Ի՞նչ կարող է առաջարկել այսօր Ռուսաստանը

Jan 17, 2016 Comments Off on Ի՞նչ կարող է առաջարկել այսօր Ռուսաստանը

Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով բեռնափոխադրումների մրցունակ, արտոնյալ սակագների հաստատման մասին։

Արձանագրությունը ստորագրել են «Ուկրաինական երկաթուղիներ» ընկերության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Զավգորոդնին, «Վրացական երկաթուղիներ»-ի ղեկավար Մամուկա Բախտաձեն, «Ղազախական երկաթուղիներ»-ի ղեկավար Ասկար Մամինը և «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովը։ Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այն նախատեսում է նաև տվյալ երթուղով գնացքների շարժի դյուրացում բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու համար։ Նմանատիպ երկկողմ արձանագրություն ստորագրել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը։

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց են տարբեր ֆորմատներում համագործակցության տարբեր ոլորտներում խորացնում փոխգործակցությունը: Սակայն այս ֆորմատը ինքնին ուշագրավ է, քանի որ այն առավելապես հակառուսական կարող է համարվել, և դրանում Ղազախստանի ներգրավումն էլ ավելի ուշագրավ է դառնում:

Ղազախստանի և Բելառուսի նախագահները սկսել են ավելի ու ավելի հետևողական քայլեր անել` ընդդեմ Մոսկվայի պատկերացումների ու ձգտումների, սկսած` ԵՄ-ի հետ հարաբերությունները, մինչև տարածաշրջանային համագործակցության այլ ուղղությունները:

Այս ամենը լրացուցիչ անգամ վկայում է ԵՏՄ-ի կայացման անհեռանկարային լինելը:

Մինչդեռ Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը շահագրգռված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմի ներդրման հարցում և պատրաստ է ավելի սերտ համագործակցություն հաստատել ինչպես ԵՏՄ-ի հետ, այնպես էլ Չինաստանից Եվրոպա Նոր մետաքսե ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին։ «Իրանը հատուկ հետաքրքրվածություն ունի ՇՀԿ-ի անդամների տնտեսական հեռանկարային նախագծերի հանդեպ, ինչպիսիք են ԵՏՄ-ն ու Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտին, և կցանկանար մասնակցել ու իր դերն ունենալ երկու նախագծերում էլ։

Իրանը շահագրգռված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալում և կարծում է, որ այդ միության հետ ավելի սերտ կապեր հաստատելը կարող է հիմք ծառայել այդ միավորման կազմում գտնվող երկրների հետ տնտեսական համագործակցության զարգացման համար։ Իրանը նաև մշտապես կարևոր դեր է խաղացել Հին մետաքսե ճանապարհի տարածաշրջանում։ Եվ այդ պլանում մենք աջակցում ենք Մետաքսե ճանապարհի նախագծին»,- ասել է Սանաին։

Այն, որ Իրանն ու ԵՏՄ-ն աշխատանքներ են սկսում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, հայտնի դարձավ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին։ Անշուշտ, Ռուսաստանը կուզենար այդ կառույցն ընդլայնել: Իսկ Իրանը, որոշակիորեն պետության շահից ելնելով, կարող է փոխշահավետ համաձայնությունների գալ Ռուսաստանի հետ:

Ի դեպ, Իրանի իշխանությունները դիտարկում են միակողմանի կարգով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային. «Դա լուրջ առաջարկ է։ Իրանի իշխանությունները քննարկելու են տվյալ հարցը և հաստատապես աջակցելու են դրան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մտադիր է մեծացնել Ռուսաստանից զբոսաշրջիկների ներհոսքը»։

Իրան-Արևմուտք, Իրան-Ռուսաստան արդյունավետ համագործակցության հարցում, Իրանն, միանշանակորեն խաղում է որպես նոր ազդեցիկ տարածաշրջանային «խաղացող»: Այլ հարց է, թե որքան է այսօրվա Ռուսաստանը հետաքրքիր ու ինչ կարող է առաջարկել նոր գործընկերներին առհասարակ:

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: