ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

Dec 11, 2018 Comments Off on ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Հաղթող ուժը երեկվանից ստանում է առաջին շնորհավորանքները: Դրանք գալիս են մեր մայրցամաքի արևմտյան հատվածից ու օվկիանոսի այն կողմից, բայց ոչ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրներից:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է, Մերկելը արձագանքել է, ԵՄ-ից արձագանքել են, բայց Մոսկվան, Մինսկը, Աստանան, Դուշանբեն և Բիշկեկը լուռ են: Սպասում են Մոսկվային ու նաև ցույց տալիս իրենց իրական վերաբերմունքը փաշինյանական Հայաստանի նկատմամբ:

Պարզ է, որ այսօր, վաղը կամ մյուս օրը Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն ու մյուսները կարող են զանգել կամ հեռագիր ուղարկել Նիկոլ Վովաևիչին և շնորհավորել, բայց փաստն այն է, որ այն վերպետական ու անվտանգության կառույցները, որոնց անդամակցում է ՀՀ-ն և որոնց անդամ պետությունների ղեկավարների հետ, ըստ Փաշինյանի, ամեն ինչ «OK» է (հատկապես՝ Պուտինի), չեն նկատում մեզանում տեղի ունեցած ընտրությունները և Փաշինյանի հաղթանակը: Իսկ դա վերաբերմունք է: Վերաբերմունք, որը պետք է մեզ լրջորեն մտահոգի:

Գիտեմ, որ կլինեն մարդիկ (նրանք, թերևս, շատ են՝ 800 հազարի կարգի), ովքեր կասեն, թե բա ջհանդամիս շնորհավորեն ԵԱՏՄ անդամ պետությունները, թե բա կարևորը մենք «դուխով»ենք, թե բա մեզ դաշնակիցներ պետք չեն, բայց սթափ մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն այս ամենով:

Եթե թիվ մեկ ռազմավարական դաշնակից ՌԴ-ից տաք հետքերով շնորհավորանք չի գալիս, իսկ պրոկրեմլյան մամուլը հետընտրական վերլուծություններ է ներկայացնում՝ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցածը գնահատելով պետական հեղաշրջում, ապա դա խնդիր է:

Երբ Փաշինյանին անկյունում են նստեցնում կամ դահլիճում հատկացնում են պետության ղեկավարների համար նախատեսված շարքի նվաստացուցիչ վերջին տեղը, իսկ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի ղեկավար Ալիևին նստեցնում Պուտինի կողքը, ապա դա վերաբերմունք է և քաղաքականություն: Նման ժեստերից հետո են գալիս արկերի ու փամփուշտների ձայները:

Պարզ է, որ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է ու մեր ժողովուրդը, բայց առանց դաշնակիցներ հնարավոր չէ գոյատևել այս բարդ տարածաշրջանում:

Փաշինյանին չհաջողվեց այս ամիսների ընթացքում այնպես աշխատել դրսի ու մասնավորապես՝ Մոսկվայի հետ, որ հաներ բոլոր կասկածները Հայաստանում արևմտյան դավադրության մասով: Ու չի էլ հաջողվելու, քանզի կամա թե ակամա ամեն ինչ անում է, որպեսզի Կրեմլում խորանան կասկածները: Իսկ դա վտանգավոր է այն առումով, որ այս ամենի ֆոնին ուժեղանում է ադրբեջանական լոբբին ՌԴ-ում:

Ռուսաստանում Հայաստանի մասով դեռ պահպանվում է իներցիան, քանզի այստեղ նրանք ռազմաբազա ունեն, բայց եթե Փաշինյանը ներքին կյանքում շարունակի կոպիտ սխալները, ապա իներցիան կարող է վերանալ՝ բոլոր վտանգավոր հետևանքներով:

Ի դեպ, Բաքվում շատ լավ տեսնում ու հաշվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես նաև ակտիվորեն աշխատում են ՌԴ-ի բոլոր շրջանակների հետ, իսկ մենք հիմա ունենք մի խորհրդարան, որին ՌԴ-ի հետ կապող միակ օղակը ԲՀԿ-ն է, բայց դե դա, ինքներդ էլ հասկանում եք, որ անլուրջ օղակ է:

Քաղաքականությունը «դուխ» պահանջում է, բայց նախևառաջ խելք է պահանջում, ինչի բացակայությունը իշխող ուժի բազմաթիվ անդամների մոտ ակնհայտորեն երևաց և՛ հեռուստաբանավեճերի, և՛ նրանց քայլերի, և՛ ընդունած որոշումների ժամանակ: Բայց դե սա՛ է եղել մեր ժողովրդի ընտրությունը: Պետք է հարգել այդ որոշումը, բայց միևնույն ժամանակ այնպես անել, որ ժողովուրդն ինքն իր որոշումից չտուժի: Կստացվի, թե ոչ, կերևա շատ մոտ ապագայում:

7or.am

Պետրոս Ալեքսանյան

96ae76fcf6f18afb3d052d732e35a721 1.thumb

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: