Գործատուների նախընտրելի բուհերի հնգյակը. որո՞նք են նրանք

Jul 18, 2017 Comments Off on Գործատուների նախընտրելի բուհերի հնգյակը. որո՞նք են նրանք

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակում 2016 թվականին իրականացված սոցիոլոգիական հետազոտությունը փորձել է պարզել ուսանողների բավարարվածությունը ՀՀ բուհերի կողմից մատուցվող կրթական ծառայություններից, պարզել դասախոսների ընդհանուր բավարարվածությունը ՀՀ բուհերից, ինչպես նաև բացահայտել գործատուների բավարարվածությունը ՀՀ բուհերի շրջանավարտներից:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում նրկայացրել ենք ուսանողների և դասախոսների շրջանում անցկացված հարցման արդյւնքները:http://ktak.am/index.php/am/news/view/67

Գործատուների հետազոտության մեջ ընդգրկվել են 284 կազմակերպություններ, որոնց 34.5%-ն ընդգրկվել է Երևանից, 11.3%-ը՝ Սյունիքի մարզից, 10.6%-ը՝ Շիրակի, 8.8-ը՝ Տավուշի մարզից, 7.4%-ը՝ Լոռու մարզից և 6.7%-ը՝ Գեղարքունիքից: Գործատուների ընտրությունը պայմանավորված է եղել համապատասխան տարածաշրջանում գործող բուհերի առկայությամբ:

Հարցմանը մասնակից կազմակերպությունների 14.4%-ը կրթություն և գիտություն ոլորտից են, 9.2%-ը՝ բանկային գործ և ֆինանսներ, իսկ 8.8%-ը՝ մշակույթ և արվեստ: Գծապատկերում կարելի է տեսնել նաև այլ ոլորտների բաշխման տոկոսները: Հետազոտության շրջանակում ընդգրկվել են տարբեր մեծության կազմակերպություններ: Դրանց բաշխումը, ըստ աշխատակիցների թվի, ունի հետևյալ պատկերը. մինչև 10 աշխատող ունեցող փոքր կազմակերպությունները կազմել են 32.7%, 11-30 աշխատող ունեցող կազմակերպությունները՝ 23.6%, 31-100 աշխատող ունեցողները՝ 27.5%, և խոշոր՝ 101 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությւնները՝ 16.2%: Հարցմանը մասնակցած գործատու կազմակերպությու­ն­նե­րից 12.3%-ը կազմել են միջին օղակի աշխատողներ, 18.3%-ը՝ միջին օղակի ղեկավարներ, իսկ 69.4%-ը՝ վերին օղակի ղեկավարներ: Հարցվողների ուղիղ կեսը եղել են կանայք, որոնց 57.7%-ը զբաղեցրել են վերին օղակի ղեկավարի պաշտոն: Ամենաերիտասարդ հարցվողը եղել է 20 տարեկան, իսկ առավել տարեցը՝ 75: Կազմակերպությունների 52%-ում աշխատակիցների կեսից ավելին ունեն բարձրագույն կրթություն: Այն կազմակերպությունները, որոնց ամբողջ անձնակազմն ունի բարձրագույն կրթություն, կազմում են 34%,:

Գործատուներին հարց է ուղղվել՝ արդյո՞ք նրանց աշխատանքի դիմող թեկնածուների սովորած և ավարտած բուհը հանդիսանում է աշխատանքի ընդունման նախապայման թե ոչ: Այսպես հարցված գործատուների 53%-ը նշել է, որ «տեղեկանում է, սակայն դա աշխատանքի ընդունման նախապայման չէ»: Գործատուների 20%-ն առհասարակ հաշվի չի առնում այդ փաստը, իսկ 27%-ը դիտում է աշխատանքի դիմողի սովորած բուհը որպես աշխատանքի ընդունման նախապայման:

Հարցված գործատուների 56.3%-ի համար միևնույն է, թե որ բուհում է սովորել իրենց ապագա աշխատակիցը: Գործատուների 39.8%-ը նախընտրում է աշխատանքի ընդունել ՀՀ պետական բուհերի շրջանավարտներին: Արտասահմանյան բուհերի շրջանավարտներին նախապատվություն տվող գործատուները կազմել են ընդամենը 2.8%: Հատկանշական է, որԼՂՀ պետական բուհերին նախապատվություն են տալիս ԼՂՀ-ի գործատուները, ինչը խոսում է տվյալ տարածաշրջանում այս բուհերի կարևորության մասին, չնայած որ այս տոկոսը շատ փոքր է: Այս տարի գործատուների նախապատվության ցանկում հատնվել են նաև ՀՀ ոչ պետական բուհերի շրջանավարտները՝ կազմելով 0.7%:

Հետազոտության շրջանակներում նպատակ էր առաջադրված բացահայտել նաև այն բուհերը, որոնց շրջանավարտներն առավել նախընտրելի են գործատուների կողմից: Նախընտրելի բուհերի լավագույն հնգյակը՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

Հետազոտությանը մասնակցած գործատուները նշել են այն խնդիրները, որոնք իրենք տեսնում են ներկայիս բուհական համակարգում: Գործատուների տեսանկյունից ամենանշանակելի խնդիրը «պրակտիկ հմտությունների պակաս»-ն է՝ 20.8%: Կարևոր է նշել, որ այս հետազոտության շրջանակներում՝ երեք տարի անընդմեջ, գործատուների կողմից որպես կարևորագույն խնդիր առանձնանում է հենց «պրակտիկ հմտությունների պակասը»: 2015 և 2014 թվականներին նշված խնդիրը կրկին գլխավորել էր  բուհական համակարգի խնդիրների ցուցակը՝ կազմելով համապատասխանաբար 27.5% և 48.6%:  Բուհական խնդիրների ցանկը ներառում է նաև «ընդհանուր գրագիտության ցածր մակարդակը»՝ 5.7%, «աշխատաշուկայի պահանջներին անհամապատասխանություն»՝ 4.9%, «ոչ արդի կրթական ծրագրեր»՝ 4.5% և «մասնագիտական առարկաների քիչ ժամաքանակ»՝ 4.3% խնդիրները: Գործատուների միայն 1.2%-ն է նշել , որ բարձրագույն կրթության ոլորտում որևէ խնդիր չի  տեսնում:

Հետազոտությանը մասնակցած գործատուները բարձրագույն կրթության բարելավման առաջարկներ են ներկայացրել: Ըստ հարցված գործատուների 12.2%-ի՝ բարձրագույն կրթության որակը կլավանա, եթե ավելանան մասնագիտական պրակտիկաները: Գործատուների 10.1%-ը գտնում է, որ բարձրագույն կրթության որակը կլավանա, եթե կրթական պրոցեսում ներգրավված լինեն բարձր որակավորում ունեցող դասախոսները, իսկ 8.1%-ը գտնում է, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Առաջարկների հնգյակում տեղ են գտել նաև կոռուպցիայի վերացումը՝ 6.1%, և բուհ-գործատու համագործակցության ընդլայնումը՝ 4.6%:

Գործատուները ուշագրավ դիտարկում են կատարել բուհ-տնտեսվարող համագործակցության վերաբերյալ: Այսպես. հարցված գործատուների 21.8%-ը գտնում է, որ իրենց կողմից նշված հիմնախնդիրները լիովին լուծելի են բուհ-գործատու համագործակցության միջոցով: Գործատուների մեծամասնությունը՝ 62.6%-ը, գտել է, որ նշված խնդիրները միայն մասամբ կլուծվեն համագործակցության շնորհիվ: Մինչդեռ, գործատուների 15.6%-ը չի տեսնում բուհ-գործատու համագործակցությունն՝ իբրև բարձրագույն կրթության որակի բարելավման միջոց՝ նշելով, որ այն ընդհանրապես չի նպաստի խնդիրների լուծմանը: Բուհերի հետ համագործակցության փորձ ունեցող գործատուները թվարկել են համագործակցության տեսակները: Թվարկված համագործակցության տեսակներից առավել մեծ կշիռներով առանձնանում են «ուսումնական պրակտիկայի կազմակերպումը», որը կազմել է ամբողջ պատասխանների 49%-ը, «գիտաժողովների և այլ գիտական միջոցառումների կազմակերպումը»՝ 13%-ը, և «մասնագիտական գրականության տրամադրումը»՝ կազմելով 8%-ը:

Ամփոփելով բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները՝  հեղինակները փաստում են, որ բոլոր թիրախային խմբերում բավարարվածության գնահատականները միջինից բարձր են: Սա, մեղմ ասած, տարօրինակ պատկեր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ բուհական կրթության որակի խնդիր թիրախային բոլոր խմբերի կողմից էլ դրվել է: Արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ Հայաստանում դեռևս ձևավորված չեն ո՛չ ուսանողների, ո՛չ դասախոսների, ո՛չ էլ գործատուների պահանջները. կողմերից որևէ մեկը դեռևս չունի հստակ ռազմավարական պատկերացում սեփական անելիքների և առաքելության մասին:

Կարինե Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: