«Վստահելի ընկերների» նոր խոստովանությունները

Nov 20, 2018 Comments Off on «Վստահելի ընկերների» նոր խոստովանությունները

Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններ է կառուցում՝ անկախ այլ երկրների կողմից որևէ մեկին օգուտ չբերող ճնշումների, երեկ հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ծովային հատվածի ավարտին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստամբուլում:

Միջոցառմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թուրքիան երբեք Ռուսաստանի հետ հարաբերություններին չի մոտեցել՝ ելնելով այլ երկրների պահանջներից: Իրավիճակները, որոնց դեպքում խախտվում են պետությունների ինքնիշխան իրավունքները, ոչ մեկի օգուտ չեն բերի: Մեզ համար Ռուսաստանը երկարաժամկետ վստահելի ընկեր է և գազի կարևոր մատակարար: Մեր միջև ջերմ և սերտ հարաբերությունները, որոնք հիմնվում են փոխօգնության վրա, կարևոր կշիռ ունեն ապագայի համար»,- ասել է Էրդողանը:

«Թուրքական հոսք» ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուրը 15.75 միլիարդ քառակուսի մետր հզորությամբ երկու գծից կազմված գազամուղի կառուցում: Առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողների մատակարարման համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար:

«Թուրքական հոսքով» գազամատակարարումը նախատեսվում է մինչև 2020թ. հունվարի մեկը: Պուտինը հույս է հայտնել, որ եթե գազատարի ցամաքային հատվածի կառուցման աշխատանքները տարվեն նույն տեմպերով ինչ ծովայինը՝ ապա կավարտվեն մինչև 2019թ.:

Այսպիսով, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թուրքական հոսքի» շինարարական աշխատանքների ավարտի արարողության ժամանակ գազատարի ծովային մասի վերջին հատվածի տեղադրման հրաման են տվել:

Ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկան` աշխարհաքաղաքականից առևտրատնտեսական է հասնում՝ նախանձելի արագությամբ: Պուտին-Էրդողան հանդիպումները տարվա կտրվածքով հասնում են մի քանիսի: Առմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում լարվածությունն էլ ավելի է մտերմիկ դարձնում Պուտին-Էրդողան հարաբերությունները, և դրանց կոնտեքստում՝ Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունները՝ բոլոր մակարդակներում:

2018 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում 5,1 միլիոն ռուսաստանցիներ են այցելել թուրքական առողջարաններ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին «Թուրքական հոսք» գազատարի ծովային ճյուղի շինարարության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավելել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները զարգանում են շատ դրական միտումով: Մասնավորապես, Էրդողանը նշել է Աքքույու ԱԷԿ-ի շինարարության մասին: Նա նաև նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կազմում է 30 մլրդ դոլար: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ կողմերը մտադիր են այն հասցնել 100 միլիարդ դոլարի:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: