Կրկին Պուտինի հայացքի ներքո՞

Jan 19, 2016 Comments Off on Կրկին Պուտինի հայացքի ներքո՞

Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը մի իրադարձություն է, որն ուղղակիորեն առնչվում է մեր տարածաշրջանին:

Իհարկե, միջազգային պատժամիջոցների վերացումը նոր հնարավորությունների պատուհան է Իրանի հետ անմիջական հարևան երկրների, այդ թվում և Հայաստանի համար:

Բայց ինչպես Հայաստանին վերաբերող բոլոր արտաքին քաղաքական լրջագույն հարցերը, այնպես էլ օրեր առաջ Իրանի դեմ արևմուտքի պատժամիջոցների վերացումը և դրա հետևանքներից ու հնարավորություններից օգտվելու չափաբաժինը կախված է լինելու դարձյալ Ռուսաստանի կամքից:

Մինչդեռ Ռուսաստանը, տարածաշրջանի այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է մտահոգ Իրան-Արևմուտքի հարաբերությունների բարելավմամբ ու դրան հաջորդող իրադարձություններին` սկսած նավթի գներից առավել անկումից, մինչև էներգետիկ նոր ծրագրեր, թեև Ռուսաստանն էլ համաձայնությամբ է տվել իրանական խնդրի միջազգային կարգավորմանը:

Իրականում Ռուսաստանի համար Իրանի շուրջ պատմական համաձայնությունը մարտահրավեր է, որովհետև միայն իրանական նավթի ու գազի լիարժեք մուտքը շուկա Ռուսաստանի համար դառնում է լրջագույն խնդիր:

Բացի այդ, փոխվում է Իրանի կշիռն ու ազդեցությունը ոչ միայն տարածաշրջանային խնդիրներում, այլև աշխարհաքաղաքական: Իսկ դրա արդյունքում Ռուսաստանն ու Իրանը կդառնան, եթե ոչ մրցակից-գործընկերներ, գուցե նաև հակառակորդներ մի շարք աշխարհաքաղաքական հարցերում:

Այս մթնոլորտում, Հայաստանը կարծես հայտնվելու է հերթական անհարմար վիճակում: Մի կողմից` մեր անմիջական հարևան Իրանն է, մյուս կողմից` «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը: Ամեն անգամ, երբ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններում փոխշահավետ նախաձեռնության հարց առաջ գա` Հայաստանի իշխանությունը ստիպված է լինելու ճշգրտել դրա ազդեցությունը Ռուսաստանի իշխանության շահի հետ:

Իսկ որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունների գերին չմնալ, հարկավոր է արդեն իսկ Իրանի հետ հարաբերությունների նոր որակ ու մակարդակ հաղորդել, որպեսզի ապագայում ստիպված չլինենք միայն հայտարարել, թե Իրանի հետ ունենք փոխշահավետ հարաբերություններ` առանց կոնկրետ ձեռքբերումների:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: