Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։ Այս մասին գրում է Հետքը։

AnewZ ադրբեջանական միջազգային հեռուստաալիքի յութուբյան ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց մեկ ու կես ժամանոց ֆիլմ՝ Բաքվում բանտարկված հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի կամուրջն անցնելիս՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման ժամանակ։ Նրան այնուհետև տեղափոխել էին Բաքու և առաջադրել մի շարք կեղծ մեղադրանքներ, ինչպես՝ «ահաբեկչության ֆինանսավորում», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում և գործունեությանը մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» և այլն։ Բաքու տարվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ հացադուլ է արել՝ հայ գերիների ազատ արձակման, Բաքվում արդար դատավարության պահանջներով։ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն չէր տրվել ծանոթանալ պաշտոնական մեղադրական եզրակացությանը, նա բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմին հնարավորություն չի տրվել մուտք գործել Ադրբեջան և իրականացնել նրա պաշտպանությունը։ Նրա գործով դատական գործընթացը դեռևս շարունակվում է։

Ֆիլմը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն: Ֆիլմում ներառված են հատվածներ նախկինում Արցախի ԱԽ քարտուղար, ռազմական ու քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի, Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ժողովի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ իսպանական TPTM Media-ին տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում են կա՛մ Ռուբեն Վարդանյանի, կա՛մ այնպիսի կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ Ռուբեն Վարդանյանը առնչություն է ունեցել: Մինչդեռ նրանք համաձայնել էին հարցազրույց տալ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար:

The Oligarch’s Design կամ «Օլիգարխի նախագիծը». ինչի՞ մասին է ֆիլմը

Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմի առաջին հատվածը 2019 թվականին իրականացված «Տրոյկա լվացքատուն» հետաքննությունն է: AnewZ-ը, առանց որևէ աղբյուր նշելու, ֆիլմի մեծ մասը նկարել է հենց այս հետաքննության հիման վրա։

OC Media-ն, ուսումնասիրելով ֆիլմի արտադրության ներքին աշխատանքային որոշ նյութեր, պարզել է, որ արտադրության առանցքում եղել է թուրք մեդիաաշխատողների խումբ, որոնք սերտ մասնագիտական կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Նրանցից մեկը՝ Աթական Քերքուքլուն, նախկինում ներկայացրել է Ադրբեջանի կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք վավերագրական ֆիլմեր և շրջագայել է ադրբեջանական դեսպանատներով՝ դրանք ցուցադրելու համար, որոնց թվում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված ֆիլմ։ Մյուսը Օմեր Ֆարուք Թունջն է, որը Թուրքիայի ամենախոշոր պետական լրատվամիջոցներից մեկի՝ Anadolu Ajansı-ի ավագ պրոդյուսեր է։

Ֆիլմն անդրադառնում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում, հատկապես շրջափակման ընթացքում ունեցած գործունեությանը: Նա ներկայացվում է խիստ բացասական քողի տակ: Նրան մեղադրում են Արցախում շրջափակման ընթացքում ժողովրդի մեջ ներքին հակասություններ առաջացնելու, անջատողականություն սերմանելու և նույնիսկ Արցախում երեխաներին ռազմական գործողությունների դրդելու մեջ։ Ֆիլմի նկարագրության մեջ այն ներկայացված է որպես հետաքննական-վավերագրական, իսկ հեղինակների կամ արտադրողների մասին որեւէ հիշատակում չկա:

Ֆիլմում որպես փորձագետներ են ներկայացվում ադրբեջանական պետական քարոզչությամբ զբաղվող անձինք: Օրինակ՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար (1998-1999թթ․), քաղաքական գործիչ Թոֆիկ Զուլֆուգարովը, որը եղել է Ադրբեջանի դեսպանը Էստոնիայում և Լատվիայում։

Ներառվել են նաև հատվածներ Ֆարհադ Մամեդովի, Օրխան Ամաշովի, Արզու Զեյնալաբդիեւայի, ինչպես նաև Ուկրաինայի մի քանի քաղաքական գործիչների հետ հարցազրույցներից։

Նշվածներից Ֆարհադ Մամեդովը 2025 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան որպես քաղհասարակության ներկայացուցիչ ադրբեջանական պատվիրակության կազմում։ Նա եղել է Ադրբեջանի նախագահի վերահսկողության տակ գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, իսկ ներկայում Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է։

Ֆիլմում հարցազրույցներից մեկը AnewZ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Օրխան Ամաշովի հետ է, որտեղ նրա խոսքը որպես փորձագիտական կարծիք է ներկայացվում: Նա AnewZ-ի գլխավոր խմբագիրն է 2024 թվականից: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նա մասնակցում էր Լաչինի միջանցքում հավաքված այսպես կոչված «էկոակտիվիստների» հավաքին։ Այդ ժամանակ նա Azernews թերթի գլխավոր խմբագիրն էր։ Ամաշովն իր սոցցանցերում (Instagram, X) և հաղորդումներում ներկայանում է որպես միջազգային իրավաբան ու քաղաքական մեկնաբան, հաճախ է ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով:

Բոլոր նշվածները Վարդանյանին մեղադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին խանգարելու մեջ՝ առաջ քաշելով այն միտքը, թե իբր այդ գործընթացը խաթարելու համար է նրան Արցախ ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանում նկարահանված հարցազրույցները

Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին, բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը (Carmen Dolores Francisco Marques)։ Նա հարցազրույցների կազմակերպման և նկարահանման համար դիմել է Հայաստանում ֆրիլանս ֆիլմարտադրող Միքայել Դիշունցին:

Վերջինիս խոսքով, իր հետ կապ են հաստատել Բուլղարիայից (Դիշունցը հրաժարվել է բացահայտել անունները կամ կազմակերպությունը) և առաջարկել են համագործակցել իսպանական TPTM Media-ի լրագրող Կարմեն Մարկեսի հետ՝ հարցազրույցներ կազմակերպելու և նկարահանելու համար։ Առաջարկին Միքայել Դիշունցը համաձայնել է։ Մարկեսը ներկայացրել է Հայաստանի մասին ծրագրված ֆիլմի նկարագրությունը և մարդկանց ցանկ, ում հետ ցանկանում էր հանդիպել հարցազրույցի նպատակով։

Դիշունցի խոսքով՝ ինքը հաճախ է կազմակերպում նկարահանումներ, և դա իր համար եղել է հերթական պատվերներից մեկը, իսկ կազմակերպությունը (TPTM Media Spain SL) լուրջ տպավորություն է թողել, ուստի կասկածելի չի եղել իր համար։

«Իմ աշխատանքը կայացել է ներկայացված ցանկի մարդկանց հետ կապ հաստատել, պայմանավորվել հարցազրույցի համար ու տեսանկարահանել հարցազրույցները։ Մենք լրիվ ուրիշ թեմայով հարցազրույցներ ենք կազմակերպել ու այստեղ պարզապես ապահովել ենք օպերատորի, լուսավորողի ու թարգմանչի աշխատանքը»,- պատմում է Դիշունցը։

Իրեն ուղարկված ցանկում մոտ տասը հոգու անուն է եղել, որից Դիշունցը կարողացել է խոսել ու պայմանավորվել միայն չորսի հետ։ Ինչպես Միքայել Դիշունցը, այնպես էլ Կարմեն Մարկեսը հրաժարվել են մեզ ասել, թե ի սկզբանե ում հետ պետք է կազմակերպվեին հարցազրույցները։ Հայաստանում նկարահանումները տևել են 5 օր։ Ֆիլմի հրապարակումից հետո, որտեղ ընդգրկված էին նաև Հայաստանում արված հարցազրույցները, Դիշունցը կապվել է Կարմեն Մարկեսի հետ՝ պարզաբանման համար։

«Անցկացված հարցազրույցները Ռուբեն Վարդանյանի մասին չեն եղել, միայն ընթացքում լրագրողը (Կ. Մարկեսը – հեղ.) նաև Ռուբեն Վարդանյանին վերաբերող հարցեր է տվել։ Հրապարակված ֆիլմը որևէ կերպ չի առնչվում ի սկզբանե նկարագրված ֆիլմի հետ»,- ասում է Դիշունցը։

Կարմեն Մարկեսը Դիշունցին ասել է, թե իբր TPTM Media-ն ֆինանսական խնդիրների պատճառով թողել է ֆիլմի նախագիծը ու ստիպված է եղել վաճառել տեսանյութերը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին» Թու ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան Զելենսկին և Պուտինը պատրաստ են․ Թրամփ Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք բերում Արցախից․ ակցիայի մասնակից 34-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ նա հայտնվել է ձնակույտի մեջ Մեղադրանք է առաջադրվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին «Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հարություն Աղա-Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am