«Խնդրում եմ մի պահ իջեք օդից»․ Մարությանը Փաշինյանին հարց է ուղղել տրանսպորտի թանկացման մասին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, որ 2018 թվականից սկսած Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքն աճել է շուրջ 400 տոկոսով․
«Էդ օդայինը հասկացանք, հիմա խնդրում եմ մի պահ իջեք օդից և մեզ` գետնի վրա և անգամ գետնի տակ երթևեկողներիս պատասխանեք:
Գրում եմ այստեղ՝ դիմելով ՀՀ կառավարության ղեկավարին եւ մի մարդու, որը 2018-ին սոցիալական արդարության գաղափարներով, ժողովրդական ընդվզման ալիքի վրա եկավ իշխանության։
Երեւանի քաղաքապետարանն արդեն մեկ տարի է՝ տրանսպորտի թանկացման ծրագիր է ընդունել եւ մտադիր է փետրվարի 1-ից գործի դնել այն։ Առանց մանրամասնությունների մեջ խորանալու (վստահ եմ, դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ունեք), նշեմ, որ այս թանկացմանը դեմ է Երեւանի բնակչության ճնշող մասը։ Բավական է ասել, որ դեկտեմբերին ոչ մեծաթիվ խմբի հետ ես ստորագրահավաք եմ արել եւ հավաքել ենք թանկացման դեմ ավելի քան 76 000 ստորագրություն։ Դա ավելին է, քան ՔՊ-ն հավաքել է 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններին։ Վստահեցնում եմ, դրանից մի քանի անգամ ավելին էլ կարող ենք հավաքել։ Թանկացումը որեւէ կերպ հիմնավորված չէ նաեւ ֆինանսական հաշվարկներով․ մենք արդեն իսկ բացատրել ենք, թե ինչպես կարելի է զարգացնել Երեւանի տրանսպորտը՝ առանց սոցիալապես ամենախոցելի խավի գրպանին դիպչելու։
Երեւանում ձեր վստահորդ Տիգրան Ավինյանը մեր փաստարկներին ի պատասխան ասել է, թե իրեն չի հետաքրքրում հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքը՝ ինքը թանկացումը մինչեւ վերջ տանելու է։ Մենք նաեւ լավ գիտենք Ավինյանի ու նրա մերձավոր շրջապատի՝ հասարակ ժողովրդի մասին ունեցած կարծիքի մասին՝ առհասարակ։ Այս ամենը հաշվի առնելով, ես համարում եմ, որ նրան այլեւս հարցեր տալու եւ պատասխաններ ակնկալելու իմաստ չկա։
Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին Դուք՝ որպես ձեր քաղաքական թիմի ղեկավար եւ երբեմնի հեղափոխության առաջնորդ։ Դուք այս ողջ ընթացքում լուռ եք եղել։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք Ձեր դիրքորոշումը՝ ի՞նչ եք մտածում այս թանկացումների մասին»։