Այլանդակ ու այլասերված

Apr 08, 2017 Comments Off on Այլանդակ ու այլասերված

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին հիմնական գործոն դարձավ ընտրակաշառքն ու թվանկարչությունը, այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, ինչպիսին էին այս ընտրությունները, որոնցով Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգին։ Ընտրության արդյունքները իրականության հետ ինչպիսի աղերս ունեն։

-Մինչ ընտրություններն արդեն կանխատեսել էի, որ գործոն է դառնալու ընտրակաշառքն ու թվանկարչությունը։ Ընտրական այն օրենսգիրքը, որն իշխանությունը ներկայացրել էր հանրությանը, մեծ ծուղակ էր հասարակության եւ քաղաքական ուժերի համար ի դեմս ռեյտինգային ընտրակարգի։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ այս որակի այլանդակ ու այլասերված ընտրություն Հայաստանի կյանքում չի եղել։ Հասարակությունն այն վիճակում է, որ կաշկանդված է փողոց դուրս գալու, առնվազն 82 տոկոսը իշխանության եւ վերջինին սպասարկող հաճախորդ քաղաքական ուժերի հետ մտավ գործարքի մեջ ու 10 հազար դրամով ընտրեց։ Իհարկե, այս ամենում հասարակության մեղքի բաժինն ավելի քիչ է, քան իշխանությանը, որն իր ժողովրդին վերածեց ապրանքի ու գին նշանակեց եւ թաղի խուժանի, կրիմինալի ճնշման տակ տարավ ընտրության։

-Բոլոր դեպքերում թվանկարչություն որպես այդպիսին տեղի չի ունեցել, սակայն դուք ասացիք, որ թվանկարչություն է եղել։

-1 միլիոն հինգ հարյուր քանի հազար որտեղի՞ց ընտրող կա։

-Ընտրություններին մասնակցի քաղաքական ուժերից շատերը հայտարարեցին, թե ընդունում են ընտրությունների արդյունքները, բողոքարկումներ չեն լինում, ինչու են լռում, եթե ընտրությունները կեղծվել են։

-Նույն ՕԵԿ-ը, որը դարձավ ՀՎԿ մեր կանխատեսումներով պետք է լիներ պառլամենտում, բայց չկա, ինչը նշանակում է, որ այդպիսով ամեն ինչ արվում է, որպեսզի կեղծված ընտրությունը ներկայացնեն նորմալ ընտրություն, հակառակ դեպքում առաջինը իրենք պետք է անցնեին։ Ի դեպ, առաջին արձագանքը, հայտարարությունն էլ այդ ուժն արեց, որ ընդունում է ընտրությունների արդյունքները, ամեն ինչ «օքեյ» է։ Ես գտնում եմ, որ առնվազն 400 հազարից ավել թվանկարչություն է եղել։ Իսկ թե ինչու բողոքարկումներ չեն անում, հետեւություններ հանրությունը կարծում եմ՝, որ կանի։

-Ելք դաշինքի դեմ ընտրություններից հետո անխնա քննադատություն է ուղղվում, համարում են, որ այդ ուժը իշխանական «պրոյեկտ» է, դրա համար էլ անցավ խորհրդարան, համաձայն եք այդ կարծիքի հետ։

-Ոչ, համաձայն չեմ, որովհետեւ ընտրազանգվածի այն 18 տոկոսը, որը չմտավ գործարքի մեջ, պետք է , ի վերջո, կողմնորոշվեր եւ մեկին քվեարկեր, և չարյաց փոքրագույն է ընտրել Ելք-ը, որի քաշող ուժը Նիկոլն է, դավադրություն անելը ճիշտ չէ։ Ընդ որում այս ընտրությանը կաշառք վերցրածների 95-99 տոկոսը ումից փողը վերցրել, նրան էլ ընտրել են, որովհետեւ հոգեբանական բարդույթ ունեին, տեսախցիկները, մատնահետքերը մարդկանց վրա ազդել են։ Ապագա խորհրդարանը ամենավատագույնն է լինելու մեր անկախացումից հետո, դեգրադացման պրոցեսը ավելի խորացել է, փողով ընտրված մարդը չի կարող քաղաքական դերակատարում ունենալ, լավագույն դեպքում կոճակ սեղմող պետք է լինի։

-Հետեւաբար սխա՞լ է, որ Ելք-ը վերցնում է մանդատները։

-Ոչ ճիշտ է, որովհետեւ, եթե հիմա մանդատներից հրաժարվում ես, պետք է այլընտրանքը տեսնես, թե ինչ զարգացումներ կան, եթե այլընտրանքը չի երեւում, մանդատներ վերցնելը ճիշտ է, այդ ամբիոնը պետք է օգտագործվի, կարող է պահ գա, որ դրա անհրաժեշտությունը լինի, բայց այսօր չեմ տեսնում չվերցնելու անհրաժեշտություն։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: