Գանձաքարի դպրոցի շինարարությունը ո՞նց է նոյեմբերին ավարտվել, եթե այն մինչև հիմա շահագործման չի հանձնվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարությունը մամուլի ծառայությունը հայտնում է․ <<Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին>>։ Ինչպե՞ս է դպրոցի շինարարությունը նոյեմբերին ավարտվել, եթե շենքը մինչև հիմա շահագործման չի հանձնվել, այնտեղ դասեր չեն կայացել։ Այդ շինարարությունը կարելի է համարել <<հեղափոխական իշխանության>> և <<հների>> համագործակցություն։ Շինարարությունն իրականացրել է Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը։ Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023թվականի ամռանը, շահագործման ժամկետը մեկուկես տարի ուշացել է։ 2021թվականի սեպտեմբերից, ավելի քան 3 տարի Գանձաքարի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարել է 150 հազար դրամ։ Դպրոցի շինարարության համար սկզբում նախատեսվում էր հատկացնել 1 միլիարդ 882 միլիոն դրամ, սակայն հատկացրել են 2 միլիարդ 58 միլիոն դրամ։
Ոսկան Սարգսյանի գրառումը