Որ համայնքներում է կատաղի պայքար սպասվում

Oct 16, 2017 Comments Off on Որ համայնքներում է կատաղի պայքար սպասվում

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մոտ վեց տասնյակ համայնքներում, որոնցից կեսը խոշորացված համայնքներ են, սպասվող ընտրությունները մեծ քաղաքներում թեժ մարտերի կվերածվեն: Իհարկե, ոչ խորհրդարանական, ոչ արտախորհրդարանական ուժերը ակտիվություն չեն ցուցաբերել, յուրաքանչյուրն ունի մեկ ձեռքի վրա հաշվված թեկնածուներ, սակայն պայքարը կընթանա ՀՀԿ-ականների միջեւ:
Թեժ է լինեու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, առաջադրվել են գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։
Կան տեղեկություններ, որ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են Վազգեն Ադամյանին:
Սիսիանում եւս թեժ է լինելու , ՀՀԿ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանն է, ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանի եղբայրը, որը մամուլին հայտնի է իր արկածներով, երիտասարդ քաղաքապետի անձի պաշտամունք է տիրում քաղաքապետարանում, նրա ծննդյան օրը բոլորը մեկ մարու պես Սարգսյանի լուսանկարով շապիկներ են հագել: ԲՀԿ-ն առաջադրել է ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի թեկնածությունը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է։ Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Սիրաս Ռաֆիկի Ստեփանյանը, որը, ըստ լուրերի, Սուրիկ Խաչատրյանի շրջապատից է։ Սուրիկ Խաչատրյանը թեպետ առերեւույթ ձեռքերը լվացել է մարզից, սակայն այնտեղից հասնող տեղեկություններով՝ նա ծածուկ աջակցություն է ցուցաբերելու մարզում կայանքալիք ընտրություններում իր թեկնածուներին:
Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից:
Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա 1in.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, նշել էր. «Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաեւ սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»: Իսկ պատասխանելով հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը դե՞մ է երիտասարդ թեկնածուին, վերջինս նշեց. «Նենց չի, որ դեմ եմ-կողմ եմ՝ դա թող ես իմանամ, բայց համենայնդեպս տառապյալ փորձը կա»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Առուշանյանին, քանի որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, որը Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալներից էր համարվում, սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ադունցի հրաժարականից հետո լուրեր շրջանառվեցին, որ դա պայմանավորված էր հանգամանքով, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, ովքեր իրեն չեն ենթարկվում:

Պակաս հետաքրքրան չէ Բերդում ստեղծված իրավիճակը: Քաղաքապետ Հարություն Մանուչարյանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խնամին է։ Հինգ տարի առաջ տեղի ունեցած նախորդ ընտրություններում նա ինքնառաջադրվեց եւ հաղթեց ՀՀԿ-ի թեկնածու գործող քաղաքապետին։ Սակայն ՀՀԿ-ն նրան չի աջակցում, այստեղ ինչպես ՀՀԿ-ից են մեկնաբանում՝ ազատ են թողել: Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ի թեկնածուն Արծվաբերդի անտառտնտեսության մոտ 20 տարվա պետ Ավետիք Ադամյանն է, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մտերիմն է, որդին ՝ Կարեն Ադամյանը, մարզպետի առաջին տեղակալը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: