Ասֆալտին փռելու օպերացիա Աստանայում. ինչպե՞ս է իրեն զգում Փաշինյանը

Nov 11, 2018 2 Comments

Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված էր Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:

Նազարբաևը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: «Մեզ մոտ հայացքների բախում է առաջացել` կապված նրա հետ, որ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը հետ է կանչվել։ Ես չեմ ասի, թե ինչ պատճառներով, դա հայկական կողմի գործն է։ Մեզ մոտ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է: Մնացել է պաշտոնավարման մեկ տարի, և ՀՀ նոր ներկայացուցիչը չի հասցնի արդյունավետ զբաղվել իր գործով»,- ասել է Նազարբաևը՝ նշելով, որ այբբենական հերթականությամբ հաջորդը Բելառուսի հերթն է, հետևաբար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի պատվիրակը:

Նազարբաևի խոսքերով՝ դեկտեմբերի սկզբին կլինի նոր քննարկում, որի ժամանակ էլ կընտրվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը: Ավելի ուշ՝ Ռուսական «Կոմերսանտը», հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել է, որ ՀԱՊԿ–ում քննարկվել է գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որպես հյուր հրավիրելու գաղափարը։ Գաղափարի հեղինակը եղել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, նրան աջակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նշվում է, որ Ալիևը պատրաստ է եղել այցելել Աստանա, բայց այդ գաղափարին կտրուկ դեմ է եղել հայկական կողմը։

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը Աստանայում ստիպված է եղել հակամարտել ողջ նախագահության հետ, բայց անպտուղ: Հայաստանի նոր ներկայացուցչի ընտրության հարցը փակված է։ Կասկածից վեր էր, որ ՀԱՊԿ նախագահության անդամները չէին ընդունելու Հայաստանի կողմից առաջադրված որևէ թեկնածուի: Հայաստանի նոր իշխանության առաջադրած  թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էր, որը յուրային է համարվում ռուսական ռազմաքաղաքական շրջանակներում։ Բայց այս պարագայում էականը ոչ թե թեկնածուի անձն է, այլ Հայաստանի ներկա ղեկավարության նկատմամբ անվստահության վերաբերմունքի դրսևորումը:

Այդ անվստահությունն ակնհայտ էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց անմիջապես հետո: Այն ժամանակ ՀԱՊԿ նախագահությունը ամենաբարձր մակարդակով միջնորդել էր Հայաստանի վարչապետին՝ ազատ արձակել Խաչատուրովին: Իսկ ՌԴ արտգործնախարարը բացահայտ քննադատեց Խաչատուրոբվի դեմ գործ հարուցելու քայլը:

Ինչևէ, Հայաստանը դառնում է առաջին երկիրը, որը ժամանակից շուտ ստիպված է հրաժարվել ՀԱՊԿ նախագահության իրավասությունից: Սա դիվանագիտական ապտակ է Հայաստանի իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեսին: Պետությունն ըստ էության քաղում է Փաշինյանի չմտածված և անհավասարակշիռ քաղաքականության պտուղները: Հայաստանի շուրջ ստեղծվում է վտանգավոր և ռիսկային ռազմաքաղաքական մթնոլորտ: Հայաստանի դիրքերը ակնհայտորեն թուլացել են ՀԱՊԿ-ում: Ակնհայտ է, որ Մոսկվան որոշել է չաջակցել Հայաստանին, ավելին՝ ստեղծված իրավիճակում տպավորություն է ստեղծվում, թե ՀԱՊԿ-ում փորձել են կարգի հրավիրել Հայաստանի վարչապետին, և դա եղել է համատեղ որոշում: Ի վերոջ ՀԱՊԿ-ը այն կառույցը չէ, որի նախագահին կարելի է որպես քրեական հանցագործ ձեռնաշղթա հագցնել և բանտախուց տանել:

Փաշինյանը ժամանակին չհասկացավ, որ Խաչատուրովին մեղադրելով, դուրս է գալիս ՀԱՊԿ-ի և այնտեղ գտնվող երկրների դեմ: Այս պարզ նրբությունը թերևս հասկացել էր միայն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ով գաղտնալսված հայտնի հեռախոսային զրույցում այդ մասին ասում էր կալանքի որոշմամբ ոգևորված ՀՔԾ պետին: Բայց ԱԱԾ պետի զգուշացումը, փաստորեն, անտեսվել էր: Եվ այսօր արդեն պարզ է, որ հեղափոխական արկածախնդրության գինը, եթե ձևակերպելու լինենք հեղափոխական բառապաշարով,  ասֆալտին փռված ռազմական դիվանագիտությունն է:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

2 Անդրադարձ “Ասֆալտին փռելու օպերացիա Աստանայում. ինչպե՞ս է իրեն զգում Փաշինյանը” հրապարակմանը

  1. Գնել says:

    Հայկ դու քեզ դրել ես քաղաքական մեկնաբանի տեղ,բայց ապուշ բաներ ես գրում,համարիր, որ Դուխով ՆԻԿՈԼԸ քո վարչապետը չէ,քոնը Սերժն է,որ լեզուն կապ ընկած, գլուխը կախ, լսում էր թե Նազարբաևը ոնց է կարդում Ալիևի նամակը ու չարախնդում

  2. ԱնունAGOB says:

    aha vasik nkolin urichnerun poraj pos ink a ingav mej