«Խոսրովի անտառ»-ում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել արգելոցի աշխատակցին

Oct 12, 2017 Չի մեկնաբանվել

«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործով արդեն կա մեղադրյալ:

NEWS.am-ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ արգելոցի մի աշխատակցի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել): Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են:

Նշենք, որ օրեր առաջ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Խոսրովի» անտառում բռնկված հրդեհի պատճառների մասին մասնավորապես ասել էր. «Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին»։

Լուրեր
Անդրադարձներ չկան to “«Խոսրովի անտառ»-ում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել արգելոցի աշխատակցին”

Մեկնաբանել