Թրենդային անլրջություն` 600 միլիոն դոլարի պետական պարտքն ավելացրած

Sep 17, 2017 Comments Off on Թրենդային անլրջություն` 600 միլիոն դոլարի պետական պարտքն ավելացրած

«Տրենդը, որով մենք գնում ենք, մեզ որոշ չափով բավարարում է», այսպես էր երեկ գնահատեց իր գլխավորած Կառավարության գործունեության մեկ տարին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ինչ վերաբերում է, թե ինչպես է զգում մեր քաղաքացին, մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, ոչ մեր գնահատականով, թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԱՊՀ-ում, թե՚ մեր ռեգիոնում այսօր, ներողություն են խնդրում, եթե անհամեստ հնչի, լավագույնն է: Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք: Իհարկե ոչ: Որովհետև պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որը իրա կյանքի որակի չի ուզում բարելավի, և այնպես չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի խնդիրները, բոլորի սպասումները բավարարելու ենք։ Բայց տրենդը՝ ոնց ենք գնում, կարծում եմ, այս պահին մեզ որոշ չափով բավարարում է»:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկին: Ի պատասխան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք հաշվարկել են ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը, ինչ կորուստներ է ունեցել Հայաստանը այդ կառույցին անդամակցելուց հետո, վարչապետը հակադարձեց տնտեսական ցուցանիշներով․ – «Ինչով է ԵԱՏՄ-ն լա՞վ․ դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ինչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեի՞նք․ այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով: Եվ ավելին, ամփոփ հաշվետվությունը, երբ որ մենք ներկայացնենք, դուք կտեսնեք թվերը: Արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ ցածր է, քան Եվրամիություն: Կգա՞ պահը, որ այնտեղից դուրս գանք, թե՞ չէ․ այս պահին մենք նման մտավախություն չենք տեսնում»:

Մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն այդպես էլ արևմտյան երկրներ չայցելեց և այնտեղից ներդրումներ բերելու նպատակով արևմտյան գործընկերների հետ հանդիպումներ չունեցավ: Պատգամավորը փորձեց պարզել, թե արդյոք պատճառնն այն է, որ Հայաստանի վարչապետին չեն հրավիրում, թե՞ հրավիրում են, բայց Կարեն Կարապետյանն է մերժում: Վարչապետի արձագանքել է. «Իրականում այցը ինքնանպատակ չէ: Եվ եթե մենք չենք այցելում, դա դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտական ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և այցը կլինի այն ժամանակ, երբ որ մենք կունենանք օրակարգ և առարկայական խոսալու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»:

Ակնհայտ է, որ չնայած խոստացված բարեփոխումներին, վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարում տնտեսությունում որակական աճ չարձանագրվեց։

Ուղիղ մեկ տարի առաջ ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մենք պետք է ունենանք զարգացած, մրցունակ ու արդար երկիր»:

Կառավարության հրապարակած զեկույցի համաձայն` Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, մասնավորապես, 2017թ. առաջին կիսամյակում տնտեսություն աճել է 6.1 տոկոսով, արտահանումն ու ներմուծումը՝ համապատասխանաբար 21 և 25, իսկ արդյունաբերական արտադրանքը՝ ավելի քան 12 տոկոսով:

Ավելին` Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացավ 600 միլիոն դոլարով՝ հատելով 6 միլիարդի սահմանագիծը։

Ակնհայտ է, որ անցնող մեկ տարում հայաստանցիների կյանքում որակական աճ չի արձանագրվել, ներկայացվող աճը տեսանելի է միայն թվերով։ Ո՞ր ոլորտում ենք գրանցվել տեսանելի հաջողություն: Այսինքն, ընդամենը քանակական աճ կա, բայց որը որպես որակական, իրական աճ նկատելի չէ՞ հայաստանցիներին:

Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի քարոզարշավը գլխավորող Կարեն Կարապետյանը 2017-ի համար կանխատեսում էր 830 միլիոն դոլարի ներդրում։ Ըստ Կառավարության այսօրվա զեկույցի, այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում իրականացվել է 375 միլիոն դոլարի ներդրում։ Ի դեպ, ներկայացված գումարի մեջ կառավարությունը որպես ներդրում է հաշվարկել նաև պետական ու համայնքային բյուջեից կատարված ծախսերի մի մասը։

Տնտեսության լավագույն ցուցիչները, ըստ տնտեսագետի, արտագաղթն ու գործազրկությունն են, որոնք շարունակում են անկում գրանցել: Որակական աճի պարագայում դժվար է գտնել մի երկիր, որտեղ որ ավելի քան 6 տոկոս տնտեսական աճ է լինում, և այդ երկրից արտագաղթողների թվաքանակը ավելանում է 10 տոկոսով՝ նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած: Սա ցուցանիշ է, որը վկայում է, որ այդ տնտեսական աճը մեծ հաշվով լայն հասարակության համար տեսանելի և զգալի չէ:

Ինչպե՞ս էր իրեն դրսևորում պաշտոնավարման սկզբում Կարեն Կարապետյանը… Նա աչքի էր ընկնում սուր քննադատությամբ, բազմաթիվ հանձնարարականներով ու երբեմն նաև շատերի համար անսպասելի հայտարարություններով։ Դրանցից մեկն օրինակ Կարապետյանը արեց ԱԺ-ում պաշտոնավարման հենց երկրորդ օրը․ «Ռեալ մեր տնտեսության վիճակը․․․ բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»:

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար նորանշանակ վարչապետը, որը իշխանության շրջանում առավել հաճախ բնութագրվում էր որպես լավ մենեջեր, հայտարարեց առաջնահերթությունների մասին՝ տնտեսական աճ, բիզնես միջավայրի ու ներդրումների ակտիվացում։

Բայց անցնող մեկ տարին ցույց տվեց, որ, Կառավարության ղեկավարի ու մի քանի նախարարների փոփոխությամբ հանդերձ, վարչապետի բնութագրած տնտեսությունը մնաց նույն՝ չափազանց ծանր վիճակում: Կառավարության ու նրա ղեկավարի հիմնական գործը եղել է ինչ-որ խմբերի շահերը սպասարկելը, ուրիշ ոչինչ:

Դառնալով Հայաստանի նորանկախ պատմության 14-րդ վարչապետը՝ Կարեն Կարապետյանը իր նախորդների նման առաջնային համարեց նաև կոռուպցիայի դեմ անողոք պայքարը։ Կատարվեցին տասնյակ օրենսդրական փոփոխություններ, ստեղծվեցին նոր իրավական ակտեր, հիմնվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Արդյունքները, սակայն, մասնագետների համար տեսանելի չեն:

Ո՞ւր են արդյունքները: Որևէ աղմկահարույց գործ, որևէ խոշոր օրինախախտ պատժվե՞լ է:

Ի դեմս Կարեն Կարապետյանի մենք ունենք ակտիվ խոսող վարչապետ, բայց որի խոսքում որևէ գործ, հիմք, վերլուծություն չկա: Չկա տեսլական, թե ինչպես հասնել ինչ-որ կետի: Կա ընդամենը անլուրջ բառերի շարան: Ոչ ավելին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: