Սամվել Բաբայանին նոր մեղադրանք առաջադրեցին, որովհետեւ նախորդները չապացուցվեցին.Գուրգեն Եղիազարյան

Jul 17, 2017 Չի մեկնաբանվել

Սամվել Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Նրան առաջադրված մեղադրանքի համաձայան, Բաբայանը միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանում բնակվող իր ծանոթի միջոցով հանցավոր ճանապարհով ստացված, հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման միջոցով դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու և հետագայում Հայաստանում շրջանառության մեջ դնելու համար:ԱԱԾ-ն նշում է, թե Սամվել Բաբայանը ծանոթներից փորձնական ձեռք է բերել 4 հատ թղթադրամ, դրանք այլ անձանց միջոցով փոխանցել քիմիայի ոլորտում գիտելիքներ ունեցող՝ Բուժական գյուղի բնակիչ Ժորա Զաքարյանին: Վերջինս էլ իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթից մաքրել է և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին: ԱԱԾ-ն պնդում է՝ հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ, Բաբայանը 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5000 եվրո չափով ներկված թղթադրամներ, որի դիմաց վճարել է 2900 ԱՄՆ դոլար: Գումարների՝ ավտոբուսով Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուց հետո դրանք ԱԱԾ-ն 2016-ի սեպտեմբերին Երևանում հայտնաբերել և առգրավել է:Բաբայանը մեղադրվում է նաև «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու մեջ: Նոր մեղադրանքի վերաբերյալ լսեցին ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, Սամվել Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել, ինչպես կմեկնաբանեք «Իգլայի» գործից մինչեւ փողերի լվացում։

-Մի բան պետք է ապացուցեն, հիմա էլ նման մեղադրանք են առաջադրում։ Նոր մեղադրանք են առաջադրել, որովհետեւ նախորդները չեն ապացուցվում, եւ հարց էր հնչում՝ այդ մարդուն ինչո՞ւ են պահում։

-Իսկ ինչքան կարող են նման մեղադրանքներ առաջադրել ու Բաբայանին պահել անազատության մեջ։

-Քանի դեռ Սերժ Սարգսյանը իշխանության է, հենց որ իշխանության չլինի, այդ հոդվածները կդադարեն։

-Դատելով Սերժ Սարգսյանի ելույնթերից, ինքը կմնա առնվազն մինչեւ 2040 թվական։  

-Դուք սխալվում եք, ուղղակի Հայաստանը այդքան չի դիմանա, միգուցե հայ ազգը դիմադրի, բայց տարածքը հաստատ չի դիմանա։ Կինքնաոչնչանա։Եթե Սերժ Սարգսյանին թողնենք 40 չէ 80 թիվ էլ կմնա:

-Սասնա ծռեր խմբի դատավարությունը եւս աղմկոտ մթնոլորտում է ընթանում։ Ինչով է բացատրվում իշխանության կոշտ վերաբերմունքը տղաների նկատմամբ։

-Սասնա ծռերի հետ դատում են բոլոր նրանց, ում մտքով կանցնի երկրորդ «Սասնա ծռեր» անել, բայց մի բան լավ չեն հաշվարկել, որ այդ մեթոդները նոր Սասնա ծռեր կբերեն, որոնք չեն կրկնի առաջինների կոպիտ սխալները։

-Հանրությունը չի արձագանքում իշխանության կոշտ վերաբերմունքին։

-Եթե հանրությունը իսկապես ակտիվ լիներ, ողջ դատական պրոցեսը իշխանության համար կդառնար գիլիոտին։ Բայց վերջին հայտարարությունը, որից առաջ վայր դրեցինք զենքերը, թերեւս հանգեցրեց նրան, որ հասարակությունը այսպես արձագանքեր։ Հայտարարվեց, որ դուրս են եկել բռնատիրության, գաղութատիրության դեմ։ Երկրորդը՝ կարող ուժերի մեծ մասը այսօր հիասթափված դրսում է։Եթե այսպես շարունակվի , իշխանությունը կմնա իրենք իրենցով, մի քանի մատուցող կպահեն եւ իրենց ընտանիքներն ու բարեկամները։Սակայն սա Հայաստանն է, որտեղ եղանակը միանման չի լինում ․40 աստիճան շոգին փոխարինում է 40 աստիճան ցուրտ, այնպես որ չենք կարող ասել՝ ինչով կավարտվի խրախճանքը ժանտախտի պահին։

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Անդրադարձներ չկան to “Սամվել Բաբայանին նոր մեղադրանք առաջադրեցին, որովհետեւ նախորդները չապացուցվեցին.Գուրգեն Եղիազարյան”

Մեկնաբանել