Ով ում կերպարն է «ռասկրուտկա» անում․ փորձագետը՝ քարոզարշավի մեկնարկի մասին

Mar 07, 2017 Comments Off on Ով ում կերպարն է «ռասկրուտկա» անում․ փորձագետը՝ քարոզարշավի մեկնարկի մասին

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այն կարծիքին է, որ այս ընտրությունների քարոզարշացը մեծամասամբ չի տարբերվում նախորդ ընտրություններից։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը։ Անդրադառնալով կուսակցությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքագետն ասաց․

«Օրինակ ՀՀԿ-ն որն իր օդիոզ դեմքերին ուղարկել է ընտրատարածքներ եւ իր վրա դրված է ընտրակաշառքի գործընթացն իրականացնելու պատվերը, վերջիններիս կողմնակիցները տնետուն ընկած ցուցակագրում են անում եւ ըստ այդմ էլ նրանց հետ համապատասխան աշխատանք է  տարվում»։

Փորձագետի խոսքով՝ ՀՀԿ-ի քարոզարշավի հիմնական մեխը վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարն է․

«Կարեն Կարապետյանի՝ դրական սպասումենր ունեցող մարդու կերպարը, եւ ոչ քաղաքական գործչի։ Վարչապետը այս պահի դրությամբ միայն երաժշտական տեսահոլովակում  է հանդես եկել, որտեղ երեւում է մարդը եւ ոչ թե քաղաքական գործիչը։ Առավել եւս, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համառորեն չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, այլ միայն շեշտադրումը դնում է մենեջմենթի վրա։ ՀՀԿ-ակաների հիմնական քարոզչությունը դրված է վարչապետի գործոնը ռասկրուտկա անելու վրա»,-ասաց Բադալյանը։

Անդրադառնալով Ծառուկյան դաշինքին փորձագետն ասաց, որ այստեղ էլ Գագիկ Ծառուկյան կերպարի վրա է ուշադրությունը կենտրոնացած․

 

«Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությոնը արդեն երկու ամիս է իր մասին ֆիլմեր է ցույց տալիս, թե ինչպիսի  լավ անձնավորություն է նա, որ բոլորին աջակցում է, օգնում։ Հասկանալի է,  որ այս դաշինքի լոկոմոտիվը ԲՀԿ-ն է, իսկ ԲՀԿ-ի լոկոմոտիվը Ծառուկյանն է, եւ ողջ շեշտադրումն այդ ուղղությամբ է արվում»,-ասաց նա։

Խոսելով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի մասին փորձագետն ասաց, որ այս դեպքում կարեւորվում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած խաղաղություն-բարիդրացիություն թեզը։

Հայաստանի կոմունիստական կուսակցությանը Բադալյանը չցանկացավ անդրադառնալ՝ համոզմունք հայտնելով, որ նրանք շեմը չեն հաղթահարի։

«ՀՅԴ-ն իր ավանդական ձեւերով է առաջ տանում քարոզարշավը, որ իրենց հաջողվել է սահմանադրությունը  փոխել, որ ամեն ինչ լավ է  լինելու, այսինքն նախկինից չտարբերվող ստանդարտ մոտեցումներն է հանդես բերում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ելք դաշինքին, փորձագետն ասաց, որ չնայած այնտեղ երիտասարդներ են հավաքված, աբյց դա այնքան էլ որոշիչ հանգամանք չէ․

«Ելքում բացի նրանից, որ երիտասարդներ են հավաքված, այլ գրավիչ բան չկա, իսկ քաղաքակնության մեջ երիտասարդ լինելը որեւէ գրավիչ գործոն չէ, չնայած շատերն այն որպես գրավիչ գործոն են ներկայացնում․  ուսխորհուրդ  չեն ընտրում, որ երիտասարդ ու խելացի լինեն, քաղաքական գործիչ են ընտրում»,-ասաց Արմեն Բադալյանը։

 

Ըստ Բադալյանի՝ ՕՐՕ դաշինքի հիմնական շեշտադրումը Սեյրան  Օհանյանի կերպարն է, որ «կգա ու կփրկի»․

«Որեւէ ակնառու գործընթաց իրենց մոտ չկա, ստանդարտ ձեւ է, նույնն  է նաեւ  նախկին ՕԵԿ, ներկայիս ՀՎԿ-ի մոտ»,-նշեց նա։

Անդրադառնալով Ազատ դեմոկրատներին Բադալյանն ասաց, որ քանի որ այս ուժը երկար ժամանակ քաղաքական դաշտում դիրքավորված չի եղել, ուստի բրենդ որպես այդպիսին չունի․

«Այդ պատճառով նրանց քարոզարշավը դժվար թե հաջողություն ունենա»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է այս ուժերի շանսերին քաղաքագետն ասաց, որ սա «ոչ թե ընտրական գործընթաց է հիշեցնում, այլ ֆինանսակրիմինալ միջոցառում, որտեղ գաղափարական պայքարը բացառված է, եւ հիմնական շեշտադրումը լինելու է  փողի գործընթացի վրա»։

«Երբ ուժերից մեկը կարողանում  է ոչ ազնիվ ճանապարհով կառավարել ընտրական գործընացը թե ով ինչ շանս ունի դժվար է ասել․ պարզ դիտարկմամբ, իհարկե, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն խնդիր չունեն շեմը հաղթահարելու, իսկ  մյուսների դեպքում՝ հիսուն-հիսուն է»,-եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: