Բյուջեի ճաքերն ու ՊԵԿ-ի ճոխ-ճոխ պրեմյաները

Dec 14, 2016 Comments Off on Բյուջեի ճաքերն ու ՊԵԿ-ի ճոխ-ճոխ պրեմյաները

Պետական եկամուտների կոմիտի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ 2016 թվականի պետական բյուջեի թերակատարումն անխուսափելի է:

Ըստ Միրումյանի՝ մինչև տարեվերջ բյուջեի թերակատարումը կշարունակվի, բայց թե ինչքան կկազմի, դեռևս հստակ չէ: Հստակ է, որ  հարկերի թերակատարման չափը նոյեմբերի վերջի դրությամբ կկազմի  80 մլրդ դրամ: Վերջին երկու ամիսներին աշխատանք է տարվում բյուջեի ճաքերի փակման ուղղությամբ, բայց թե որքանով կհաջողվի, պարզ կլինի 20 օր անց: «Այնուամենայնիվ ակհայտ է, որ մենք ունենալու ենք որոշակի շեղումներ,- նշել է ՊԵԿ փոխնագահը և շարունակել,- կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ ցուցանիշ է սպասվում, որովհետև դեկտեմբեր ամիսը հարկային ակտիվության տեսանկյունից ակտիվ ամիս է: Փորձելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմենք այդ ճեղք կոչվածը»:

Փաստորեն, բյուջեի թերակատարումը Հայաստանի կառավարության համար դառնում է տխուր ավանդույթ: Արդեն երկու տարի շարունակ ՀՀ պետական բյուջեն հարկերի մասով թերակատարվում է: Նախորդ՝ 2015 թվականին նախատեսվածից 6 տոկոսով ավելի քիչ, կամ ավելի քան 70 միլիարդ դրամով պակաս գումար հավաքվեց բյուջե: Այս տարի արդեն պաշտոնապես հաստաված է 80 միլիարդ դրամ թերակատարումը, բայց եթե դեկտեմբերին հաջողվի միջին ամսական պլանավորվածից մի քիչ ավելի շատ հավաքագրել, ապա կունենանք թերակատարում  նախորդ տարվա ծավալով: Բյուջեի թերակատարման դեպքում որպես կանոն առաջանում է երկու հիմնական խնդիր՝ կառավարությունը ստիպված է լինում կամ  ծախսերի կրճատում՝ սեկվեստոր իրականացնել կամ  էլ մեծացնել դեֆիցիտը՝ ավելացնելով արտաքին կամ ներքին պարտքը:

Անցյալ տարվա թերակատարման ժամանակ կառավարությունը հիմնականում խուսափում էր խոսել սեկվեստորի մասին, թեպետ հետագայում հաշվետվությունների ժամանակ պարզվեց, որ որոշ ծրագրեր չէին կատարվել, որոշ դեպքերում թերհավաքագրումը կոմպեսացվել էր տնտեսված գումարների հաշվին: Բայց նաև ակնհայտ էր, որ պետական պարտքը նկատելիորեն ավելացավ: Ամեն դեպքում անցյալ տարի կառավարությունը կարողացավ հիմնական բյուջետային պարտավորությունները կատարել՝ թոշակներն ու աշխատավարձերը մինչև վերջ վճարվեցին, կրթության, սոցիալական, առողջապահական և ռազմական բյուջեները հիմնական, առաջնային ծախսերի մասով ապահովվեցին:

Ինչ պատկեր կլինի 2016 թվականի վերջին, երբ թվերն ի մի բերելուց հետո պարզվի, որ այս տարի, բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 72 միլիարդ դրամ հարկերի փոխարեն, օրինակ, ընդամենը 1 տրիլիոն մուտքեր է ապահովել: Ի՞նչ ծախսեր են կրճատվելու կամ ի՞նչ աղբյուրներից է համալրվելու մեծացող դեֆիցիտը:

Կառավարությունը շատ է խոսում ծախսերի արդյունավետության,  էկոնոմ ռեժիմով կառավարման և պետական ծախսերի կրճատման մասին: Բայց այս խոսակցություններն ամենևին չխանգարեցեին, որ կառավարությունը նախորդ նիստի ժամանակ Սյունիքի մաքսակետի համար նախատեսված 800 մլն դրամը հատկացնի ՊԵԿ աշխատակիցների ամանորյա տոնական պարգևատրմանը: Սյունիքի չկառուցված մաքսակետի համար նախատեսված գումարը կարող էր ուղղվել թերակատարման հետևանքով առաջացած ճաքերի փակմանը, բայց կառավարությունը որոշեց, որ լավ աշխատողիներին խրախուսելը ավելի կարևոր է:

 

Դավիթ  Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: