Հայաստանին ուղղված ՌԴ առաջարկին պատասխան է տրվել

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու դիմաց ճանաչել հայկական վարորդական վկայականները:

Ռուսաստանում 2017 թ․ հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է ՌԴ-ում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Իսկ հուլիսի 14-ին ընդունված մեկ այլ օրենքով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Խոսքն այն անդամ երկրների մասին է, որոնցում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինը, մասնավորապես, նշել է․ «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի վրա»:

Ըստ News.am-ին տված հարցազրույցում ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ասել է, որ այդ պահին ինքը հանդես է եկել պատասխան ելույթով եւ ընդգծել, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների վավերական լինելուն, Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները պայմանավորվել են Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հետ կապված քննարկումները շարունակել խորհրդարանական այլ ձեւաչափերով՝ փորձելով փնտրել խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակաները:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական միակ լեզուն հայերենն է, և դա սահմանադրական նորմ է»,- այսպես էլ պատասխանել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Asekose.am-ի հարցմանն՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Անդրադարձներ չկան to “Հայաստանին ուղղված ՌԴ առաջարկին պատասխան է տրվել”

Մեկնաբանել