Կարեն Կարապետյանը շարունակում է մեծացնել արտաքին պարտքը

May 12, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանը շարունակում է մեծացնել արտաքին պարտքը

 

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը, ապրիլի 30-ի դրությամբ, կազմել է 6 մլրդ 37,4 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով՝ մարտի 31-ին այն կազմում էր 5 մլրդ 996,2 մլն ԱՄՆ դոլար: Մեկ ամսվա ընթացքում այն ավելացել է մոտ 41,2 մլն ԱՄՆ դոլարով:

ՀՀ պետական պարտքում ՀՀ կառավարության պարտքը կազմում է 5 մլրդ 514,3 մլն դոլար, իսկ մարտի 31-ի դրությամբ՝ այն կազմել էր 5 մլրդ 478,3 մլն դոլար: Կառավարության պարտքն ավելացել է 36 մլն դոլարով: Այդ թվում ապրիլի 30-ի դրությամբ՝ ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 329,2 մլն դոլար, ինչը նախորդ ամսվա 4 մլրդ 309,6 մլն դոլար պարտքի ցուցանիշի նկատմամբ ավելացել է 19,6 մլն դոլարով:

ՀՀ կառավարության ներքին պարտքը ապրիլի վերջին կազմել է 1 մլրդ 185 մլն դոլար, իսկ մարտին` 1 մլրդ 168,7 մլն դոլար: Այն ավելացել է 16,3 մլն դոլարով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ արտաքին պարտքը ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 523,1 մլն դոլար, իսկ մատի 31-ի դրությամբ` 517,9 դոլար: Այն ավելացել է 5,2 մլն դոլարով:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2008-2016 թվականների ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 3 անգամ. այսպես՝ 2008-ին պետական պարտքը 1 միլիարդ 906 միլիոն դոլար էր կազմում, 2016-ին՝ 6 միլիարդ 370 միլիոն: Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան միջինը 500 մլն դոլարով ավելացրել են պետական պարտքը:

Փետրվարին՝ լրագրողների հանդիպմանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախատեսվում է կուտակել ևս 350 միլիոն դոլար պարտք: Տարին դեռ կես չի եղել, բայց կառավարությունն արդեն պետական պարտքն ավելացրել է 103 մլն դոլարով:

ՀՀ արտաքին պարտքը 2016 թվականի ընթացքում աճել է 482.1 մլն դոլարով. միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը աճել է 303.3 մլն դոլարով։ Ֆիննախի կողմից հրապարակված այս թվերը ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակում է պարտքեր կուտակելու քաղաքականությունը: Այս առումով նա ոչնչով չի տարբերվում իր նախորդներից՝ Տիգրան Սարգսյանից և Հովիկ Աբրահամյանից: Պարտքերն ավելանում են, ներդրումներն ու առևտրաշրջանռությունը՝ ոչ: Հայաստանը պարբերական անկումից հետո այժմ գտնվում է մի վիճակում, երբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը դեռ չի հասել 2012 թվականի մակարդակին:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին երեք ամիսներին երկրի արտաքին առևտուրը կազմել է 1 միլիարդ 246 միլիոն դոլար, մինչդեռ հինգ տարի առաջ այն ավելի մեծ էր՝ 1 միլիարդ 303 միլիոն: Սրան գումարած այս տարվա համար վարչապետի խոստացած 850 մլն դոլարի ներդրումները կարծես թե դեռևս չկան, հակառակը՝ անընդհատ ավելանում է պարտքը:

 

Արման Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: