Մեկնարկային թույլ դիրքեր Փաշինյանի համար

Jan 12, 2019 Comments Off on Մեկնարկային թույլ դիրքեր Փաշինյանի համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջարկ են արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով. «Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»:

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը: «Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն հաջորդ հանդիպման ամսաթվի մասին տեղեկատվություն կտրամադրվի, երբ ժամանակը գա»,- Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:

Այն, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո միջնորդները փորձելու են ակտիվացնել բանակցային գործընթացը՝ պարզ էր: Վերջին ամիսը նշանավորվեց նրանով, որ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին բազմաթիվ հայտարարություններ անել՝ ի պատասխան Հայաստանում հնչող քննադատության, որ ԼՂ խնդրում անհարկի լավատեսություն է ցուցաբերվում՝ որպես հիմք ներկայացնելով Դուշանբեի վերալակային համաձայնությունը:

Այն, որ այդ «համաձայնության» ընդամենը Ադրբեջանի կողմից քայլ է՝ ապագայում ավելին ստանալու համար, հազիվ թե որևէ մեկը կասկածում է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում բավական հստակ հայտարարեց, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է: «Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ասել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ-ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից:

Ահա, եթե Ալիևը կրկին սպառնում է, որ կշարունակեն հզորացնել բանակը, ավելին՝ իր ռազմատենչ հայտարարություններով միաժամանակ պնդում է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել. «Հույս ունեմ, որ 2019-ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊ ասել էր նա՝ առանց հավելյալ մանրամասների:

Այս պայմաններում միջնորդները փորձում են ակտիվացնել բանակցությունները: Մեկնարկային դիրքում ստացվել է այնպես, որ գոնե քարոզչական տեսանկյունից, Ալիևը «ամրապնդել» է դիրքերը: Համենայնդեպս, կարողացել է ֆոն ապահովել, թե այդ Ադրբեջանն է հայկական կողմից սպասում քայլեր, զիջումներ:

Մինչդեռ մերոնք՝ բավարարված Դուշանբեի պայմանավորվածություններով, պարզ չէ, թե ինչ են որպես զիջող քայլ օրինակ ստանալու բանակցությունների ժամանակ, երբ Փաշինյանն առաջիկայում դեմ առ դեմ նստի բանակցելու Ալիևի հետ: Միայն Դուշանբեի «խոստումը», որ սահմանում հարաբերական անդորր կլինի՞…

Հավելենք, որ Ալիևն առաջին անգամ չէ, որ ռազմատենչ ու անզիջում հայտարարություններով հանդես եկավ, սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանը Ալիևի այդ հայտարարություններին չի անդրադառնում: Թե ինչով են կաշկանդված՝ անհասկանալի է:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: