Ինչո՞վ է Փաշինյանը կաշկանդված և ինչու՝ պատրաստակամ

Dec 18, 2018 Comments Off on Ինչո՞վ է Փաշինյանը կաշկանդված և ինչու՝ պատրաստակամ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օրերս գրեթե միաժամանակ անդրադարձել են ղարաբաղյան խնդրին` Թվիթերի իրենց էջերում:

«2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը», – գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նշել է` հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»:

Եթե այս գրառումներին հավելենք օրերս Բաքու մեկնած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի որոշ անկեղծացումները, ապա ամեն ինչ, կարծես, «տեղն է ընկնում»:

Հիշեցնենք,  Լավրովը Բաքվում ոչ ավել, ոչ պակաս ասաց, որ ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Լավրովը լրագրողներին պատմել էր, որ երեկ նա երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հավելել է, թե Ալիևը անկեղծ ուզում է վերականգնել և շարունակել բանակցությունները Ղարաբաղի շուրջ և արդյունավետ լուծում գտնել։ Եվ Ռուսաստանը, որպես Ադրբեջանի և Հայաստանի մտերիմ գործընկեր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար։

Ուշադրություն դարձրեք՝ «փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար» արտահայտությանը:

Լավրովն ուղիղ Բաքվում ասում է, որ կփորձենք գտնել՝ «նոր կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ձևակերպել կոնսենսուսը»:

Ակնհայտ է, որ Լավրովը Բաքվում բանակցությունների ընթացքում կենտրոնացել է հենց ԼՂ խնդրի վրա։ Այսինքն, պաշտոնական Մոսկվան ստանձնում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու գործին:

Սա ոչ ավել, ոչ պակաս նոր հայտ է Ռուսաստանի կողմից, մյուս կողմից էլ Ալիևն արձանագրում է, թե հիմա բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, իսկ մյուս կողմից սպառնալով, որ Բաքուն «կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն»:

Եվ ի՞նչ… Փաշինյանն այս պայմաններում արձանագրում է, թե պատրաստ է խաղաղ բանակցությունների, կարծես արձանագրելով, որ ինքն էլ է գիտակցում, որ մոտ ապագայում հենց հայկական կողմից են «շահագրգիռ կողմերն» հայկական կողմից ակնկալելու քայլեր: Մի կողմից նա ասում է՝ առանց Ստեփանակերտի ոչ մի բանակցություն, մյուս կողմից, կարծես ստանձնել է   Բաքվի ու Մոսկվայի ազդարարած «բարենպաստ» մթնոլորտի ձևավորմանը:

Եվ ի դեպ, հատկանշական է, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի նախագահի՝ ընդդեմ Հայաստանի արված հայտարարություններին: Ինչու՞…

Դա էլ է՞ «վերալակային հանդիպման» արդյունք, թե՞ այլ հանգամանքներ են խանգարում Փաշինյանին քննադատել Ալիևի՝ «Հայաստանը մեկուսացնելու», «գրավյալ տարածքներն ազատագրելու» վերաբերյալ հայտարարություններին:

Այդ ո՞ր օրվանից է սկսել պաշտոնական Երևանը ուշադրություն չդարձնել Ադրբեջանի նախագահի պաշտոնական հայտարարություններին, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորմանը, ավելին՝ դրանք փակուղի են մտցնում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: