«Անկայունությունը հեշտությամբ է սկսվում, սակայն դրա ավարտը երբեք հեշտ չէ»․ Հայաստանում Իրանի դեսպանի հոդվածը
NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հոդվածը՝ ուղղված հայ ժողովրդին։
Դեսպանի հոդվածում, մասնավորապես, ասվում է․
«Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, թեև, ինչպես միշտ, ազդվել են արևմտյան լրատվամիջոցների կողմից ստեղծված մթնոլորտից, կրկին հանրության ուշադրությանն են արժանացրել երկու ծանոթ հարց․ հարցեր, որոնք իմաստալից են ոչ միայն իրանցիների, այլև ճգնաժամի, անցումային շրջանի և սոցիալական լարվածության փորձն ապրած բոլոր հասարակությունների համար։
Առաջին հարցն այն է, թե որտե՞ղ է սահմանը քաղաքացիական բողոքի և բռնության միջև, և ինչո՞ւ այդ սահմանի պահպանումը կենսական նշանակություն ունի ցանկացած հասարակության առողջության և կայունության համար։
Երկրորդ հարցը՝ նման հանգրվաններում որոշ արտաքին դերակատարներ, երկխոսության և հանդուրժողականության մշակույթը խթանելու փոխարեն, ինչո՞ւ են ընտրում ապակառուցողական միջամտության, լարվածության սրման և ապակայունացման ուղին։
Յուրաքանչյուր երկրում խաղաղ բողոքը սոցիալական և քաղաքական կյանքի անքակտելի մասն է։ Ոչ մի կենդանի հասարակություն չի կարող առաջընթացի և զարգացման ճանապարհն անցնել առանց դժգոհությունների արտահայտման և պահանջների ներկայացման հնարավորության։ Միևնույն ժամանակ, թե՛ Իրանում, թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհի բազմաթիվ այլ վայրերում, պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ բողոքը դուրս է գալիս քաղաքացիական շրջանակից և միախառնվում է հանրային անվտանգության դեմ սպառնալիքների, կործանարար գործողությունների, բռնության և անկայունության հետ, դրա առաջին զոհը դառնում է հենց հասարակությունն ու նրա սոցիալական կապիտալը։
Իրանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մի հատվածում տնտեսական պահանջներով առաջնորդվող քաղաքացիական բողոքի ակցիաները մի քանի օր շարունակ խաղաղ մթնոլորտում էին ընթանում՝ կառավարության կողմից ճանաչման և անվտանգության ուժերի աջակցության պայմաններում, ինչը արժութային սուբսիդավորման փոփոխության ոլորտում կառավարության նոր որոշումը հասկանալու և առաջացած ցնցումների մեղմման ուղիները քննարկելու նպակակով երկխոսության համար հնարավորություն էր ստեղծում ժողովրդի և իշխանությունների միջև։ Սակայն հանկարծ քաղաքացիական բողոքի և փողոցի ասպարեզը խլվեց հասարակությունից, և որոշ տարրերի ներթափանցմամբ, որոնց հիմնական առաքելությունն էին բռնությունը, կործանարար գործողությունները, սպանությունը և անվտանգության խաթարումը, ականատեսը եղանք մի իրավիճակի ստեղծման, երբ բռնությունը փոխարինեց երկխոսությանը և վնաս հասցրեց հանրային անվտանգությանն ու քաղաքացիների բնականոն կյանքին։
Հայաստանի հասարակության համար այս օրինաչափությունն անծանոթ չէ։ Ձեր երկրի պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական բռնությունը և բողոքի ցույցերի արմատականացումը, հատկապես երբ դրանք ուղեկցվում են աշխարհաքաղաքական մրցակցություններով կամ արտաքին ուժերի ճնշումներով, թիրախավորում են կայուն ժողովրդավարությունը, քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը և ոչ մի այլ արդյունքի, բացի անկայունությունը, համայն հասարակությանը հասցված վնասը և հանրային վստահության քայքայումը, չեն հանգեցնի։ Այդ պատճառով հայկական քաղաքական մշակույթում օրինական բողոքի և կործանարար բռնության տարանջատումը ընդունված ազգային սկզբունք է, որը վեր է քաղաքական և կուսակցական բաժանարար գծերից։
Թե՛ խոսքով, թե՛ գործով արտահայտվող բռնության մերժման ընդգծումը չի նշանակում բողոքի և հավաքների իրավունքի ժխտում։ Այս դիրքորոշումը, նախևառաջ, հասարակության պաշտպանությունն է՝ քաղաքացիների և երկրի անվտանգության, մարդկանց առօրյա կյանքի և մեկ ընտանիք հանդիսացող ժողովրդի ներսում խնդիրների աստիճանական և խաղաղ լուծման հնարավորության պաշտպանությունը։
Պատմական փորձը ցույց է տալիս, որ այն շարժումները, որոնք կամա թե ակամա դիմում են լարվածության սրմանը և կործանարար գործողություններին, հաճախ նպաստում են ճգնաժամի շրջափուլի վերարտադրմանը․ մի շրջափուլ, որից դուրս գալը բոլորի համար մեծ գին է պահանջում։ Այս կործանարար գործողությունների ընթացքում չարաշահվում են ազգային ինքնության պատմական խորհրդանիշները և արժեքավոր նշանները, ինչպես օրինակ՝ դրոշը։ Խռովարարներն ու անջատողականները, առանց հաշվի առնելու հասարակության անցյալի փորձը և ժողովրդի ազգային ինքնությունը, պատրաստակամ են թույլ տալ արտաքին գործոններին կամ այլ երկրներին դերակատարություն ունենալ իրենց ճակատագրի որոշման հարցում։ Նրանք այնքան են խորասուզվել այդ մթնոլորտի մեջ, որ նույնիսկ ցանկանում են՝ արտաքին ագրեսորը հարձակվի իրենց երկրի վրա, որպեսզի նրանք, ըստ ունեցած երևակայությունների, հասնեն իրենց նպատակներին։ Այս փոքր խմբի անդամները հիմնականում Իրանի սահմաններից դուրս ապրում են խաղաղ ու ապահով կյանքով, և նրանց սոցիալական հենարանը, «արտաքին աջակցությունն» է, իսկ նրանց ազդեցության գործիքը՝ «զգացմունքների բորբոքումը և քաղաքացիական բողոքների չարաշահումը»։
Այս իրավիճակում նրանց կողմից առաջ քաշվող անձի պաշտապունքը և հետադիմականությունը անցյալ դարի ողբերգության կատակերգական կրկնությունն է։ Այս երևույթը հիշեցնում է Եվրոպայում 1930–1940 թվականներին գործող այն հոսանքները, որոնք երբեմն նացիստական Գերմանիայի հարձակումը սեփական երկրի վրա համարում էին «փրկության հնարավորություն», «քաղաքական մաքրագործում» կամ «ազգային կարգի վերականգնում»։ Այդպիսի մտածողությամբ էին օժտված այնպիսի գործիչներ, ինչպիսիք են ֆրանսիացիներ Ժակ Դորիոյը (Jacques Doriot) և Մարսել Դեան (Marcel Déat), հոլանդացի Անտոն Մուսերտը (Anton Mussert), հույն Իոանիս Ռալիսը (Ioannis Rallis) և ռումինացի Հորիա Սիման (Horia Sima). մարդիկ, ովքեր մահվան, ավերածությունների և կործանման մատնեցին իրենց երկիրը և սեփական ժողովրդին։
Իրանը, ինչպես և Հայաստանը, հնագույն ու խոր պատմական հիշողություն ունեցող երկիր է։ Իրանական մշակույթում Ռոստամի և Սոհրաբի հինավուրց պատումը սոսկ հերոսական դյուցազներգություն չէ, այլ՝ գիտելիքի և երկխոսության նկատմամբ շտապողականության և թյուրըմբռնման կրած հաղթանակի ողբերգություն։ Այս պատումի մեջ առկա է նաև ոչ իրանական տարր՝ Աֆրասիաբը, որը ձգտում է ներքին պատերազմ հրահրել՝ հոր (Ռոստամի) և որդու (Սոհրաբի) միջև առճակատում ի հայտ բերելու և Իրանը կործանելու նպատակով։
Ֆիրդուսու այս պատումը դարեր շարունակ հիշատակվում է որպես մշակութային նախազգուշացում այն մասին, որ երբ բռնությունը փոխարինում է բանականությանն ու երկխոսությանը, կարող է մի ամբողջ ազգ տանել դեպի կործանման անդունդը և հանգեցնել անդառնալի հետևանքների։
Իրանն ամենահին քաղաքակրթությունն է, որը մինչ այսօր կենդանի պատմություն ունի իր տարածքում։ Իր գաղտնիքներով լի ու առասպելական ողջ պատմության ընթացքում ցանկացած դժվարության ու թշնամանքի դիմաց Իրանն ամեն անգամ Փյունիկի պես վեր է հառնել իր մոխիրից և հասել վերելքի։ Թշնամիները, որոնք անմարդկային և դաժան պատժամիջոցների պատճառով ինքնին դարձել են մեր՝ իրանցիների կյանքի դժվարությունների հիմնական պատճառը, և այսօր կեղծ լոզունգներ են հնչեցնում Իրանի ժողովրդին աջակցելու վերաբերյալ, մի օր կհասկանան, որ պատմության ամբողջ ընթացքում ձգվող քաղաքակրթություն և մշակույթ ունեցող ժողովրդին հնարավոր չէ հաղթել։ Իրանի թշնամիները ամեն անգամ մի դռնից մտնում են և ձախողված հետ վերադառնում։
Այս տեքստը ոչ թե դատելու փորձ է, այլ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդի համար նախատեսված զեկույց։
Որպեսզի Իրանի մասին քննարկումը կառուցողական լինի, այն կարող է հիմնվել ընդհանուր սկզբունքների վրա՝ բռնության մերժում, քաղաքացիական անվտանգության պահպանում, երկրի ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանք, ինչպես նաև՝ քաղաքացիական բողոքի և կործանարար վարքի միջև հստակ սահմանի պահպանում։
Այս սկզբունքները ո՛չ արևելյան են, ո՛չ էլ՝ արևմտյան, ո՛չ իշխանական են, ո՛չ էլ՝ ընդդիմադիր։ Դրանք իր տարաձայնություններն առանց քաոսի, անկարգության և անկայունության մեջ խորտակվելու լուծել ցանկացող յուրաքանչյուր հասարակության նվազագույն կանոններն են։
Որպես Հայաստանում Իրանի դեսպան՝ իմ տեսակետն այն է, որ մեր երկու ժողովուրդներն էլ ապրել են պատմության խաչմերուկներում և քաջ գիտեն, որ «անկայունությունը հեշտությամբ է սկսվում, սակայն դրա ավարտը երբեք հեշտ չէ»։ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների ընդհանուր փորձը մեծ արժեք է միմյանց հասկանալու, միմյանց պայմանները խորը ըմբռնելու և իրար կողքին լինելու համար։
Թող մի՜շտ այդպես էլ լինի»։
