Թրամփը Հայաստանի հարևանի հետ այրում է կամուրջները

Oct 17, 2017 Comments Off on Թրամփը Հայաստանի հարևանի հետ այրում է կամուրջները

Թրամփն՝ ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի ու «ֆանատիկ ռեժիմի»

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Իրանի հանդեպ ամերիկյան վարչակազմի «մասշտաբային ռազմավարությունը»։ Ելույթ ունենալով հատուկ ուղերձով՝ Թրամփը նշեց, թե Իրանի «ֆանատիկ ռեժիմը» մնում է ահաբեկչության գլխավոր հովանավորը։ «Մենք չենք հետևի ճանապարհին, որը տանում էլ ավելի մեծ բռնության ու ահաբեկչության տարածման։ Ես հանձնարարում եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի և դաշնակիցների հետ՝ շտկելու գործարքի լուրջ թերությունները»,-ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015-ին ստորագրված համաձայնագրից: «Ես հանձնարարել եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի հետ՝ այդ փաստաթղթում առկա բազմաթիվ բացթողումները վերացնելու համար, որպեսզի իրանական վարչակազմը այլևս երբեք չկարողանա միջուկային զենքով սպառնալ աշխարհին», ասել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը վերստին քննադատել է Թեհրանի՝ հրթիռային զինանոցն ընդարձակելու ծրագիրն ու աջակցությունը Մերձավոր Արևելքում գործող ծայրահեղական խմբավորումներին: «Մենք չենք շարունակի այն ճանապարհը, որը ի վերջո բերելու է ավելի շատ բռնությունների, ահաբեկության ավելի մեծ ծավալների և Իրանում միջուկային զենք ստեղծելու իրական հնարավորության», – ասել է ԱՄՆ ղեկավարը՝ ընդգծելով, որ պատրաստվում է այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել համաձայնագրի մասնակից մյուս գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ:

Նկատենք, որ ավելի վաղ այս երկրները հայտարարել էին, թե մտադիր են ուժի մեջ թողնել Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այսպես, Թրամփը մտադիր է կոչ անել Կոնգրեսին փոփոխել օրենքը, որով սահմանվում է ատոմային գործարքով Իրանի պարտավորությունների վերահսկողության կանոնակարգը: Թրամփը օրենքում նշել է «կրիտիկական կետեր», որոնց խախտման դեպքում Իրանի հանդեպ ինքնաբերաբար կվերականգնվեն պատժամիջոցները, որոնք չեղյալ էին համարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը օրերս հրավիրված հատուկ ճեպազրույցում հայտնել էր, որ օրենսդիրները նաև պետք է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ սահմանափակումներ մշակեն:

Իսրայելը կողմ է ընդդեմ Թեհրանի՝ Թրամփի քաղաքականությանը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ ատոմային գործարքը շտկելու ձգտման մեջ։ Գործարքը, ինչպես հաստատում է կառավարության ղեկավարը, պահպանում է «տասնյակ միջուկային ռումբերից» զինանոց ստանալու հնարավորությունը։ «Այդ համաձայնագրից միանգամայն պարզ է, որ եթե ոչինչ չփոխվի, ապա Իրանը մի քանի տարուց կտնօրինի միջուկային զինանոցի։ Գործարքը դրան չի խանգարում, այլ երաշխավորված ուղի է հարթում դեպի հարստացման համակարգի ստեղծում, որը կարող է թույլ տալ Իրանին արագ ստանալ մի քանի տասնյակ ատոմային ռումբեր»,-հայտարարել է Նեթանյահուն։ «Նախագահ Թրամփի որոշումը թույլ է տալիս շտկել միջուկային պայմանավորվածությունները և դադարեցնել տարածաշրջանում Իրանի աճող ագրեսիան։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պատասխանատու կառավարություն և բոլորը, ովքեր ձգտում են մոլորակի վրա խաղաղության ու անվտանգության, պետք է օգտվեն այն հնարավորություններից, որոնք բացվել են՝ շնորհիվ նախագահ Թրամփի որոշման»,-կոչ է արել նա։

ԵՄ երկրները դեմ են Թրամփի դիրքորոշմանը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը չեն ողջունում Թրամփի դիրքորոշումը: Այս երկրները հայտարարել են, որ մտադիր են ուժի մեջ թողնել Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ֆրանսիան ԱՄՆ կոնգրեսին հորդորել է չվերանայել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը։ «Հուսով ենք՝ գործարքի հնարավոր չեղարկման համար պատասխանատու կոնգրեսը չի վերանայի այն»,- ասել է Լե Դրիանը։ «Դա կայուն և համաձայնեցված գործարք է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրից հրաժարվելը վտանգավոր նախադեպ կլինի։

Թեհրանը բոլոր ճգնաժամերի համար մեղադրում է ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կարծիքով՝ տարածաշրջանային բոլոր հակամարտությունների և ճգնաժամերի ետևում կանգնած է ԱՄՆ-ը: Տեղական ԶԼՄ-ների համար իր ելույթում Ռոհանին ուշադրություն է հրավիրել ԱՄՆ հատուկ ծառայությունների դերակատարման վրա, երբ 1950-ականներին հանրապետությունում տեղի ունեցավ հեղաշրջում: Բացի այդ, նա քննադատել է ամերիկյան միջամտությունը Վիետնամի, Աֆղանստանի ու Իրաքի հակամարտությանը և առանձին նշել 1988-ի միջադեպը, երբ իրանական ինքնաթիռը խոցվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից արձակված հրթիռով:

Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհիմն է մեղադրում Իրանին: «Թրամփի ելույթը լի է Իրանի ժողովրդի դեմ անհիմն մեղադրանքներով », – ասել է Ռոհանին: Նա հայտարարել է, որ երկիրը մտադիր է իրականացնել միջուկային ծրագրի բոլոր պայմանները: Նա նաև նշել է, որ թույլ չի տալիս համաձայնության մեջ որևէ նոր կետ ավելացնել:

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե գործարքի մասնակիցներից որևէ մեկը ձեռնարկի փորձ՝ վերականգնելու իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Իսկ Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները և Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում:

«Կարծես թե նրանք ինչ-որ շարժումներ են սկսել, որոնք վերջին հաշվով խառնաշփոթության կհանգեցնեն միջազգային ասպարեզում,-նշել Է Իրանի խորհրդարանի ղեկավարը ՌԴ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինի հետ հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում:-Դրա վկայությունն այն պատժամիջոցներն են, որոնք նրանք սահմանել են Իրանի և Ռուսաստանի դեմ, ինչպես նաև այն միջոցները, որոնք նրանք վերջերս սկսել են ձեռնարկել Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունների կապակցությամբ»: Նա նաև հավելել է, որ եթե ԱՄՆ-ը չկատարի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ գործարքից ոչինչ չի մնա:

Հիշեցնենք, որ Իրանը և միջազգային բանակցողների «վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության հասան իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատև բանակցություններն ավարտվեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016թ. հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվեց սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: