Վարչապետի հետ ի՞նչ է քննարկում ԲՀԿ պատգամավորը

Jan 14, 2016 Comments Off on Վարչապետի հետ ի՞նչ է քննարկում ԲՀԿ պատգամավորը

«2016 թվականը նախընտրական տարի է լինելու, և այն քաղաքական ուժերը, որոնք 2017 թվականին ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, պետք է զբաղվեն իրենց քաղաքական վարկանիշով»,- այսօր` հունվարի 13-ին  հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Չկա ռեալ ուժ, որն իշխանափոխություն առաջադրի եւ ժողովրդի մոտ վստահություն ներշնչի: Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, ապա կարծում եմ, որ այսօրվա խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը բոլորն էլ ակնկալիք ունեն՝ լինել հաջորդ խորհրդարանում: Դա վերաբերում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը երկրորդ ուժն է խորհրդարանում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Միքայել Մելքումյանն նշեց, թե չի կարծում, որ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը շատ լուրջ ակնկալիք ունեն խորհրդարանում լինելու:

«Մինչև 2017 թվականը քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չեմ տեսնում, բևեռացած պայքար էլ չի լինի՝ թեժ գարուն, թեժ աշուն, և նման թեժացումներ չեն լինելու: Կարծում եմ, որ քաղաքական ուժերը գնալու են մարզեր, քանի որ տարին նախընտրական է լինելու»,- նշեց պատգամավորը:

ԲՀԿ պատգամավորը նկատում է, թե քաղաքական ուժերի մի մասը դեռ պետք է կողմնորոշվի՝ ավելի ձեռնտո՞ւ է մնալ ընդդիմություն, ժողովրդին հաճոյանալով առաջ գնալ, թե՞ մաս կազմել իշխանության եւ կիսել այդ բեռը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ միայն պետք է ժողովրդահաճո հայտարարություններ անելով քաղաքական ուժերը փորձեն միավորներ շահել:

Մելքումյանը  կարծում է, որ քննադատելուն զուգահեռ՝ նաեւ կառավարության հետ պետք է աշխատել` կիսվել սեփական առաջարկներով, ծրագրերով. «Օրինակ` ես իշխանության, վարչապետի հետ միշտ խոսում եմ, նախագծեր եմ տանում, քննարկում ենք որոշ հարցեր»,-ընդգծեց Միքայել Մելքումյանը:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: