ՀՀԿ-ականներն իրար արդեն բացահայտ են ատում

Sep 21, 2017 1 Comment

Այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետ նշանակվեց Գազպրոմի թոփ մենեջեր Կարեն Կարապետյանը, Հայաստանում ռուսականության գրոհը դարձավ բացահայտ ու ագրեսիվ: Ռուսական ազդեցության տարածման առաքելությունն էր նաեւ ստանձնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը, որտեղ ենթականերին պարտադրվում էր ռուսերենի գերազանց իմացություն, հաղորդակցվում էր նաեւ ռուսերենով, ճիշտ նույն մեթոդներով հիմա նրա մտերիմ ընկեր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն է աշխատում առողջապահության նախարարությունում։ Նախարարություն ոտք դնելուն պես նա ներքին թեստավորում էր անցկացրել համակարգում եւ ստուգում էր ենթակաների ռուսերենի իմացությունը, արդյունքում երիտասարդ եւ խոստումնալից փոխնախարարներից մեկն ազատվեց պաշտոնից, որից հետո հստակ հանձնարակական տրվեց՝ ռուսերենի դասընթացների մասնակցել եւ բարձրացնել այդ լեզվի իմացությունը։ Սակայն պարզվում է Կարեն Կարապետյանը որոշել է Ռուսաստանի գաղութացման ծրագիրը բացահայտ իրագործել։

Ինչպես հայտնի դարձավ կառավարությունը Հայաստանում ռուսերենի կարգավիճակը բարձրացնելու մտադրություն ունի։ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է, թե «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», որպես նպատակ նշում է «ռուսաց լեզվի հանրայնացումը» և ընդգծում, որ «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»:

Թե ինչ դեր եւ նշանակություն ունի լեզուն ազգապահպանման հարցում, թերեւս գիտեն բոլորը, բացառությամբ մարդկանց, որոնք զուրկ են հայրենիքից կամ այդպիսի հոգեկերտվածք ունեն, սակայն սա չէ մեր քննարկման նյութը, այլ այն փաստի արձանագրումը, որ ռուսերենի ամրապնդման ու տարածման հարցը իշխանության հիերարխիայում անգամ, կարծես թե, միանշանակ չի ընդունվել։ Մեկնաբանելով Հայաստանում ռուսերենի զարգացման կառավարության մշակած հայեցակարգը, Գալուստ Սահակյանն այն բթամտություն է անվանել: Նա նշել է, որ Հայաստանն ինքնիշխանությունը պահպանում է ոչ այնքան հողի, որքան լեզվի շնորհիվ:

«Վատ բառեր չեմ ուզում ասել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, Հայաստանում երկրորդ լեզու հնարավոր չէ», – ասել է Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ երկրորդ լեզվի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ երկրում մեծ էթնիկ փոքրամասնություն է ապրում, իսկ Հայաստանում ռուսներ չկան: Գալուստ Սահակյանն ասել է, որ ժամանակին Պուտինը Հայաստան է ժամանել եւ բարձրացրել այդ հարցը, սակայն. «ես ու Շավարշ Քոչարյանը ներկայացրեցինք փաստարկները, եւ նա ընդունեց մեր ասածները»: Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե հրաժարվում ենք հայերենից, նշանակում է՝ հրաժարվում ենք ինքնիշխանությունից: Իհրակե, քաղաքականությունից բան չհասկացող մարդիկ լուրջ չեն վերաբերում մաեստրոյի եւ ոչ մի խոսքին, հայտարարությանը, սակայն փաստը, որ Գալուստ Գրիգորիչը մոտ երեք տասնամյակ է չի անհետանում քաղաքական ռադարներից եւ ՀՀԿ-ում մշտապես իր ուրույն տեղն ունի, խորհելու լուրջ տեղիք է տալիս։ Իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան մենք ենք տեսնում եւ Գրիգորիչն էլ շարքային ՀՀԿ-ական չէ։

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ իշխող կուսակցությունում արշալույսները իսկապես խաղաղ չեն եւ տեղի է ունենում թիմերի ձեւավորման գործընթաց։ Մշտապես ոհմակային տրամաբանությամբ առաջնորդվող ՀՀԿ-ում մեր օրերում հակադիր կարծիքներ են հնչում մեկմեկու հասցեին։ 2018-ին վարչապետ լինելու հարցը, Կարեն Կարապետյան, թե Սերժ Սարգսյան դիլեման որքան էլ շարքերում սպասողական տրամադրություններ է առաջացրել ու շատերը խուսափում են որեւէ մեկի կողմը պահել, սակայն կարկառուն եւ այսպես կոչված «հին» հանրապետականները ,որոնք համարում են Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը, սուրբ պարտքն են համարում գրոհել Կարեն Կարապետյանի եւ իր թիմի ցանկացած քայլի դեմ։ Այդկերպ նրանք ցույց են տալիս կողմնորոշումն առ Սերժ Սարգսյան, որպեսզի հետագայում չմեղադրվեն թիկունք չլինելու, դիրքորոշում չարտահայտելու մեջ։

Ի դեպ, այս թեմայով շտապել է կարծիք հայտնել նաեւ Շարմազանովը՝ ասելով, որ եթե Աստված մի արասցե, նման խնդիր է դրվել, որ «պետական լեզու լինի ռուսերենը, բնականաբար, այլ կարծիք կլինի»։ Լեզվի հարցը միակը չէ, որը ՀՀԿ-ին տարրակարծության է մղել։ Նկատենք, որ վերջին ժամանակները 2018-ի վարչապետի հարցի վերաբերյալ նույն թիմից նշված անձինք եւս ընդգծված դիրքորոշում են հայտնել, մասնավորապես Գալուստ Սահակյանը շեշտել է ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին եւ վստահ պնդել, թե հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ։ Այս առումով զարմանալի է Կարեն Կարապետյանի արձագանքը, երբ նրանից հետաքրքրվել են կուսակիցների կարծիքների եւ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին․«Եկեք այսպես ասենք՝ մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանեմ, օֆիցիալ Հայաստանի հանրապետական կուսակցության կարծիքը երբ որ լինի՝ հարց տվեք: Դուք օֆիցիալ կարծիքը կուսակցության լսե՞լ եք՝ ոչ, երբ որ լինի, այն ժամանակ կխոսեմ»։

Վարչապետն, անշուշտ, լավ է հասկանում, թե որտեղից են գալիս այդ կարծիքները եւ ուր խփում, հետեւաբար գնդակն էլ ավելի է խորացրել Սերժ Սարգսյանի դաշտում։ Մի բան ակնհայտ է, որ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի թիմերի միջեւ խորը ատելություն է առաջանում։ Գալուստ Սահակյան, Արմեն Աշոտյան, Շարմազանով եւ այլ «հակառակորդ» թիմին ընկալում են որպես անհայրենիք, մենեջերական հոգեբանությամբ ՀՀԿ-ում ժամանակավոր ապաստան գտած մարդիկ, նույն ատելությամբ էլ կարծրատիպային մտածողությունը չեն ընդունում Կարապետյանների թիմում։ Հարկ է նշել, որ խնդիրը ոչ այնքան Կարեն Կարապետյանն է, այլ Սամվել Կարապետյանը, իշխանության համար մղվող պայքարի առաջամարտիկը հենց ինքն է, իսկ ներկայիս վարչապետը հընթացս իր տնտեսական եւ քաղաքական հարցերն է լուծում։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “ՀՀԿ-ականներն իրար արդեն բացահայտ են ատում” հրապարակմանը

  1. ԱնունՅուրիկ Հակոբյան says:

    Տրակտորը, գութանը, հաստոցը և նրանց պատվերով գծող–գրող մատիտն ու գրիչն են որոշում երկրի բախտը: Մեր լեզվի ամենամեծ թշնամիները այսօրվա մի քանի դոլարով ,,Նրա համար պայքարողներն,, են :