Առանց հավատքի նույնիսկ ամենաճոխ կյանքը հոգևոր ամայություն է, իսկ առանց Աստծո ապրած օրերը՝ անիմաստ վատնում. Տեր Աբրահամ
Մեծ պահքը հենց այն առիթն է, որպեսզի փոխենք մեր խնդրանքի ուղղությունը և տեսնենք այն պատնեշը, որ կա մեր ու Տիրոջ միջև, նշում է Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։
«Առաքյալներն ասացին Տիրոջը. «Ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղուկաս 17:5)։
Մեծ պահքի այս նվիրական օրերին, երբ փորձում ենք մաքրել մեր հոգին ու մարմինը, շատերս ենք ծնկում աղոթքի, բայց արդյո՞ք մեր խնդրանքները նույնն են, ինչ Քրիստոսի աշակերտներինը։ Այսօր աշխարհը մեզ սովորեցնում է խնդրել «ինձ համար»՝ ավելի շատ հարստություն, ավելի երկար կյանք, ավելի շատ հաջողություն»,- նշել է Տեր Աբրահամը։
Տեր Հոր խոսքով՝ մենք հաճախ Աստծուց ժամանակ ենք խնդրում մեր երկրային գործերն ավարտելու և մեր հարմարավետությունն ապահովելու համար՝ մտածելով, թե ինչպես ավելին ունենալ, որպեսզի ավելի հեշտ ապրել, սակայն առաքյալների խնդրանքն այլ էր։
«Նրանք չխնդրեցին իշխանություն կամ հարստություն, նրանք խնդրեցին Հավատք, որովհետև հասկանում էին, որ առանց հավատքի նույնիսկ ամենաճոխ կյանքը հոգևոր ամայություն է, իսկ առանց Աստծո ապրած օրերը՝ անիմաստ վատնում։ Մեծ պահքը հենց այն առիթն է, որպեսզի փոխենք մեր խնդրանքի ուղղությունը և տեսնենք այն պատնեշը, որ կա մեր ու Տիրոջ միջև։
Մինչ մենք ասում ենք՝ «Տե՛ր, տուր ինձ հարստություն և կյանքի երկար օրեր, որպեսզի ես ինձ համար ապրեմ», պահքի հոգևոր ձայնը մեզ հուշում է այլ ուղի՝ «Տե՛ր, ավելացրո՛ւ հավատս, որպեսզի ես Քեզ համար ապրեմ»։ Սա սոսկ սննդից հրաժարվելու ժամանակ չէ, այլ սեփական «ես»-ի պաշտամունքից ձերբազատվելու և սիրտը աշխարհային ցանկություններից դատարկելու հնարավորություն, որպեսզի այնտեղ բնակվի Քրիստոսը։
Եվ երբ մեր սիրտը լցվի այդ կենդանի հավատքով, մենք կզգանք, որ ունենք ամեն ինչ, նույնիսկ եթե ոչինչ չունենանք, որովհետև Աստծով ապրած յուրաքանչյուր վայրկյանն արդեն իսկ անսպառ հարստություն է և հավիտենական կյանք»,- հավելել է Տեր Աբրահամը։
