Մարտունի, Վարդաձոր.  դպրոցում աշակերտների կեսը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, իսկ նորակառույց տների մեծ մասում ապրող չկա/տեսաշար/

Apr 12, 2017 Comments Off on Մարտունի, Վարդաձոր.  դպրոցում աշակերտների կեսը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, իսկ նորակառույց տների մեծ մասում ապրող չկա/տեսաշար/

 

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղը հայտնի է իբրև խոպանչիների գյուղ: Համենայն դեպս իրենք՝ գյուղի բնակիչները, ասում են, որ դեռևս խորհրդային տարիներին Մարտունու շրջանից ամենաշատն իրենց գյուղից էին Ռուսաստան գնում՝ արտագնա աշխատանքի: Վարդաձորցիները հայտնի ասֆալտ փռողներ են:

Հիմա դեռ գյուղի տղամարդիկ գյուղում են, մթնոլորտը համեմատաբար աշխույժ է: Մի քանի օրից գյուղում տղամարդկանց պակասը կսկսի աչքի զարկել, իսկ մեկ-երկու ամիս անց կմնան միայն կանայք, ծերերը և երեխաները: Գևորգ Ներսիսյանը այն հազվագյուտ տղամարդկանցից է, ով վերջին մի քանի տարիներին Ռուսաստան արտագնա աշխաատնքի չի մեկնում: Նա գյուղի ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչն է: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո մեկնել է բանակ, որից հետո, որպես իսկական վարդաձորցի, նա ևս մեկնեց Ռուսաստան՝ Օմսկ՝ շինարարություն անելու: Գործերը վատ չէին, ձմռանը վերադարձել էր՝ հետադարձ տոմսը ձեռքին՝ մեկ ամիս անց կրկին վերադառնալու նպատակով: Բայց ճակատագիրն այլ բան էր նախապատրաստել՝ այստեղ բոլորովին պատահաբար հանդիպեց ապագա կնոջը՝ Մենուհուն, և չվերադարձավ: Հետո արդեն, երբ  դպրոցում աշխատանքի էր անցել, ամռան արձակուրդային ամիսներին նորից գնում էր Ռուսաստան՝ փող աշխատելու. <<Մանկավարժի աշխատանքը սիրում եմ, բայց աշխատավարձը, գիտեք, շատ քիչ է: Դրա համար ես դարձա խոպանչի մանկավարժ>>,- ասում է ու ինքն իր ասածի վրա ծիծաղում:

Բայց արդեն երեք տարի է, ինչ չի գնում. Նախ՝ մայրը առողջական խնդիրներ ուներ. նա բավական երիտասարդ տարիքում հեռացավ կյանքից: Խնդիրները շատ են, ապրում է եղբոր ընտանիքի հետ միասին: Բակում նոր տուն են կառուցում, բայց դեռ չեն կարողանում ավարտել: Ընդհանրապես Վարդաձորը Հայաստանի այն հազվագյուտ գյուղերից է, որտեղ մեծ մասամբ նորակառույց երկհարկանի տներ են, որոշներն անգամ ապարանքի տպավորություն են թողնում. «Մեր գյուղի բոլոր խոպանչիները լավ-լավ տներ են կառուցել իրենց ընտանիքների համար: Բայց այդ տների մեծ մասը հիմա դատարկ է, ապրող չկա: Տները կառուցել են, դռները փակել և ընտանիքով գնացել Ռուսաստան: Կան մարդիկ, որ ամռանը մեկ-երկու ամսով գալիս են՝ որպես «դաչա»,- պատմում է Գևորգն ու շարունակում արդեն զայրացած տոնով:- Մեր դպրոցի  մոտ 300 աշակերտների համարյա կեսը ՌԴ քաղաքացի են, և սա իմ ամենամեծ ցավն է: Մեր պետության ամենամեծ բացթողումն է սա, որ մեր երեխեքը ուրիշ երկրի քաղաքացի են: Սրանք այն ընտանիքներն են, որոնց հայրերը այնտեղ են, ընտանիքին նախապատրաստել են, ու վաղ թե ուշ կգնան>>:

Գևորգի խոսքով՝ գյուղացուն տեղում պահելու համար պետությունը պիտի մի բան անի, մարդիկ պիտի կարողանան տեղում փող աշխատել, թե չէ հայրենասիրական մղումներով մնացողներից մեկն ինքն է, բայց այդպիսիք քիչ կլինեն: Վերջին տարիներին, իհարկե, Ռուսասատանում էլ գործերն առանձնապես լավ չեն. <<Բայց հենց էնտեղ լավացավ, իսկ մեր մոտ նույնը մնաց, գյուղը լրիվ կդատարկվի>>,-ասում է Գևորգն ու շարունակելով նշում, թե կոնկրետ ինքը նշված խնդիրներին այլ մոտեցում ունի: Որոշել է տեղում գտնել լավ ապրելու բանաձևը: Օրինակ՝ վերջին տարիներին պարապում է նաև դիմորդների հետ. <<Հարազատների և չունևորների երեխեքից փող էլ չեմ վերցնում>>,- ասում է Գևորգը: Իսկ հիմա որոշել է մասնակցել է ԿԳՆ հայտարարած Արարատյան բակալավրիատի գերազանցության ծրագրին. լսել է, որ ԱԲ հավաստագիրն ունենալու դեպքում կարող է մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ստանալ: Քաղաքական հայացքներով ընդդիմադիր է՝ կոնկրետ որևէ մեկին չի համակրում, բայց իշխանությանը չի կարողանում ներել շատ բաների համար. <<Ես պետականամետ մարդ եմ, հայրենասեր և ազնիվ առաջնորդի համար ոչ միայն ձայնս, այլ կյանքս էլ կտամ, բայց ես տեսնում եմ, որ մեզ նայում է ոնց որ օտարի: Ուսանողական տարիներին քաղաքականապես շատ ակտիվ էի, անգամ ընկերներով հացադուլի ենք նստել՝ նախագահականի մոտ: Շարմազանովն էլ էր մեր հետ… հե՜յ գիտի օրեր>>:  Գևորգի խոսքով՝ այժմ ԱԺ փոխնախագահ Էսուրադ Շարմազանովի հետ շփվում է Ֆեյսբուքով: Հետաքրքրվեցինք՝ նա տեղյա՞կ է, որ Գևորգը քննադատում է իշխանությանը. «Այո, տեղյակ է, բայց դա չի խանգարում որ շփվենք: Մենք իրար ընդունում ենք, որպես ուսանողական ընկերներ»,- պատասխանեց նա:

Գևորգի հայրը՝ վարպետ Արևշատը, նախկինում աշխատել է իրենց գյուղի գործարանում, հիմա գյուղում փոքրիկ խանութ ունի՝ սեփական գործն է դրել: Առևտրից չի դժգոհում, բայց շատ լուրջ է «նիսյաների» հարցը. <<Երևակայեք, համարյա 5 մլն դրամի նիսյայի ցուցակ ունեմ: Մարդիկ կան, որ 5-6 տարի է՝ պարտք չեն փակում: Ասում են՝ չունեմ, էսօր կտամ, վաղը կտամ, երկու ամսից կտամ…. Ու չեն տալիս: Պատահական մարդ չկա, բոլորը մոտիկ մարդիկ են ու դրա համար էլ օգտվում են առիթից: Ի՞նչ անեմ, ես էլ չգիտեմ»,- նիսյա ցուցակների տրցակները թերթելով՝ ասում է վարպետ Արևշատը: Նրա խոսքով՝ այս սեզոնին ամենաշատ պահանջարկ ունեցող ապրանքը օղին է:

Գյուղամիջում հավաքված մարդիկ սիրում են պատմել իրենց գյուղի պատմությունը: Գյուղը նախկինում Ադամխան անունն է ունեցել: Դա գալիս է դեռևս Լենկ Թեմուրի ժամանակներից, երբ իրենց նախնիները պայքարել են Թեմուրի զորախմբի դեմ և թույլ չեն տվել, որ բերդը գրավվի: Նրանք նաև հպարտությամբ պատմում են, որ սովետական տարիներին ուրարտական սեպագիր արձանագրություն են գտել իրենց գյուղից, որը հետագայում տարել են Թբիլիսի և մինչև հիմա այնտեղ է:

Իսկ ընդհանրապես Վարդաձորն ապրում է իր սովորական առօրյայով, որը մի փոքր խաթարվել էր ընտրությունների փուլում: Այստեղ իշխող ՀՀԿ-ն ու <<Ծառուկյան>> դաշինքը հավասար ձայներ էին ստացել: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գորգորյանը այս գյուղի փեսա է, բայց ամեն դեպքում նա այստեղ չէր կարողացել հաղթանակ տանել:

 

Կարինե  Սարիբեկյան

Մարտունի-Երևան

Լուսանկարում՝  Գևորգն ու իր ընտանիքը

 1 2 3 4 5 6 7 8 9 11 12 13

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: