Նախկին վարչապետը մեզ քաշեց, գոնե Դուք օգնեք. Ղարաբաղում ծառայող զինվորի ընտանիքը դիմում է Հովիկ Աբրահամյանին

Jul 17, 2016 1 Comment

 

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բնակվող Հարությունյանների ընտանիքը հայտնվել է անելանելի կացության մեջ: Բանկերից ու տարբեր վարկային կազմակերպություններից վերցրած վարկերն ու փոխառությունները, որոնք կուտակվել են տարիներ շարունակ, այսօր արդեն դարձել են մի կլորիկ գումար, ու ընտանիքը ի վիճակի չէ վճարել: Ամսական վճարումը, որ ընտանիքը պետք է կատարի բանկերին, կազմում է ավելի քան 800 հազար դրամ, որից ամենամեծ մասնաբաժինը կազմում է լիզինգով վերցրած տրակտորի ու խոտհավաքիչ-մամլիչ սարքի վարկի մարումը: Ընտանիքի հիմնական աշխատող ձեռքը՝ Արսեն Հարությունյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը վարկի բեռի տակ վերջնականապես կոտրվեց հենց այս տրակտորի և խոտհավաքիչ-մամլիչի  ձեռքբերումից հետո:

Ընտանիքի ավագի՝ Ջոնիկ Հարությունյանի խոսքով՝ դեռևս նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, երբ հայտարարվեց մատչելի վարկերով գյուղտեխնիկա հատկացնելու մասին, մտածել է՝ ընտանիքով մեխանիզատոր են, կվերցնեն, կաշխատեն, վարկը կվերադարձնեն, ու ամեն ինչ լավ կլինի: <<Ես ժամանակին տրակտորիստ եմ եղել, հիմա՝ տղաս, իսկ թոռս, որ ծառայում է Ղարաբաղում՝ Մարտունիում, մեզանից լավ էր աշխատում: Արայիս բանակ տարան, մեջքս կոտրվեց, իմ թևութիկունքը նա էր: Նա որ էստեղ էր, տրակտորը մի ժամ պարապ չէր մնում: Ինձ չեք հավատում, հրես գյուղացիքին հարցրեք, թոռս 10 տարեկանից վար ու ցանք էր անում: Հոր հետ տրակտորով գնում էր Արտաշատ՝ Հոտեմբերյան հունձ անելու, հոկտեմբերյանցիքն ասում էին՝ ոչ ոք էս պստի տղայի պես չի կարողանում հնձի: Հիմա էլ, որ բանակից զանգում ա, ասում ա՝ պապի տրակտորին լավ նայեք, որ բանակից գամ, քշեմ: Դե ինքն արդեն փորձառու վարորդ է, բանակում <<Ուրալ>> ու <<Զիլ>> 131 է քշում:

Ես արդեն ծեր եմ, աշխատել չեմ կարող: Տղաս էլ այս երկու տարին առողջական խնդիր ունի, էս վարկերի տակից դուրս գալ չենք կարողանում: Դե որ չկարղանանք վճարել, տրակտորը մեր ձեռքից կվերցնեն, իսկ վարկերը կմնան մեր վրա>>,- պատմում է վարպետ  Ջոնիկը:

Կառավարության ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գյուղատնտեսության զարգացման աջակցութայն ծրագրով՝ որդին՝ Արսեն Հարությունյանը, <<ՓՄՁ ներդրումներ>> ունիվերսալ վարկային կազմակերպության հետ կնքված վարկային պայմանագրով (Ֆինանսավորող, վարկատու՝ ՎՏԲ Հայաստան բանկ) ձեռք է բերել տրակտոր և խոտհավաքիչ-մամլիչ սարք՝ երուսը միասին մոտ 11 մլն դրամ արժողությամբ՝ 6, 7 մլն դրամ տրակտորը, 4,5 մլն դրամ՝ խոտհավաքիչը: Վարկը համարվում էր արտոնյալ. Ա. Հարությունյանը վճարել է 2,2 մլն դրամ կանխավճար և 9 տոկոս  տարեկան տոկոսադրույքով վերցրել գյուղտեխնիկան: Վարկը տրամադրվել է 5 տարով, վճարման ժամանակահատված սահմանված է տարվա 6 ամսիսներին՝ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնի ընթացքում՝ մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում: <<Առաջին տարին մենք խաբվեցինք՝ մինչև տրակտորը տվեցեին, սեզոնը պրծավ: Մենք ծրագրին դիմել էինք 2013 թվականի մայիսին, երկար-բարակ թղթատարություն, գնացինք-եկանք, թուղթ-թանաք, մինչև տրակտորը մեզ հասավ, արդեն սեպտեմբերի վերջն էր: Ընդ որում էդ պրեսսը (խոտհավաքիչ) գործարանային թերություն ուներ, չէր աշխատում>>,- պատմում է տարիքով ավագ Հարությունյանը:

<<Ես կարող էի այդ թերությունը շտկել, բայց վարկային կազմակերպությունը թույլ չտվեց: Ասացին՝ դա գործարանային թերություն է, սարքավորումն էլ երաշխիքային ժամկետի մեջ է, և իրենք պետք է գան շտկեն,- հոր խոսքը շարունակում է Արսենը և ավելացնում,- իրենք եկան, իբր ինչ-որ շտկումներ արեցին, բայց վերջում նորից ես եմ դզել, որովհետև իրենց արածով էլի չէր աշխատում: Բայց մինչև իրենք թույլ տվեցին, որ ես դզեմ, եկավ հասավ դեկտեմբեր, և առաջին տարին փաստորեն ես ո՛չ տրակտորով, ո՛չ խոտհնձիչով ոչ մի եկամուտ չստացա: Փոխարենը տարվա վերջին՝ դեկտեմբերին, ինձ բանկից զանգեցին ասացին, որ տրակտորի և խոտհնձիչի համար պետք է մեկ մլն դրամ մուծում կատարեմ: Ես փաստորեն սեզոնի  ընթացքում չէի աշխատել ու գումար չունեի, ստիպված մեկ ուրիշ բանկից բավականին բարձր տոկոսով սպառողական վարկ վերցրեցի, որպեսզի կարողանամ տրակտորի վարկը փակել: Ես առաջին տարին, կարելի է ասել, կրուպնի քաշվեցի, որովհետև կանխավճարը նույնպես պարտքով էի վերցրել >>,- պատմում է Արսենը՝ հավելելով, որ այդ ծրագրով Հայաստան բերված բոլոր 18 տրակտորներն ու խոտհավաքող մամլիչները ունեցել են տեխնիկկան և գործարանային թերություններ: <<Ես մյուս գնորդների հետ ևս կապ ունեմ և գիտեմ, որ բոլորի մետ էլ խնդիրներ եղել են: Այս պահին կարծեմ միայն իմ խոտհավաքիչն է աշխատել: Բնականաբար, եթե ես նախապես իմանայի, որ գործարանային թերություն կա, բնականաբար չէի վերցնի>>:

Հարությունյաններն այժմ չեն կարողանում պարտքերի ու վարկերի տակից դուրս գալ, բոլոր վարկերի ամսական մուծումների հանրագումարը 800 հազարից ավելի է, դրան գումարած նաև մեծ՝ 7-հոգանոց ընտանիքը ապրելու և օրվա հացի խնդիր ունի: <<Սարսափելի վատ ենք զգում, չենք կարողանում նայել համագյուղացիների աչքերին:  Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մեզ վարկ վերցնելու համար երաշխավոր են կանգնել, հիմա էդ մարդկանց էլ են դատարան կանչում, եթե մենք չվճարենք, իրենցից են բռնագանձելու, խայտառակ ենք եղել, չգիտենք ինչ անել>>,- տղայի խոսքը շարունակում է տիկին Ռիման՝ հավելելով, թե հեկտարներով կարտոֆիլ է մշակում, ու ողջ եկամուտը տանում տալիս է բանկերին, բայց մեկ է՝ քիչ է, վարկերն ու պարտքերն ավելի շատ են:

Ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում, և միակ ելքը, որ նրանք տեսնում են, վարչապետի աջակցություննն է. <<Ես ուզում եմ դիմել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրանքով, որ գոնե այս տարի տրակտորի ու խոտհնձիչի վարկը մեկ տարով սառեցվի,  տրակտորը մեր ձեռքից չվերցնեն, մենք այս տարի աշխատենք, մյուս պարտքերը թեթևացնենք, գալիք տարվանից նորից նույն ձևով շարունակենք պայմանագրով նախատեսված մուծումները: Նախկին վարչապետը մեզ քաշեց, գոնե էս վարչապետը մի բանով օգնի: Սա ոչ միայն իմ խնդրանքն է, այլ սահմանի վրա ծառայող իմ թոռնիկի: Եկող տարի արդեն Արայիկս բանակից կգա, հոր հետ թև ու թիկունք կլինի, կաշխատի>>,- վարչապետին ուղղված իր խոսքն ամփոփում է Ջոնիկ Հարությունյանը:

Հավելենք, որ Հարությունյանների ընտանիքը վարկեր ունի վերցրած <<Հորիզոն>>, <<Արեգակ>> վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ոսկով ու տան գրավով սպառողական և գյուղատնտեսական վարկեր՝ տարբեր բանկերից: Ընդհանուր առմամբ վարկային փաթեթը մոտ 20 մլն դրամ է: Նրանք դժգոհ են հատկապես <<Արեգակ>> վարկային կազմակերպության վարկից, որի տոկոսները շատ բարձր են: Բացի այդ, իրենց բառերով ասած, <<Եթե մի օր ուշացնում ես, անաստվածները մայր գումարից շատ տույժ ու տուգանք են հաշվում>>:

Հարությունյանների ընտանիքի միակ հույսը վարչապետի բարեհաճությունն է, նրանք սպասում են արձագանքի:

 

 Կարինե  Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “ Նախկին վարչապետը մեզ քաշեց, գոնե Դուք օգնեք. Ղարաբաղում ծառայող զինվորի ընտանիքը դիմում է Հովիկ Աբրահամյանին” հրապարակմանը

  1. Վարչապետն արձագանքել է hayeli.am-ի հրապարակմանը՝առաջնագծում ծառայող զինվորի ընտանիքի վարկային պայմանները բարելավվել են says:

    […] իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր  Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բնակվող […]