Միլիոնը տարավ

Jan 21, 2016 Comments Off on Միլիոնը տարավ

Կառավարության նիստում, ընդառաջելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծին, գործադիրը հավանություն տվեց քրեակատարողական հիմնարկների և դատական ակտերի հարկադիր ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագրին: Այս նպատակով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետության կողմից դրամաշնորհի ձևով որոշվեց հատկացնել 345 մլն դրամ գումար:

Ըստ նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած հիմնավորման՝ 2015 թվականին 72 ակադեմիական ժամ տևողությամբ ուսումնական ծրագրերով իրականացվել է 600 հատուկ ծառայողների վերապատրաստում և 1923 հատուկ ծառայողների հատուկ ուսուցում: Հաշվի առնելով առկա պահանջարկը՝ անհրաժեշտ է կազմակերպել 2016 թվականի համար ևս 600 հատուկ ծառայողների վերապատրաստում, ինչպես նաև 1925 հատուկ ծառայողների հատուկ ուսուցում: Կառավարության որոշման նախագծով նախատեսված է մեկ ծառայողի ուսուցման համար հատկացնել 1 միլիոն 915 հազար դրամ:

Սույն նախագծով կարգավորվում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում վերապատրաստման և հատուկ ուսուցման ենթակա քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողների` «Քրեակատարողական ծառայության մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխանաբար 20-րդ և 14-րդ հոդվածներից բխող պարտավորությունները, ինչպես նաև մեկ հատուկ ուսուցում անցնողի և վերապատրաստվողի վերապատրաստման և հատուկ ուսուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքի որոշումը:

Հավելենք, որ նախագծի առնչությամբ ո՛չ ֆինանսների, ո՛չ էլ կրթության և գիտության նախարարությունները /առաջինը ՝ֆինանսներ հատկացնելու, երկրորդը՝ ուսուցման ծրագիր կազմակերպելու առնչությամբ/ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել:

Ինչպես ասում են՝ միլիոնը տարան: Մեկ այլ գերատեսչության պարագայում կառավարությունը, հատկապես բյուջետային միջոցների այսպիսի սուղ պայմաններում, երբ նախորդ՝ 2015 թվականի բյուջեն անգամ չի էլ ապահովվել, կառավարությունը կարող էր այսպիսի առատաձեռնություն արդարադատության համակարգի ծառայողների հանդեպ չցուցաբերել: Օրինակ՝ համեմատության համար նշենք, որ վերջին մի քանի տարիներին,  մանկավարժների վերապատրաստման համար կառավարությունը հատուկ գումարներ չի հատկացնում. դա արվում է կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուի միջոցների հաշվին: Նույն կերպ՝ ԴԱՀԿ և քրեակատարողական հիմնարկների ծառայողների վերապատրաստումը կարող էր իրականացվել  արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կողմից՝ առանց հավելյալ հատկացումների, առավել ևս, որ արդարադատության համակարգի ծառայողներին վերապատրաստելը այդ ինստիտուտի կանոնադրական պարտականություններից է:

Բայց դե ինչպես ասում են՝ տերովին տերն է տանում, անտերին՝ գելը. 345 մլն-ը գնաց հասավ իր <<նպատակին>>:

 

Դավիթ  Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: