Սուրիկ Խաչատրյանն անցնում է հակագրոհի

Oct 19, 2017 Comments Off on Սուրիկ Խաչատրյանն անցնում է հակագրոհի

Այն պահից, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բաց տեքստով հայտարարեց, թե չի պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածու, Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին, արդեն իսկ պարզ էր, որ մինչեւ նոյեմբերի 5-ը այստեղ արշալույսները խաղաղ չեն բացվելու: Լիսկան ձեռքերը ծալած չի նստելու եւ հետեւի գործող մարզպետ Վահե Հակոբյանի ինքնադրսեւորման գործընթացին:
Սկսենք սկզբից: Սեպտեմբերին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը պարտադրված հրաժարական ներկայացրեց, նա Լիսկայի մարդն էր ու հայտնվել էր Վահե Հակոբյանի թիրախում: Դրանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, ապա նաեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում թեկնածություն առաջադրեց Առուշ Առուշանյանը: Մամուլի տեղեկությունների համաձայն խորհրդարանական ընտրությունների ձախողված փորձից հետո Հակոբյանը Առուշանյանին սփոփել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնի խոստումով: Առուշանյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում առաջադրված թեկնածու էր, անցել էր խորհրդարան, սակայն չարաբաստիկ մի միջադեպի պատճառով մանդատ չստացավ:
Օրերս, երկար լռությունից հետո, իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի  վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշել էր. «Գորիսը, թեկնածուների առումով՝ նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին-նշանակեցին քաղխորհրդի նախագահ»: Լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել էր կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»: Ենթադրվում էր, որ ՀՀԿ-ական Լիսկան կշրջանցեր հարցը, կդիմեր մանեւրի, սակայն այդպես չեղավ, նա կարճ-կոնկրետ ի ցույց դրեց իր վերաբերմունքը գործող մարզետի եւ նրա թեկնածուի հանդեպ, ինչը մամուլին կանխատեսումների նյութ տվեց, որ նախկին մարզպետը թեկուզ քողարկված կընդվզի իր ախոյանի դեմ:
Այսօր հայտնի դարձավ, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն է ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել: Մամուլին հայտնի է դարձել, որ նրա թեկնածությունը գաղտնի կպաշտպանի Սուրիկ Խաչատրյանը, վերջինս էլ խրախուսել է Հարությունյանի առաջադրումը: Սուրիկ Խաչատրյանի եւ Գորիսի նախկին քաղաքապետի հարաբերությունների մասին մամուլը բազմիցս գրել է: Կար մի ժամանակ, երբ  Սամվել Հարությունյանն անխնա քննադատում էր Խաչատրյանին , նրան մեղադրում հանցավոր գործողությունների՝ մարդ ծեծելու, առեվանգելու եւ նման կարգի այլ պատմությունների մեջ: Անգամ դատական հայցեր կային միմյանց նկատմամբ: Սակայն անցած տարի Հարությունյանը <<Հայելի>> ակումբում հայտարարեց, որ իրենց Խաչատրյանի նախաձեռնությամբ բարիշել են, վերջինիս անունից հանդիպում են իրենից խնդրել հեռախոսով, ապա զրույցի արդյունքում կողմերը լեզու են գտել եւ հետ վերցրել հայցերը: Ավելին, երբ Լիսկան դեռ մարզպետ էր, Հարությունյանը հայտարարեց, որ Սյունիքում հոգևոր-մշակութային կենտրոն է ցանկանում ստեղծել եւ այդ հարցը քննարկել է Խաչատրյանի հետ: Ինչեւէ, մեծ է հավանականությունը, որ Հարությունյանը կարող է լինել Խաչատրյանի թեկնածուն: Իրադարձությունները ինչպես կզարգանան, թույլ կտան, որպեսզի այս թեկնածուն մինչեւ վերջ պայքարի, թե նրան կստիպեն ինքնաբացարկի դիմում գրել, ցույց կտա ժամանակը, սակայն նոր մարզպետը իր  գործունեությամբ արդեն հասցրել է հարուցել սյունեցիների, այդ թվում գորիսեցիների հակակրանքը, նա ոչ բոլոր համայնքապետերի հետ է շփվում, սյունեցիների մեծ մասը նրան անգամ չի ճանաչում:

Իշխանության կադրային բազան այնքան սնանկ է, որ Լիսկային ու նրա մարդկանց այժմ Սյունիքում կարող են որպես այլընտրանք դիտել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: