Նոր արշավ ընդդեմ Պուտինի, կամ ինչպես սեղմել օղակը

Jan 31, 2016 Comments Off on Նոր արշավ ընդդեմ Պուտինի, կամ ինչպես սեղմել օղակը

Օբամայի վարչկազմն ընդդեմ Պուտինի

Ռուսաստանը լուսավոր հեռանկարներ է տեսնում Արևմուտքի հետ հարաբերություններում՝ մամլո ասուլիսում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք չէ, որ մռայլ պատկեր ենք նկարում, մենք տեսնում ենք շատ լուսավոր հեռանկար, ուր ցանկանում ենք շարժվել բոլորի հետ, այդ թվում՝ եվրոպացի և ամերիկացի գործընկերների»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Բայց, ինչպես երևում է, Ռուսաստանի հայացքը դեպի արևմուտք դեռ շատ է արհամարհված:

Բանն այն է, որ օրերս, բավական ուշագրավ մեղադրանք է հնչել Ռուսաստանի նախագահի հասցեին: ԱՄՆ վարչակազմը ֆինանսների նախարարի հայտարարությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության մասին իր դիրքորոշման ամենալավ արտահայտությունն է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ և ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: «Ֆինանսների նախարարության այդ հայտարարությունն ամենալավ կերպով արտացոլում է վարչակազմի դիրքորոշումը»,-ասել է նա:

Օրեր առաջ համացանցում տարածվեց BBC-ի ֆիլմը` Ռուսաստանի նախագահի հարստությունների ու կատարած հանցագործությունների մասին մեկնաբանություններով` ընդ որում նաև պաշտոնական Վաշինգտոնի կողմից, Օբամայի վարչակազմի ներկայացուցչի մակարդակով: BBC-ի ֆիլմում ամերիկյան գերատեսչության ներկայացուցչի պաշտոնական մեկնաբանության առկայությունը, Պեսկովի խոսքով, վկայում է, թե ով է կանգնած դիրիժորական վահանակի մոտ։ Ֆիլմի բովանդակությունը Կրեմլում համարել են «մտացածին և զրպարտություն»։

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին անհրաժեշտ է ապացուցել, սակայն Մոսկվան դա չպահանջի։ Նման հայտարարություն է արել պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով երկկողմ հարաբերությունների վրա ֆիլմի հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ երկու պետությունների կապերը լավագույն վիճակում չեն, և նման սուտը հազիվ թե կարողանա ավելի բարդացնել դրանք։

Ռուսաստանում Պուտինի վարկանիշը նվազել է

Ուշագրավ սոցհարցում է հրապարակվել օրերս, որը վկայում է այն մասին, Ռուսաստանի հասարակության շրջանում, թերևս դժգոհության որոշակի աճ է նկատվում երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

«Լևադա»-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրի տնտեսական վիճակի առնչությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այդ են վկայում «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումները։

Ըստ հանրային հարցումներ անցկացնող կենտրոնի հետազոտությունների, Պուտինը նմանատիպ վարկանիշ է ունեցել նաև 2014թ. մարտին՝ մինչև Ղրիմի անեքսիան։ Ուշագրավ է, որ Ղրիմի անեքսիայից հետո, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը, դրական է պատասխանել ռուսաստանցիների միայն 45 տոկոսը։

«Վերջին կես տարվա ընթացքում իր կարծիքը դրականից բացասականի է փոխել ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը», – ասված է «Լևադա»-ի զեկույցում։ Հարցին, թե արդյո՞ք զարգացումները երկրում տանում են դեպի փակուղի, դրական է պատասխանել հարցվածների 34 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ նույն հարցին հունիսին դրական էր պատասխանել միայն հարցվածների 22 տոկոսը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը նույնպես նվազել է՝ մինչև 56 տոկոս։ Նրա ղեկավարած կառավարության գործունեությունը դրական է գնահատել հարցվածների կեսը միայն՝ 50 տոկոսը։ Այդուամենայիվ, «Լևադա» կենտրոնի փորձագետները նկատում են, որ և՛ Պուտինի, և՛ ընդհանրապես կառավարության վարկանիշը Ռուսաստանում այսօր ավելի բարձր է, քան եղել է մինչև 2014թ. մարտը։

Այնուամենայնիվ հարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրում ստեղծված տնտեսական վիճակի շուրջ։ Թեև, ըստ կենտրոնի, ռուսաստանցիների մոտ հայրենասիրական տրամադրությունները գերակշռում են երկրում առկա տնտեսական ճգնաժամից դժգոհության նկատմամբ։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: