Լուկաշենկոն ընդդեմ Ղարաբաղի ու հանուն Ալիևի հանգստության

Oct 12, 2017 Comments Off on Լուկաշենկոն ընդդեմ Ղարաբաղի ու հանուն Ալիևի հանգստության

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, և հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար: Լուկաշենկոն դա ասել է Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը.«Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք, և մենք իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»:

Իր հերթին Զաքիր Հասանովը բարձր է գնահատել Մինսկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը: «Դա գերազանց բելառուսական որակ է: Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության սպառազինությամբ և տեխնիկայով, և ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք և ռազմական տեխնիկա է»,- ասել է նա:

Բելառուսի նախագահն ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունն օգնել Ադրբեջանի ժողովրդի անվտանգության ապահովմանը: Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: «Ես շատ լավ եմ հիշում, որ ծանր պահերին ձեր նախագահը միշտ թիկունք է կանգնել Բելառուս պետությանը,- ասել է Լուկաշենկոն ու հավելել. «Մենք դա շատ լավ ենք հիշում և պատրաստ ենք Ադրբեջանի համար անել ամեն բան, ինչ կարող ենք, որպեսզի ձեր ժողովուրդն ապրի անվտանգ, պետությունը զարգանա… Եվ բնականաբար, որպեսզի Ադրբեջանն իրեն զգա այնպես, ինչպես մենք՝ հանգիստ, հուսալի, պետք է ամրապնդել պաշտպանությունը: Ոչ մի նոր բան: Ուստի մենք ձեզ հետ աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատանքները»: Լուկաշենկոն նաև նշել է, որ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրենք կհանդիպեն:

Դե ինչ, Հայաստանի մեկ այլ դաշնակից Բելառուսը, ի դեմս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հերթական անգամ իր հավատարմությունն է ներկայացրել Ադրբեջանին, նրան զինելու հարցում: Բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ջերմությունը նորություն չէ, պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի կառույցներում, որոնց անդամ պետությունները գոնե ձևական չեն էլ փորձում չեզոքություն պահպանել: Ավելին՝ Հայաստանի հակառակորդ պետությանը զինելուն ու նրա հանգիստ անդորրը համարում են իրենց հիմնական անելիքը:

Ի դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի: ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակներում փաստաթղթեր են նախապատրաստվում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, հայտնել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելաձեն Թբիլիսիում ՎՈՒԱՄ արտգործնախարարների խորհրդի նիստին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: «Մինչև տարեվերջ այդ ուղղությամբ սպասվում է տեղաշարժ»,- ասել է նախարարն իր ելույթում: Անդրադառնալով ՎՈՒԱՄ տարածությունում հակամարտություններին՝ նախարարը նշել է, որ դրանք պետք է լուծվեն «միջազգային իրավունքի նորմերի և տարածքային ամբողջականության հիման վրա»: Նրա խոսքով՝ այդ հակամարտությունները ՎՈՒԱՄ երկրների հիմնական խնդիրն են և վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը:

Ուշագրավն այն է, որ այս ձևաչափով հանդիպմանը Ուկրաինայի արտգործնախարարը Վրաստանին, Ադրբեջանին ու Մոլդովային առաջարկել է միավորվել ընդդեմ Ռուսաստանի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: