Նոր մանրամասներ Նորագավիթում հնչած կրակոցներից. կա մեղադրյալ

Oct 06, 2017 Comments Off on Նոր մանրամասներ Նորագավիթում հնչած կրակոցներից. կա մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հոկտեմբերի 3-ին որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ Ս.Ավագյանը՝ ծնված 1969 թ., ով հոկտեմբերի 4-ի առավոտյան, առանց գիտակցության գալու, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա առնչությունը տուժողի հետ, սպանության շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ Երևանի 46-ամյա բնակիչը Ս.Ավագյանի ուղղությամբ կրակել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է պատճառել իր ավտոմեքենայի մեջից։ Կատարված խուզարկությամբ նրան պատկանող «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի պարկուճ։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություններ։

46-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա ներկայացրել է մեկ հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ, որի պահունակի մեջ գտնվել է 5 փամփուշտ, և հայտարարել, որ նշված ատրճանակով է կրակել տուժողի ուղղությամբ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: