Աթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Չերչյանն է

Jan 10, 2016 Comments Off on Աթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Չերչյանն է

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության էսքիզի հեղինակը հայազգի մաթեմատիկոս եւ գեղագիր Հակոբ Վահրամի Չերչյանն է: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ YeniAkit թերթի կայքը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով թուրքական իրականության մեջ հազվադեպ բարձրաձայնվող այս փաստին:

Հոդվածում նշվում է, որ 1934թ. Թուրքիայում ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո, երբ Մուսթաֆա Քեմալը ընդունեց Աթաթուրք ազգանունը, հայ գեղագիր Հակոբ Չերչյանը 24 ժամվա ընթացքում Մուսթաֆա Քեմալի նոր ազգանվանը համապատասխան ստորագրության օրինակ ստեղծելու պատվեր ստացավ:

Չերչյանը, որն ավելի քան 50 տարի թվաբանություն, աշխարհագրություն և գեղագիտություն էր դասավանդել Պոլսի Ռոբերտ քոլեջում (ներկայումս Բոսֆորյան համալսարան), Աթաթուրքի համար ստորագրության հինգ տարբերակ ստեղծեց: Մուսթաֆա Քեմալը նրա էսքիզներից մեկն ընտրեց որպես վերջնական տարբերակ և այդուհետ օգտագործեց միայն այդ ստորագրությունը:

Ինչպես տարբեր առիթներով լրատվամիջոցներին և իր ուսանողներին պատմել է ստորագրության հեղինակը՝ Հակոբ Չերչյանը, պատվերը կատարելուց հետո նա Աթաթուրքից հատուկ շնորհակալական նամակ է ստացել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: