Համախմբվում են Հայաստանին ճնշելու՞

Oct 06, 2017 Comments Off on Համախմբվում են Հայաստանին ճնշելու՞

Առաջիկա օրերին սպասվում էԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն արդեն Արցախում է: Երեկ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Էնդրյու Շոֆերին: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին:

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահին է ընդունել նաևԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:Բակո Սահակյանի հետհանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: «Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման և այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը», ասվում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

Համանախագահների այցի ֆոնին, որի ընթացքում, քննարկվելու է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման կազմակերպման մանրամասները, երեկ Մոսկվայից հնչել է մի հայտարարություն այն մասին, թե ղարաբաղյան խնդիրը կարող է քննարկվել նաև այլ հարթակում:

Հոկտեմբերի 10-ին Սոչիում Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների հանդիպմանը, հնարավոր է, քննարկվի ղարաբաղյան խնդիրը, երեկայս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաև հավելել է, որ հանդիպմանը կքննարկվեն բազմակողմանի համագործակցության հարցեր, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը: «Հանդիպմանը նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում տնտեսական, ռազմական, մարդասիրական, մշակութային և այլ ոլորտներում»,- ասել է նա: Պատասխանելով հարցին՝ արդյոք Սոչիում կքննարկվի Արցախի հարցը, Զախարովան պատասխանել է, որ դա չի բացառվում, սակայն «այդ պահը պետք է հստակեցնել»:

Երբ Հայաստանի սահմաններում անհանգիստ է, ադրբեջանական կողմից սադրանքներ ու կրակոցներ են խաղաղ բնակչության նկատմամբ՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում լռություն է, բայց երբ հարաբերական անդորր է սահմաններում, հանկարծ, չեն բացառում, որ ԼՂ խնդիրը ԱՊՀ-ի հարթակում կարող է քննարկվել:

Իսկ ի՞նչ են ցանկանում քննարկել ԱՊՀ-ականները ԼՂ հարցում: Նրանք ծպտուն հանե՞լ են ապրիլյան պատերազմից հետո, քննադատե՞լ են Ալիևի մեծ սադրանքն իրականացրած Ռուսաստանի «դաբրոյով» ու ռուսական զենքով:

Թե՞ հիմա հարմար պահ է՝ համախմբվել ընդդեմ Հայաստանի ու հնարավոր ճնշումներով ադրբեջանանպաստ պահանջներ ներկայացնել հայկական կողմին…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: