Սեյրան Օհանյանը կարող է այդ հարցի պատասխանը գեներալներից ստանալ /տեսանյութ/

Jan 27, 2016 Comments Off on Սեյրան Օհանյանը կարող է այդ հարցի պատասխանը գեներալներից ստանալ /տեսանյութ/

 Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որին նախորդել էր կոլեգիայի ընդլայնված նիստը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նախորդ տարին մեր բանակի համար ձեռքբերումների ու դիրքերի ամրապնդման տարի է եղել:

2015 թ. Հայաստանի զինված ուժերի համակարգն աշխատել է շատ լարված իրավիճակում՝ դիվերսիաներ, հակառակորդի կողմից գրեթե ամենօրյա  հրաձգություն, ընդ որում ադրբեջանական կողմը կիրառվող զինատեսակների տրամաչափն առավելագույնի էր հասցրել՝ օգտագործվել են ականանետեր, նռնականետեր, ԶՀՀ ու նույնիսկ զրահամեքենաներ, մի բան, որը նախկին տարիներին չէր արվում: Մեր բանակին հաջողվել է զսպել հակառակորդին ոչ միայն մարտական ընդհարումներում, այլև կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ՝ ապահովելով խաղաղություն:

Կարևորագույն ուղղությունների շարքում Սեյրան Օհանյանը նշել է մարտական առաջադրանքների կատարումը, մարտունակության բարձրացումը, գործընկեր երկրների հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը, տեխնիկայի ու սպառազինման կատարելագործումը: Ընդ որում, օտարերկրյա արտադրության սպառազինում ձեռք բերելուց բացի զարգանում է նաև հայրենական պաշտպանական արդյունաբերությունը: Ձեռքբերումների մասին թվարկումից հետո, իսկ դրանք անխոս առկա են, Սեյրան Օհանյանը, անդրադարձել է նաև մի շատ վտանգավոր փաստի:

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ սահմանին՝ առաջին գծում, ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքների և ո՛չ պաշտոնյաների երեխաներ, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք տարել զորակոչի արդարացի ու ազնիվ անցկացման ուղղությամբ: Ըստ զորամասերի՝ բաշխման ընթացքում մենք ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են նրանք, այլ հաշվի ենք առնում նրանց կարողությունները՝ ֆիզիկական և առողջական հատկանիշները: Ցավոք չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ սահմանին անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում»:

Սա Սեյրան Օհանյանի կողմից արված շատ իրավացի ու միաժամանակ վտանգավոր խոստովանություն է: Ասվածի անկեղծությանը թերևս դժվար է հավատալ, որովհետև եթե պաշտպանության գերատեսչության ղեկավարը իսկապես չգիտի, թե ինչպես է ստացվում, որ սահմանին ծառայության են գնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, իսկ պաշտոնյաների որդիները, որպես կանոն, երբեք առաջին գծում չեն հայտնվում, ապա  կարող է այդ մասին հարցնել իր ենթականերին: Վերջապես Սեյրան Օհանյանը այս հարցը շատ ուղիղ կարող է ուղղել օլիգարխների  վերածված գեներալներին, ջիփավոր զինկոմներին: Եթե Սեյրան Օհանյանը իրական նպատակ դնի այդ հարցի պատասխանն ստանալ, ապա վերոնշյալները շատ հստակ կներկայացնեն սոցիալապես անապահովների երեխաներին սահման ուղարկելու և պաշտոնյաների ու մեծահարուստների որդիներին տաքուկ, ապահով զորամասերում պահելու մեխանիզմը:

Իսկ ընդհանրապես պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ասուլիսում   պետք է հանրությանը սպառիչ բացատրություն տար, թե ինչու է մեր բանակը թեկուզ հարաբերական խաղաղության պայմաններում այսքան շատ զոհեր տալիս: Մենք ողջ տարվա ընթացքում անընդհատ լսել ենք, որ  հակառակորդը դիվերսիա է իրականացրել, եղել են հարձակումներ, և մեր բանակը  հակառակորդին տվել է արժանի հակահարված՝   կասեցնելով նրա առաջխաղացումը: Բայց մենք երբեք չենք լսել, որ ի պատասխան նախորդ հարձակման,  հաջորդ օրը կամ էլ մի քանի օր անց մեր զինուժն է եղել նախահարձակ: Մենք չեզոք պատասխանողի ու հարվածներն ետ մղելիս   զոհեր տվողի դերում ենք եղել միշտ:  Եվ վերջապես  եթե կա հարձակման  մշտական  վտանգը, ապա  ո՞րն է այդ վտանգը կանխելու և չեզոքացնելու մարտավարությունը՝ մշտապես հարձակումները ետ մղե՞լը, և զոհերի ընտանիքներին դրամական հատուցումներկամ մեդալներ տա՞լը, թե՞ այնպես անելը, որ հակառակորդը չհամարձակվի  մտածել  հարձակման մասին:

 

Դավիթ Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: