Խոշոր ավտովթար Երևանում

Aug 30, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում

Երեկ՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Շալունց Գրավիտի վարած Nissan մակնիշի 777 ՍP 61 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Դավթյանի վարած BYD մակնիշի 26 ՕՍ 152 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռուզաննա Խաչատրյանի վարած Nissan մակնիշի 34 CT 469 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Ռ. Խաչատրյանը Nissan-ով հարվածել է խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսակրին (светофор) և տապալել այն։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: