Ինը ամսվա տանջանքները, ու Լոքյանի երկնածը

Oct 12, 2017 Comments Off on Ինը ամսվա տանջանքները, ու Լոքյանի երկնածը

Հայտնի է, որ Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածն ամփոփող ասուլիսներով: Հերթը Տարածքային կառավարման և զարգացման ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանինն էր, ով պարզվեց ինը երկար ու ձիգ ամիսներ շարունակ տքնել է համայնքների համար պատրաստած ձեռնարկների վրա, որոնք հստակեցնում են տարբեր ուղղություններով, թե ինչպես պետք է աշխատեն համայնքները:

Սա է թերեւս Լոքյանի ամենահանրօգուտ գործը, որի մասին էլ առավել էնտուզիազմով է խոսել ՀՅԴ-ական նախարարը: Լոքյանի ղեկավարած նախարարությունը 9 ամիս շարունակ համայնքների ղեկավարների համար ուղղիչ աշխատանքային գաղութի գործառույթ է ստանձնել, իր վրա վերցրել մարզպետների, համայնքապետների կրթման և լուսավորման սուրբ գործը: Հասկանալ կարելի է պարոն նախարարին, երկար ու ձիգ ինը ամիսների չարչարանքից ու տքնանքից հետո ճիշտ է մարդկային կյանք չի արարարել, սակայն տպել է հույժ կարեւոր մի բուկլետ, որով համայնքապետերի միջոցով լուսավորելու է հայ գյուղացուն՝ ինչպես ապրել, ինչպես խնայել միջոցները:

Կարելի է կարծել, թե մեր խեղճուկրակ համայնքները հարստության ու միլիոնների մեջ լող են տալիս, ինչպես քաղաքական էլիտան, Լոքյանն էլ նրանց պիտի սովորեցներ, որ տնտեսեն գումարները: Մինչդեռ նույն Լոքյանը բոլորից լավ գիտի այդ մարզպետների՝ համաքաղաքացիների հետ կոռուպցիոն գործարքների մասին, եթե չասենք, որ այդ գործարքներից անմասն չի նաեւ մարզերի ռեվիզոր նախարարը: Լոքյանի միսիան այդուհանդերձ ուսուցչական աշխատանքով չի ավարտվում, նա հունի մեջ է գցել համայնքների խոշորացման չարաբաստիկ ծրագիրը, որի նպատակների եւ հետեւանքների մասին, նախարարն, իհարկե, ամեն անգամ խուսափում է պատասխանել, սակայն բոլորը հրաշալի հասկանում են, որ համայնքների խոշորացման հիմնական նպատակն է՝ խնայված միջոցներով լցնել դատարկվող բյուջեն: Որ Հայաստանի քաղաքական վերնախավն աչքածակ է կամ այնպես է մսխել ֆինանսական պահուստները, որ մնացել է համայնքապետի կամ համայնքապետարանի հույսին, դա մի կողմից, բայց մյուս կողմից՝ միթե քաղաքական այնքան հասունություն չկա հասկանալու համար, որ պետության գոյատեւման ու պահպանման հիմքը գյուղն է, հայ գյուղացին: Մի քանի կոպեկ տնտեսելու դիմաց խոշորացման ծրագրով վտանգի տակ է դրվում հայ գյուղը, քանզի առաջ է գալիս դպրոցների, աշխատատեղերի եւ բազում այլ հարցեր, որոնց լուծումը որպես կանոն մեր համաքաղաքացիները գտնում են Հայաստանից դուրս:

Սակայն պարզվում է Լոքյանը պետք չէ ոչ միայն երկրին, այլեւ սեփական կուսակցությանը: Ինչպես հայտնի է նոյեմբերի 5-ին հանրապետության 59 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, ՀՅԴ-ն ընդամենը չորս թեկնածու է առաջադրել, սա այն դեպքում, երբ կուսակցության նախարարն է ստանձնել մարզերի ղեկավարման պոստը, ակտիվ շփումների մեջ է բոլոր համայնքի բնակիչների հետ: Բայց ոչ միայն չի կարողացել լեզու գտնել թեկնածուների հարցում, այլեւ քիչ տեղերում առաջարդրումների համար տեսնում է Դաշնակցության թերացումը .<Լավ չեն աշխատել, դրա համար էլ նշված համայնքներում թեկնածուներ չունեն: Որտեղ չեն առաջադրվել դաշնակցական թեկնածուներ, այդտեղ ՀՅԴ-ն լավ չի աշխատել>,- ասել է նա՝ չգիտակցելով, որ հենց ինքը պետք է աշխատեր:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: