիջևանում, կողմերը բացի հանդիպումներից ու քննարկումներից նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպել էին այս տարվա մայիսի 23-ին՝ Բաթումիում, որտեղ ստորագրվել է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին վերաբերող եռակողմ հուշագիրը։

Հարևան երեք երկրներին միավորում է էներգետիկ մի շարք խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով։ Այս համագործակցությունը հասկանալի է:

Սակայն ուշագրավն այն է, որ կողմերը քննարկել են նաև Արցախյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև Թուրքիայի ու աշխարհի քաղաքական հարցերը։ Հանդիպումն ավարտվել է համագործակցության մասին համատեղ արձանագրության ստորագրմամբ։

Ավելին՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարները համագործակցությունը խորացնելու մասին փաստաթուղթ են ստորագրել՝ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:

Ընդ որում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրն ու տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունները՝ ընդգծելով, որ դրանք պետք է կարգավորվեն պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում:

Հայաստան-Վրաստան հարաբերություններում ներկայիս իրավիճակն, ակնհայտորեն, չի համապատասխանում այն մակարդակին ու այն շահերին, որոնք բխում են հայ-վրացական հարաբերությունների տրամաբանությունից:

Ակնհայտ է, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում կամաց-կամաց որոշակի անդունդ է ձևավորվում, Վրաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի ու ավելի են սերտանում, և այդ սերտացումը ազդում է պաշտոնական Թբիլիսիի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ դիրքորոշման էլ ավելի ցայտուն արտահայտման վրա:

Պաշտոնական Երևանը, կարծես, վերջին շրջանում ինքնահոսի է թողել Հայաստան-Վրաստան հարաբերությունները, ինչը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: