Մենք չէ, Սերժ Սարգսյանն է հայտարարում հողերը հանձնելու մասին․ Արա Պապյան

Feb 17, 2017 Comments Off on Մենք չէ, Սերժ Սարգսյանն է հայտարարում հողերը հանձնելու մասին․ Արա Պապյան

Hayeli.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը

-Պարոն, Պապյան, վերջին օրերին շփման գծում լարվածություն է նկատվում, Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում, հավանականություն տեսնո՞ւմ եք լայնածավալ գործողությունների։

-Նման լարվածությունն ունի մի շարք պատճառներ, առաջինը՝ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն է, որոշակի անկայունություն ունի կապված եկամուտների նվազման, ներքին սոցիալական լարվածության, ինչպես նաեւ էթնիկ խմբերի ավելի ակտիվացման հետ։ Այսինքն արտաքին վտանգի սրումը միշտ էլ հնարավորություն է տալիս իշխանություններին ներսում  ավելի ճնշել եւ կոնսոլիդացնել հասարակությանը։ Երկրորդը՝ անցյալ տարվա ապրիլյան պատերազմական սրացումն էր, որի ընթացքում Ադրբեջանը չպատժվեց, Ադրբեջանն իհարկե իր նպատակին չհասավ, բայց ունեցավ փաստեր, որն իր հասարակությանը ներկայացնում է որպես հաղթանակ, այն ոգեշնչում է հասարակությանը, իսկ Ալիեւին պետք են նման «հաղթանակներ»։ Երրորդ պատճառն այն է, որ ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում գնալով ավելի լարվում է եւ կլարվի, որովհետեւ այն ընտրակարգը, որը դրված է այս ԸՕ-ում, պոտենցիալ ապակայունացնող տարրեր ունի իր մեջ։ Այսինքն իր դեմ են դուրս գալիս ոչ միայն կուսակցությունները, այլ ունենք մի իրավիճակ, որ երկիրը բաժանված է ընտրատեղամասերի, որտեղ ըստ էության մեծամասնական ընտրություններ են տեղի ունենում, եւ իրար դեմ են դուրս գալիս անգամ նույն կուսակցությունից անհատ մարդիկ։ Ադրբեջանն էլ մտածում է, որ Հայաստանի ներքին իրավիճակն իրեն ավելի մեծ հնարավորություններ կտա։ Չորրորդ պատճառը ընդհանուր հիասթափությունն է հայ հասարակության ներսում՝ ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու, ինչն էլ Ադրբեջանը տեսնում եւ մեկնաբանում է իր շահերի օգտին։ Արդյոք բացառո՞ւմ եմ լայնածավալ պատերազմական գործողություններ, չեմ բացառում, ընդհակառակը՝ հավանական եմ համարում, որ այն կարող  է լինել ընտրություններից առաջ կամ հետո։ Նաեւ պիտի հիշենք, որ նոր սահմանադրությունը հնարավորություն է տալիս ընտրությունները չեղարկել, եթե ռազմական դրություն հայտարարվի երկրում, հետեւաբար եթե այդ ընտրությունները մի փոքր այլ հունով գնան, ադրբեջանական հրահրումներին մերոնք կարող են համարժեք պատասխան տալ, հայտարարել ռազմական դրություն, ապա հետաձգել ընտրությունները՝ մինչ ավելի հարմար ժամանակ կգա։

Այսօր Բաքվում նախատեղված է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շտաբերի պետերի հանդիպումը, այս հանդիպումը լարվածություն կառաջացնի՞ սահմանին, քանի որ կարծես թե նման հանդիպումներից առաջ եւ հետո ագրեսիա լինում է։

Ես խիստ զարմացած եմ, թե ինչու է այդ հանդիպումը Բաքվում կայանում, եթե Թիֆլիսում լիներ, կարելի էր հասկանալ, որ ամերիկյան ազդեցության տակ է գտնվում Վրաստանը, դրա համար, եթե Երեւանում տեղի ունենար, կարող էինք մտածել, որ ռուսական ազդեցությունն է, իսկ Բաքվում մի քիչ անհասկանալի է։ Կարծում եմ՝ ավելի շատ Իրանի գործոնն է, բայց այնուհանդերձ Բաքվի դերակատարությունն աճում է միջազգային, նաեւ ռազմաքաղաքական  ասպարեզում, ինչը մեզ համար բնավ լավ չէ, որովհետեւ Ադրբեջանը կօգտվի այդ բարձրաստիճան պաշտոնյաների այնտեղ գտնվելուց։ Սպասենք տեսնենք, բայց լարվածության վրա չի ազդի։

Պարոն Պապյան, ժամանակին շատ էիք խոսում, որ հողերի հանձնման գործընթացը սկսվել է, Դուք դեռ այդ կարծիքի՞ն եք, եւ կա՞ արդյոք «Շուշիի» հռչակագիրը, որին Դուք միացել էիք, եւ որը դեմ էր դուրս գալիս հողերի հանձնման գործընթացին։

Մենք դա չէինք հայտարարում, այլ արձանագրում էինք փաստը, կարելի է նայել Սերժ Սարգսյանի համապատասխան ելույթները, որտեղ նա հայտարարում է, որ Կազանում տվել է իր համաձայնությունը հողերը հանձնելու վերաբերյալ, նայեք Մադրիդյան սկզբունքները, այնտեղ եւս արձանագրված է հողերը հանձնելու վերաբերյալ։ Դա մենք չենք հայտարարում, Սերժ Սարգսյանն է հայտարարում հողերը հանձնելու մասին, հետեւաբար երբ երկրի գերագույն  գխավոր հրամանատարը նման բան է հայտարարում, չհավատալու պատճառ չունենք եւ բնականաբար դեմ ենք։ Դեմ ենք ոչ թե հուզառատ  վերաբերմունքի պատճառով, այլ այն պատճառով, որ այդ հանձնումը ի տարբերություն Իսրայելի Գազայի հանձնման, որը որպես օրինակ ժամանակին Տեր-Պետրոսյանը բերեց, մեծ տարբերություն կա։ Երբ Իսրայելը հանձնեց Սինայը, նա կրճատեց ռազմաճակատը տասն անգամ եւ թիկունքային մատակարարումը բարելավեց, այսինքն ռազմաքաղաքական առումով այդ տարածքը պահելու իմաստ չկար։ Մեր պարագայում ազատագրված շրջանների հանձնումը ոչ միայն  չի ավելացնի մեր պաշտպանունակությունը, այլեւ կխաթարի թիկունքային մատակարարման հնարավորությունները, որովհետեւ մենք կմնանք Լաչինի միջանքի հույսին, իսկ հիմա վատ թե լավ՝ ունենք Վարդենիսով Մարտակերտ ճանապարհը, բացի այդ Սյունիքի մարզը սահմանային չէ, իսկ հանձնելուց հետո ունենում ենք ԼՂԻՄ շրջափակված։ Հետեւաբար ես մնում եմ այդ տեսակետին, հիմա ոմանք ասում են՝ ինչու այն ժամանակ Պապյանը չէր խոսում այդ մասին, բայց Պապյանն ինչի՞ մասին խոսեր, երբ ես պաշտոնյա էի, դա ընդամենը քննարկման հարց էր, այն ամրագրվել է 2007-ի նոյեմբերին, երբ ես արդեն պաշտոնյա չէի։ Մենք դեմ ենք, որովհետեւ դա ոչ թե հնարավորություն է տալիս խուսափել պատերազմից, այլ մեկ պատերազմի փոխարեն ունենալ շատ ավելի կործանիչ, բազմաուղղություն պատերազմ՝ տարբեր տազմաճակատներով։ Ինչ վերաբերում է Շուշիի հռչակագրին, այն ուժի մեջ է, մնում է անփոփոխ։

-Դուք մնում եք այն կարծիքին, որ հողերի հանձնման գործընթացն առկա՞ է։

Քանի դեռ հանրապետության նախագահը չի ասել, որ գտնում եմ, որ իրավիճակի փոփոխման պատճառով մեր նախկին՝ Կազանի պայմանավորվածությունները չեղյալ են, չի հայտարարել, որ իր կողմից ժառանգված Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են որպես բանակցության հիմք, այլ շարունակում է պնդել, որ դրանք են հիմքը, բնականաբար այդ գործընթացը շարունակվում է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: